Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում այսօր բացվել է եզակի սարքավորումներով հագեցած «ՍՊՈՐՏ ԿԱԲ» գիտահետազոտական նորարարական կենտրոնը, որը ստեղծվել է ԿԳՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի իրականացրած «Կրթության բարելավում» վարկային ծրագրով՝ բուհին տրամադրված Նորարարությունների մրցակցային հիմնադրամի «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում մասնագիտական կրթության արդիականացում և բարելավում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում։
Կենտրոնի բացմանը ներկա են գտնվել ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը, պետական այլ գերատեսչությունների և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներ:
«Սա այն է, ինչ նոր կառավարությունը և ԿԳՆ նոր ղեկավարությունը ցանկանում են, այսինքն, որ բուհերը վերածվեն նաև գիտահետազոտական կենտրոնների: Եվ այս սարքավորումները դա թույլ են տալիս անել՝ հետազոտել մարզիկին տարբեր պարամետրերով, կատարել շտկումներ և բարելավել նրանց արդյունքները»,-կենտրոնի բացմանն իր տպավորություններով է կիսվել ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ ընդգծելով, որ նորաբաց կենտրոնը կօգնի բարձրացնել մարզիկների ցուցանիշները և բուհի վարկանիշը:
Լրագրողների խնդրանքով Արայիկ Հարությունյանն անդրադարձել է նաև հանրակրթական դպրոցներում «Ֆիզկուլտուրա» առարկայի դասավանդման խնդիրներին: «Ստեղծվել է աշխատանքային խումբ, որը քննարկում է ֆիզկուլտուրայի զարգացման տարբեր մոդելներ, քանի որ այսօր դրանք որոշ չափով անարդյունավետ են, այդ թվում նաև կապված դպրոցներում համապատասխան հզորությունների կամ դրանց բացակայության հետ: Ներկայումս կառավարությունը գույքագրում է իր բոլոր հնարավորությունները՝ դահլիճները, մարզական սրահները և այլն, որպեսզի օպտիմալ տարբերակներ առաջարկի՝ օգտագործելով այն ռեսուրսները, որ ունի, օրինակ, տվյալ համայնքը՝ տվյալ մարզաձևի առումով»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ խրախուսվելու է նաև մարզական խմբակների ստեղծում:
Նշենք, որ «ՍՊՈՐՏ ԿԱԲ» կենտրոնի բացումը ինստիտուտի որդեգրած քաղաքականության շարունակականության արդյունքն է, այն է` արդիականացնել և կատարելագործել ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և սպորտային բժշկության բնագավառում իրականացվող գիտական հետազոտությունները` ըստ առաջնային և նպատակային ուղղությունների: Ծրագիրը նախատեսում է համագործակցության իրականացման նոր մոդել մարզաձևերի ֆեդերացիաների, հավաքական թիմերի, մարզական և այլ շրջանակների հետ, որոնք բացառիկ հնարավորություն կունենան կենտրոնում իրականացնել հետազոտական աշխատանքներ, վերաչափել մարզիկների պատրաստվածությունն ու ուժերը մարզական կարևորագույն ստուգատեսերից առաջ:
Նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպել է նաև բուհի պրոֆեսորադասախոսական կազմի հետ, որի ընթացքում նախարարը կարևորել է բուհերի միջազգայնացման հարցը՝ հորդորելով ակտիվություն ցուցաբերել օտարերկրյա ուսանողների ներգրավման գործում: Ըստ նախարարի՝ նման հնարավորություններ ՀՀ բուհերն ունեն: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև բուհերի հավատարմագրման գործընթացին, որակի ապահովման գործում բուհերի հետազոտական բաղադրիչին, դպրոցներում ուսուցչի որակավորում չունեցող «Ֆիզկուլտուրա» առարկայի դասավանդողներին առնչվող այլ խնդիրների: