Գյումրիի բազալտե եզրաքարերի տեղադրման գործընթացը կասեցվել է. ինչ չարաշահումներ են հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրիում Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի ֆինանսավորմամբ մեկնարկած փողոցների շինարարական աշխատանքներում մի շարք թերություններ են արձանագրվել:

Նշենք, որ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը 23,8 մլն եվրո է տրամադրել Գյումրիի փողոցների բարեկարգման համար: Ծրագրի շրջանակներում 3 տարվա ընթացքում Գյումրիում կհիմնանորոգվի շուրջ 16 կմ ճանապարհ, իսկ փողոցները կլուսավորվեն խնայողական լամպերով: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ տեւական ժամանակ է, ինչ բազալտե եզրաքարերի շարման գործընթացը կասեցված է: Պատճառը ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանի ընտանիքին պատկանող «Սիսիանի ԲՈՒԱՏ» ընկերության կատարած անբարեխիղճ աշխատանքն է:

ՀՀ Շիրակի փոխմարզպետ Արա Մելիքջանյանի խոսքերով` այս պահի դրությամբ կարգավորվում են ոչ միայն բազալտե եզրաքարերի հետ կապված հարցերը, այլեւ ներքին ջրահեռացման համակարգերը: Անգամ ծրագրի աշխատանքներով զբաղվող աշխատանքային խմբի անդամներն են փոխվել: Իսկ աշխատանքային խմբի ղեկավարն է Շիրակի փոխմարզպետ Արա Մելիքջանյանը:

««Սիսիանի ԲՈՒԱՏ» ընկերությունը մի քանի փողոցներում շինարարական աշխատանքներ է իրականացնում: Այսինքն` մրցույթը շահած կազմակերպություններից մեկն է: Բայց ընկերությունը Գյումրիի Տիգրան Մեծի փողոցի 1.3 կմ հատվածում բազալտե եզրաքարերի տեղադրում է իրականացրել, որը չի համապատասխանում սահմանված ստանդարտներին: Այսինքն` ԳՕՍՏ-ին չի համապատասխանել: Տվյալ դեպքում ես, ստանձնելով աշխատանքային խմբի նոր ղեկավարի պարտականությունները, անմիջապես դադարեցնել եմ տվել շինարարական աշխատանքները: Մինչդեռ նախորդ խմբի անդամների կողմից երկու բազալտե եզրաքար դնելու դեպքում պետք է դա դադարեցվեր: Ոչ թե 1.3 կմ շարվեր, եւ մենք դադարեցնեինք»,- նկատեց Մելիքջանյանը:

Մեր զրուցակիցը փոխանցեց նաեւ, որ բացահայտված թերությունները, խնդիրները տեխհսկողին ներկայացվել է, ում կողմից եւ դիտարկում է արվել: Բացի այս, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ անցած շաբաթվա ընթացքում ե՛ւ «Սիսիան ԲՈՒԱՏ»-ի, ե՛ւ երեւանյան «ԱԱԲ» կազմակերպության բազալտե եզրաքարերը ուղարկվել են լաբորատոր փորձաքննության, որպեսզի պարզվի` արդյոք համապատասխանում են ԳՕՍՏ-ի ստանդարտներին, թե ոչ:

«Մենք վնաս չենք կրում, շինարարն է վնասը կրում, բայց իր մեղքով, որեւէ մեկն իրեն չի ասել, որ ԳՕՍՏ-ին չհամապատասխանող եզրաքար բերի, տեղադրի: Երբ շինարարը մրցույթը շահել է, ինքը գիտի, որ մասնակցելուց պետք է ապահովի տվյալ եզրաքարը, որը ԳՕՍՏ-ին համապատասխանում է: Եւ առաջացած հավելյալ ֆինանսական ռիսկերը իր անբարեխիղճ աշխատանքով է պայմանավորված, սա որեւէ կերպ չի զուգորդվում մեր աշխատանքի հետ»,- լրացրեց փոխմարզպետը:

Զրույցի ընթացքում փոխմարզպետն ասաց նաեւ, որ հիմնական ճանապարհաշինարարական աշխատանքները, որոնք ներկա պահին ծավալվում են Գյումրիում, ունեն էական խնդիրներ: Ըստ նրա` սա երկու գործոնով է պայմանավորված. «Սխալ պատվերով, այսինքն` պատվիրատուի կողմից ոչ ճիշտ տեխնիկական առաջադրանք է տրվել նախագծողին, որի հիման վրա կազմվել է նախագծանախահաշվային փաստաթղթերը, իսկ երկրորդը` այն նախագծերը, որոնք ներկայումս կան, որեւէ առերեսում չունեն իրականության հետ: Այսինքն` իրականության մեջ երբ համադրում ենք արված նախագծերը, հսկայական աշխատանքներ կան, որոնք նախագծում ներկայացված չեն: Սրանք իրենց հերթին բերում են լրացուցիչ նախագծային աշխատանքների, որոնք էլ իրենց հերթին առաջացնում են լրացուցիչ գումարային խնդիրներ»:

«Ժողովուրդ» օրաթերթի հարցին` «Սիսիանի ԲՈՒԱՏ» ընկերությունը կշարունակի արդյոք բազալտե եզրաքարերի շարման գործընթացը, փոխմարզպետը պարզաբանեց. «Պատվիրատուն Գյումրու քաղաքապետարանն է, ծրագրի իրականացման սուբյեկտը քաղաքապետարանն է, ինքն է կնքել պայմանագիրը, ինքն էլ պետք է որոշի: Բայց մենք այլեւս չենք հանդուրժում, որ շինարարը որեւէ մեկնաբանություն գտնի իր կատարած անորակ աշխատանքում, եւ դա ինչ-որ կերպ մենք հանդուրժենք: Այս պարագայում որեւէ հանդուրժողականություն չի լինելու»:

Ի դեպ, տեղեկացնենք, որ լաբորատոր փորձաքննության արդյունքերը դեռեւս չկան: Բայց Մելիքջանյանը վստահ է, որ դրանք չեն համապատասխանում ԳՕՍՏ-ի ստանդարտներին եւ չնայած սրան` ուղարկվել են լաբորատոր փորձաքննության:

Հիշեցնենք, որ «Սիսիանի ԲՈՒԱՏ» ընկերությունը պատկանել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանի ընտանիքին: Վերջերս լուրեր շրջանառվեցին այն մասին, որ Նաղդալյանը ընկերությունը վաճառել է ռուսաստանցի գործարար Կարեն Գրիգորյանին: Սակայն այս տեղեկությունը այդպես էլ պաշտոնապես չհաստատվեց: «Ժողովուրդ» օրաթերթը Արա Մելիքջանյանից հետաքրքրվեց` հնարավոր է բազալտե եզրաքարերի շարման գործընթացի կասեցումը պայմանավորված լինի Հերմինե Նաղդալյանի գործոնի հետ: Հարցին ի պատասխան` փոխմարզպետն արձագանքեց. «Բայց դա որեւէ կերպ եւ ոչ մի բանով չի կաշկանդում մեզ. որ կառույցը ուզում է լինի, ում ուզում է պատկանի, եթե շինարարական աշխատանքները անորակ են կատարվում, ուրեմն դրանք բերվում են ԳՕՍՏ-ի համապատասխանեցման եւ դրանից հետո նոր շարունակվում են: Բայց ես չեմ տիրապետում, թե այս պահի դրությամբ ում է պատկանում ընկերությունը»:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս