ԿԶԳՈՒՇԱՆԱՅԻ ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար նախ եւ առաջ պետք է լուծվի հայ-ադրբեջանական հակամարտությունը: «Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները չենք տարանջատում Հայաստան-Թուրքիա հարաբերություններից։ Այսինքն՝ Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունների կարգավորման համար նախ պետք է լուծվեն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եղած խնդիրները։ Այդ պարագայում Թուրքիան էլ կկարգավորի հարաբերությունները, հակառակը քիչ հավանական է»,- ասել է նա: Այս կապակցությամբ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՌԴ պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինի հետ:

-Պարո՛ն Զատուլին, Թուրքիայի մեջլիսի ղեկավարը հայտարարել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար առաջին հերթին անհրաժեշտ է, որ լուծվի հայ-ադրբեջանական կոնֆլիկտը: Բացի այդ` Յըլդըրըմը նշել է, որ իրենք չեն առանձնացնում Հայաստան-Ադրբեջան եւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները: Ի՞նչ եք կարծում՝ սա ճի՞շտ մոտեցում է:
-Ձեզ համար գաղտնիք չէ, որ երկար ժամանակ ե՛ւ Ադրբեջանում, ե՛ւ Թուրքիայում ինչ-ինչ պատճառներով պարբերաբար բարձրացնում են երկու երկիր-մեկ ժողովուրդ կարգախոսը: Համենայնդեպս, Բաքվում Հեյդար Ալիեւի ժամանակ էլ այս խնդիրը նորաձեւությունից դուրս չէր գալիս: Հայ-թուրքական արձանագրությունների չեղարկումից հետո Թուրքիայի կառավարությունը նշեց, որ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը հնարավոր է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումից հետո: Ես ոչ մի նոր բան չեմ տեսնում Թուրքիայի խորհրդարանի նախագահի ասածի մեջ: Այդ դիրքորոշումը բավական հայտնի է եւ Ադրբեջանին սատարումը, ցանկությունը բարեկամական կապեր խաղալու: Դրանք իսկապես կան: Իրականում դրանք երկու տարբեր ժողովուրդներ են, չնայած մոտ են, բայց ոչ միատեսակ: Ընդհանուր առմամբ, ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ Թուրքիան պարբերաբար հանդես է գալիս Ղրիմում ագրեսիայի կասեցման եւ օկուպացիայի դադարեցման հարցով՝ ընդգծելով իր բարեկամական մտերմությունը Ղրիմի թաթարների հետ, որոնց հետ նույնպես թուրքերը բարեկամներ չեն: Եվ այս ամենը տեղի է ունենում՝ չնայած ներկայիս մտերիմ հարաբերություններին Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ: Սա նշանակում է, որ ընկերությունն՝ ընկերություն, բայց երբ գործը վերաբերում է ազգային շահերին կամ առաջնահերթություններին, դրան այդպես էլ պետք է վերաբերել: Նույն կերպ Ղրիմի դեպքում. չնայած Թուրքիայի բոլոր հայտարարություններին` այն եղել, կա եւ կմնա ռուսաստանյան, Ռուսաստանի կազմում, նույնն էլ, կարծում եմ, Լեռնային Ղարաբաղի խնդրի դեպքում է: Եվ ինչպես հայտնի է՝ Արցախի խնդիրը, բացի հենց Արցախից, ոչ ոք լուծել չի կարող:
