Խորհրդարանը չի արտացոլում քաղաքական տրամադրությունները. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ-ականները բավական ծանր են տարել ԱԺ-ն լուծարելու օրենսդրական հիմքեր ստեղծելու նպատակով սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու մտադրության մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը: ՀՀԿ-ականները հայտարարեցին, թե վարչապետն այսպես փորձում է պահել իր իշխանությունը, վերարտադրվել: Անգամ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հանդես եկավ հայտարարությամբ` ասելով, թե վարչապետի խոսքերն օրենսդիր իշխանության նկատմամբ ակնհայտ ճնշում եւ պարտադրանք է: Նիկոլ Փաշինյանի մեկնաբանությունները չուշացան:

«Շատ կարեւոր է, որ բոլոր քաղաքացիները, այդ թվում՝ ԱԺ պատգամավորները, քաղաքական գործունեության բովանդակությունը ճիշտ ընկալեն եւ հավելյալ մտավախություններ, վախեր չունենան»,- ասել է նա: Միաժամանակ խոսելով սահմանադրական փոփոխությունների մասին՝ վարչապետն ասել է, թե այդ գործընթացն ինքնանպատակ չէ, կարող են լինել այլ լուծումներ, որոնք այդ հարցերը օրակարգից կհանեն: «Դա տարբերակներից մեկն է, կարող են լինել այլ տարբերակներ, բայց որեւէ պարագայում որեւէ գործողություն, մտադրություն, քայլ չի կարելի դուրս դնել Սահմանադրությունից»:

Մինչ կառավարությունը կորոշի` ի՞նչ տարբերակով պետք է կազմակերպել խորհրդարանի լուծարումը, արձանագրենք. ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացումը Հայաստանում չունի այլընտրանք: Եւ սա մի պարզ պատճառով. գործող խորհրդարանը վաղուց ի վեր չի արտացոլում քաղաքական դաշտի իրական պատկերը, չի արտահայտում ժողովրդի տրամադրությունները: ԱԺ-ում ամենամեծ խմբակցությունը գործադիր իշխանությունից համաժողովրդական ընդվզման արդյունքում հեռացված կուսակցությունն է՝ ՀՀԿ-ն: Մինչդեռ հասարակության համակրանքը հիմա միանգամայն այլ ուժի կողմն է:

Ու բացի այդ` նկատենք, որ Հայաստանում շարունակվում է ներքաղաքական սահմանադրական ճգնաժամը. ՀՀԿ-ն իրեն հայտարարել է ընդդիմություն, սակայն շարունակում է մնալ օրենսդիր իշխանության ղեկին: Այս երեւույթը քաղաքագիտական, քաղաքական նոնսենս է. իրեն ընդդիմադիր հայտարարած ուժը չի կարող օրենսդիր մարմնում իշխանություն ունենալ, եւ վերջ:

Այնպես որ, սահմանադրական փոփոխությունները եւ դրանց արդյունքում արտահերթ ընտրությունների անցկացումը ՀՀ-ում ներքաղաքական եւ սահմանադրական ճգնաժամը լուծելուն միտված քայլեր են, որի արդյունքում շահելու է պետությունը: Ու որքան էլ ՀՀԿ-ականների համար ծանր լինի այս իրողության հետ հաշտվելը, միեւնույն է` վաղ, թե ուշ խորհրդարանը պետք է լուծարվի, ու ԱԺ արտահերթ ընտրություններ պետք է կայանան:




Լրահոս