ՀՀԿ-ականները զբաղված են հանրությանը մոլորեցնելով. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ-ականներն ամեն ինչ անում են օտարկրյա պաշտոնյաների մոտ Հայաստանի նոր կառավարության նկատմամբ բացասական կարծիքներ եւ տրամադրություններ ձեւավորելու համար: Հասկանալի է` նրանք չեն կարող հաշտվել իրականության հետ, որ համաժողովրդական ընդվզման արդյունքում հեռացվեցին իշխանությունից:

Ու հիմա փորձում են վրեժխնդիր լինել վարչապետ Նիկոլ Փաշինյանից եւ նրա թիմից` այդ նպատակով առաջին իսկ պատահած օտարերկրացի պաշտոնյայի մոտ դժգոհելով: Օրինակ` ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը երեկ Եվրոպական հանձնաժողովի Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի եւ Արեւելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի հետ հանդիպմանն ասել է, թե Հայաստանի տնտեսական առաջընթացը կախված է բարեփոխումների իրականացումից, ոչ թե արտահերթ խորհրդարանական ընտրություններից:

Այնուհետեւ նա եվրոպացի պաշտոնյային ասել է, թե կառավարությունը մինչ օրս էական քայլեր չի ձեռնարկել Հայաստանում ներդրումային միջավայրի բարելավման, տնտեսության ազատականացման, Հայաստանի ներդրումային գրավչությունը բարձրացնելու ուղղությամբ, այդ թվում նաեւ ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում:

Հասկանալի է` օրերս ԱՄՆ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե կառավարության ամենակարեւոր խնդիրը նոր ներդրումներ ներգրավելն է: «Այդ նպատակով գնում ենք հարկային օրենսգրքի բարեփոխումների, անկախ դատական համակարգի հաստատմանը, քաղաքական կայուն վիճակի պահպանմանը, ինչի համար պետք է մոտ ժամանակներս անցկացնենք արտահերթ խորհրդարանական ընտրություններ»:

Հիմա ՀՀԿ-ականները փորձում են օտարերկրացի պաշտոնյաներին հակառակը համոզել` այդպես փորձելով հերքել Փաշինյանի թեզը: Միայն թե ՀՀԿ-ականներն իրենց հայտարարություններում, մեղմ ասած, ազնիվ չեն եւ փորձում են իրականությունը խեղաթյուրված ներկայացնել: Այդ ժանրից էր ՀՀԿ-ական պատգամավորի հայտարարությունը, թե կառավարությունն էական քայլեր չի ձեռնարկել ՀՀ-ում ներդրումային միջավայրի բարելավման, տնտեսության ազատականացման ուղղությամբ: Գաղտնիք չէ, որ տարիներ շարունակ ՀՀ-ում ներդրումների ներգրավման խոչընդոտները եղել են քաղաքական` աներեւակայելի չափերի կոռուպցիա, փայ մտնել, մենաշնորհներ: Ու Նիկոլ Փաշինյանն իր վարչապետության առաջին օրերից սկսեց պայքարել հենց այդ ուղղություններով. ասվածի ապացույցը տաբեր կոռուպցիոն բացահայտումներն էին, նաեւ տնտեսության ազատականացման ուղղությամբ քայլերը, երբ այսօր ցանկացածը կարող է ներկրմամբ զբաղվել: Այնպես որ, ՀՀԿ-ականները զբաղված են հանրությանը մոլորեցնելով:




Լրահոս