Քոչարյանի հետ համագործակցության պատրաստ Շարմազանովը նախկինում քննադատում էր նրան. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ-ն պատրաստ է համագործակցել Ռոբերտ Քոչարյանի հետ. այդ մասին հայտարարել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Նա ունի բարոյական, իրավական եւ քաղաքական իրավունք քաղաքականությամբ զբաղվելու համար: Կարծում եմ՝ նա կզբաղվի քաղաքականությամբ, արդեն զբաղվում է»,- ասել է ՀՀԿ-ական գործիչը:

Շարմազանովի այս հայտարարությունը միանգամայն սպասելի էր: ՀՀԿ-ի (ասել է թե` Սերժ Սարգսյանի) եւ Ռոբերտ Քոչարյանի շահերն այսօր կրկին համընկնում են: Այժմ նրանց միավորում է մարտի 1-ի քրեական գործը, որն ինչպես հայտնի է, հարուցվել է 2008թ. սահմանադրական կարգի տապալման մեղադրանքով: ԵՒ այս իրավիճակում նրանք ինքնապաշտպանության բնազդից դրդված ստիպված են համագործակցել ու ճակատագրի բերումով միասին պայքարել: Միայն թե, նկատենք, ՀՀԿ-ի անունից Քոչարյանի հետ համագործակցության պատրաստակամության մասին հայտարարում է Շարմազանովը, երբ ոչ վաղ անցյալում ԱԺ փոխնախագահը ՀՀ երկրորդ նախագահի քննադատներից մեկն էր:

Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին Քոչարյանը ժամանակ առ ժամանակ հանդես էր գալիս իշխանության հասցեին քննադատություններով, ու Շարմազանովն առաջինն էր հակադարձում նրան հաճախ կոպիտ բառապաշարով:
Մի քանի հիշեցումը, թերեւս, չէր խանգարի: 2015թ. հոկտեմբերին Քոչարյանը քննադատել էր սահմանադրական փոփոխությունների գործընթացը` որակելով այն մեծ սխալ, արատավոր համակարգի վերարտադրման գործիք: Եւ Էդուարդ Շարմազանովը փորձել էր սարկազմով հակադարձել, թե «Հարցազրույցում շատ ավելի ոսկեղենիկ ու մաքրամաքուր հայերեն էր գործածած՝ հարատեւ չարիք, լճացման աղբյուր, արատավոր համակարգ եւ ոչինչ չփոխելու տեսլական։ Բայց հարցազրույցը, իմ կարծիքով, ուներ անկյունաքար։ Չի կարելի փոխել Սահմանադրությունը, որովհետեւ արատավոր համակարգի վերարտադրման գործիք է։ …Հետաքրքիր է ի՞նչ խաղի կանոնների պայմաններում եւ ե՞րբ է առաջացել այդ արատավոր համակարգը»։

Ավելի վաղ՝ 2012թ. նոյեմբերին, երբ Քոչարյանը, խոսելով ԸՕ նախագծի մասին, մատնանշել էր մեծամասնական ընտրական համակարգի թերություններն ու արատները, տարածքների ֆեոդալականացումը, նույն Շարմազանովը հակադարձել էր, թե նման դատողություններն իրատեսական չեն:
2013թ. հունվարին էլ արձագանքելով քաղաքականություն վերադառնալու հավանականության մասին Քոչարյանի հայտարարություններին` Շարմազանովն ասել էր. «Անկախ նրանից, ով կառաջադրվեր, պայքարը գնալու էր երկրորդ տեղի համար»:
Ու հիմա, երբ այսքանից հետո այսօր ՀՀԿ-ական գործիչը խոսում է Քոչարյանի հետ համագործակցության հեռանկարի մասին, մեղմ ասած, զարմանալի է: Զարմանալի, բայց եւ միեւնույն ժամանակ, ամեն ինչ շատ պարզ է:




Լրահոս