-Ի՞նչ եք կարծում՝ Թուրքիան իրավունք ունի՞, պե՞տք է միջամտի կոնֆլիկտի շրջանակում:
-Այս դեպքում ես կֆիքսվեի Թուրքիայի ոչ թե իրավունքի, այլ հնարավորությունների վրա: Հնարավոր է արդյոք Թուրքիայի միջամտությունը Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտին, ես կասկածում եմ, քանի որ դա աննկատ չէր անցնի եւ այս դեպքում առանց այլ երկրների արձագանքի չէր կարող անցնել, այդ թվում՝ Ռուսաստանի արձագանքի: Դա էսկալացիա կլիներ: Իհարկե, հայկական կողմը պետք է հասկանա, որ, այսպես ասած, ամեն բերանի վրա թաշկինակ չես գցի, այսինքն՝ չես լռեցնի: Թուրքիայի կարծիքն, ինչպես ցանկացած այլ երկրի, արտահայտվում է` իր պատկերացումներից ելնելով: Եվ տվյալ դեպքում դա արգելել ինչ-որ կերպ ոչ մենք, ոչ Դուք չենք կարող: Դա իրենց դիրքորոշումն է: Ինձ համար այդ դիրքորոշումը ակնհայտ բնույթ է կրում՝ ակնհայտ հակահայկական բնույթ: Դա շեշտում է Թուրքիայի մեղադրական տոնը Հայաստանի նկատմամբ: Դա ինձ որեւէ կերպ չի կարող ուրախացնել եւ չի ուրախացնում, բայց դա չի նշանակում, որ ես այժմ կենտրոնանալու եմ այն բանի վրա, որ արգելեմ Թուրքիային ինչ-որ բան խոսել: Դա պարզապես չի ստացվի: Սակայն ես Թուրքիայի փոխարեն կզգուշանայի այդպես վարվել, եւ ինչպես հայտնի է՝ խոսքի համար ոչ ոք գրպանդ չի մտնում:
-Իսկ կոնֆլիկտի շրջանակում ի՞նչ դեր կարող են խաղալ Մինսկի խմբի համանախագահները` հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեռեւս ՀՀ վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի միջեւ հանդիպում չի կայացել:
-Համանախագահներն աշխատանքային դեր են կատարում այդ հարցում: Առանց այս կողմերի մասնակցության բանակցային որեւէ գործընթաց թերեւս հնարավոր չէր դառնա, այդ թվում այն պատճառով, որ Թուրքիայի, Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներին բարդ էր հանդիպել՝ առանց միջնորդների: Ես կարծում եմ, որ համանախագահների գործառույթը պահպանվում է, չնայած նրանց հասցեին նույնպես քննադատություն հնչում է: Դա կապված է այն բանի հետ, որ նրանք մինչ օրս չեն լուծել այս հարցը: Բայց բանը նրանում է, որ այս հարցն առանց Ղարաբաղի, Հայաստանի եւ Ադրբեջանի կամքի անհնար է: Այն տարբերակները, որ քննարկվում են, այս կամ այն կողմից դժգոհության առիթ են դառնում: Եվ խնդիրը, որ կա կողմերի միջեւ, չպետք է դնել համանախագահների ուսերին եւ ասել, որ նրանք են դրանում մեղավոր: Կարծում եմ՝ համանախագահները կարող էին ավելի ակտիվ դերակատարում ունենալ, եթե աշխարհում վստահություն լիներ երկրների միջեւ, որոնք տարբեր ճամբարներ են ներկայացնում:

 

 

 

ՍԿԶԲՈՒՆՔՈՐԵՆ ՈՐՈՇԵԼ ԵՆ ՉՄԱՍՆԱԿՑԵԼ

Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող «Իմ քայլը» դաշինքի ցուցակում կան նաեւ ՀԱԿ համակիրներ։ Ու սա այն դեպքում, երբ ՀԱԿ֊ը ՔՊ֊ի հետ դաշինքով չի մասնակցում ընտրություններին։ Փոխարենը ՔՊ֊ի հետ դաշինք է կազմել «Առաքելություն» կուսակցությունը՝ մարդ-կուսակցություն, որի ներկայացուցիչներից մեկ-երկու հոգու կարելի է ճանաչել: Իսկ թե ինչպես է ստացվել, որ ՀԱԿ ներկայացուցիչները «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակում են, բայց ՀԱԿ-ը դաշինք չի կազմել ՔՊ-ի հետ, այս թեմայով «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀԱԿ վարչության գործադիր քարտուղար ներկայացուցիչ Սամվել Աբրահամյանի հետ։

-Պարո՛ն Աբրահամյան, ինչպե՞ս ստացվեց, որ ՀԱԿ համակիրները տեղ գտան «Իմ քայլը» դաշինքի ցուցակում։
-Մեզ մոտ ազատ է այդ հարցը, եւ մեր անդամները կաշկանդված չեն այդպիսի բաներով։
-ՀԱԿ-ից քանի՞ անձ է «Իմ քայլը» դաշինքի ցուցակում։
-Տեղյակ չեմ։ Գիտեմ մեկ անձի մասին, մյուսների մասին տեղյակ չեմ։
-Ինչո՞ւ ՀԱԿ-ը դաշինք չկազմեց ՔՊ-ի հետ, ինչպես դա եղավ «Առաքելություն» կուսակցության պարագայում։
-Մեր կուսակցությունը սկզբունքորեն որոշել է, որ չի մասնակցելու այս ընտրություններին։ Եվ, բնականաբար, եթե մենք չենք մասնակցում, որեւէ մեկի հետ դաշինք կազմելու շուրջ բանակցություն չենք կարող վարել։ Մենք համարում ենք, որ այս ընտրություններով Երեւանի կառավարման խնդիրը չի լուծվում։ Գլխավոր խնդիրը դա չէ։ Այլ կարեւոր խնդիրներ կան. այս ընտրություններից հետո Երեւանում նույնպես հաստատվի անհրաժեշտ ժողովրդավարական միջավայր՝ արդեն ԱԺ ընտրությունների համար, եւ հեղափոխությամբ իշխանության եկած ուժն այս ընտրություններում պետք է ստանա քվե, որը պետք է դիտել որպես ժողովրդի կողմից վստահության քվե այս իշխանությանը, որ նա իրականացնի Մարտի 1-ի բացահայտումը, կոռուպցիայի դեմ պայքարը, ժողովրդավարության հաստատումը։

Նյութերը՝ ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ

 

 

ԱՊԱՀՈՎՎԱԾՆԵՐԸ
ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին` «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արգամ Աբրահամյանը, չնայած երիտասարդ տարիքին` հասցրել է բավականին լուրջ ունեցվածք կուտակել: Պատգամավորի պաշտոնական հայտարարագրից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ անցած տարում օտարել է 1 մլրդ 939 մլն դրամի չափով բաժնետոմսեր: Բայց չնայած սրան` անցած տարում ձեռք է բերել 100 մլն դրամի, 10 հազար ռուսական ռուբլիի չափով բաժնեմասեր: Աբրահամյանի փոխառությունները տարեվերջին կազմել են 56 մլն 680 հազար դրամ, 1.5 մլն դոլար եւ 50 հազար դոլար: Կրտսեր Աբրահամյանի դրամական միջոցները կազմում են 2 մլրդ 451 մլն 680 հազար դրամ, 1 մլն 899 հազար դոլար եւ 45 հազար եվրո: Որպես եկամուտ նա հայտարարագրել է աշխատավարձը, որն ամսական կազմել է 362 հազար դրամ, վարձակալության դիմաց ստացած 12 մլն դրամը, եւ երեք ընկերություններից ստացած ավելի քան 111.5 մլն դրամի շահաբաժինը: 33-ամյա երիտասարդի համար նման ահռելի ունեցվածքը կասկածելի է, եթե հաշվի առնենք, որ մինչ այդ նա աշխատել է Արտաշատի քաղաքապետ, եւ 2017թ. ընտրվել պատգամավոր: Չի բացառվում, այսքանից հետո իրավապահ մարմիններն ուսումնասիրություններ սկսեն՝ պարզելու նրա հարստացման օրինականությունը:

 

 

ՀԱՅՏՆԻ ԵՆ
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կրտսեր որդու` Տրդատ Խաչատրյանի նկատմամբ նշանակած փորձաքննության արդյունքները հայտնի են: Ինչպես հայտնի է` Խաչատրյանի երկու որդիների` Տրդատ եւ Տիգրան Խաչատրյանների բանակից ազատման հիմքերի մասով ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել՝ փաստաթղթերը կեղծելու կասկածանքով: Տիգրան Խաչատրյանին առաջադրվել է մեղադրանք, ու նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ զինվորական ծառայությունից խուսափելու համար: Իսկ Տրդատ Խաչատրյանի առողջական իրական վիճակը պարզելու համար որոշում է կայացվել ստացիոնար դատահոգեբուժական հանձնաժողովային փորձաքննություն նշանակելու մասին, դատարանը բավարարել է այս միջնորդությունը, եւ այս օրերին Տրդատ Խաչատրյանը փորձաքննություն էր անցնում հոգեբուժարաններից մեկում: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ որ փորձաքննության եզրակացությունը ստացվել է, եւ պարզվել է, որ Տրդատ Խաչատրյանն առողջական խնդիրներ ունի: Ավելին` մեզ հայտնի դարձավ, որ Պաշտպանության նախարարությունը զինվորական քննչական ծառայությանը հայտնել է, որ հաշվի առնելով այն, որ ամառային զորակոչը ավարտվել է, Տրդատ Խաչատրյանի առողջական խնդիրների հետ կապված հարցին կարող են անդրադառնալ միայն ձմեռային զորակոչի ընթացքում, ուստի այս փուլում նրա մասով որեւէ գործողություն չեն կարող անել:




Լրահոս