Մեզ բոլորիս քաջ հայտնի է` ովքեր և ինչ մեթոդներով են շարունակաբար հայտնվել ԱԺ-ում. Հայկ Կոնջորյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին ԱԺ-ում քննարկվեց, եւ երեկ ընդունվեց ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է խստացնել ընտրական հանցագործությունների համար պատիժը. խոսքն, առաջին հերթին, ընտրակաշառք բաժանելուն եւ ստանալուն է վերաբերում:

Եւ նախօրեին, երբ նախագծի քննարկումների ժամանակ «ԵԼՔ» դաշինքի պատգամավոր Հայկ Կոնջորյանն իր ելույթում ասել էր, թե ԱԺ դահլիճում նստած են նաեւ կաշառք բաժանողներ: Այս հայտատարութանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Էդուարդ Շարմազանովը` Կոնջորյանի ելույթը անվանելով անպատասխանատու:

«Իմ գործընկերներից մեկը ընտրակաշառքի, խախտումների մասին հայտարարություն արեց, երբ որ ես իրեն հորդորեցի, որ մի հատ անուն հնչեցնի, մի հատ անուն չկարողացավ հնչեցնի: Էդ անպատասխանատու հայտարարություններին վերջ տվեք: Կոնկրետ ինչ կա, ասեք»,- ասել է Է. Շարմազանովը:

Հատկանշական է, որ հուլիսի 17-ի հանրահավաքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատգամավորներին կոչ էր արել խոսելուց առաջ մտածել: Ուստի, «Ժողովուրդ» օրաթերթը երեկ Հայկ Կոնջորյանից հետաքրքրվեց` արդյոք ինքն ունի՞ ընտրակաշառքի մասին փաստեր, եւ ինչպե՞ս է վերաբերվում Շարմազանովի հայտարարություններին, երբ իր խոսքերը որակեց իրականություն կեղծել:

«ժողովրդին եւ մեզ բոլորիս քաջ հայտնի է, թե ովքեր եւ ինչ մեթոդներով են շարունակաբար հայտնվել ԱԺ-ում, պետական տարբեր պաշտոններում: Պարոն Շարմազանովը բոլորից էլ լավ գիտի ճշմարտությունը: Ես չեմ պատրաստվում նրան ապացուցել մի բան, ինչի մասին հանրությունը հոյակապ գիտի»,- ասաց նա` այդպես էլ չհնչեցնելով որեւէ անուն:

Լուսինե Մինասյան




Լրահոս