Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:
«Սիրելի՛ հայրենակիցներ, Գերարքունիքի մարզի սիրելի բնակիչներ,
Նկատի ունենալով Հ.Յ. Դաշնակցության 02.10.2018 թ. հայտարարությունն իր ներկայացուցիչներին ՀՀ կառավարությունից հետ կանչելու մասին` ներկայացնում եմ իմ հրաժարականի դիմումը:
Անցած քառամսյա ժամանակահատվածը կարճ էր, ինչ խոսք, որպեսզի կյանքի կոչեինք մարզի զարգացման խոշոր ծրագրեր: Այդուհանդերձ, իմ կողմից Գեղարքունիքի խնդիրներին քաջածանոթ լինելու իրողությունն ստիպեց բավականին արագ տեմպերով զորաշարժի ենթարկել մեր ողջ կարողությունները, ռեսուրսներն ու հնարավորությունները, որի արդյունքում կարճ ժամանակամիջոցում հասցրինք լուծումներ գտնել մարզի ազգաբնակչությանը հուզող բազմաթիվ մանր ու մեծ խնդիրների համար: Ավելին, անցած ամիսներին կատարեցինք մեծ աշխատանք՝ ուրվագծելով մարզի զարգացման տեսլականը, որի հենքի վրա մշակման և գործարկման փուլում են բազմաթիվ խոշոր ծրագրեր: Հուսով ենք՝ մեզ փոխարինող մեր գործընկերները ջանք չեն խնայի ավարտին հասցնել դրանք:
Սիրելի՛ գեղարքունիքցիներ,
Լինելով ձեզանից մեկը՝ այս կարճ ընթացքում ջանք չեմ խնայել լուծում տալ տարիներով ձեզ հուզող խնդիրներին, փորձել եմ մշտապես ձեր կողքին լինել և, առանց չափազանցության, օրը 24 ժամ հասանելի լինել ձեզ կապի բոլոր միջոցներով: Փորձել եմ ամեն կերպ սերտացնել և ջերմացնել մարզպետարան-հասարակություն կապը և այդ հողի վրա ստեղծել աշխատանքային անկեղծ մթնոլորտ: Անցած շրջանում փորձել եմ ներդնել մարզային կառավարման նոր մշակույթ և այս ուղղությամբ արել ամեն ինչ, որ մարզի ազգաբնակչությունն իրեն օտարված չզգա մարզային իշխանություններից, ընդհակառակը՝ յուրաքանչյյուր բնակիչ հանձինս մարզպետարանի յուրաքանչյուր աշխատակցի և անձամբ մարզպետի՝ տեսնի իրեն անձնվիրաբար ծառայող պետական ներկայացուցչի:
Նվիրումի և ջերմության այդ մթնոլորտի ստեղծումը, քաղաքացիների շրջանում պետության հանդեպ վստահության ամրապնդումը եղել է մեր առաջնային խնդիրը, մի իրողություն, որի ազդակները ձգտել ենք հասցնել մարզի յուրաքանչյուր բնակչի՝ սկսած մարզկենտրոնից մինչ մարզի ամենահեռավոր, սահմանամերձ ու տարիներով անտեսված բնակավայրեր:
Շնորհակալություն եմ հայտնում մարզպետարանի, մարզային ենթակայության բոլոր կառույցների աշխատակիցներին, ուժային կառույցների ներկայացուցիչներին, մարզի համայնքների ղեկավար անձնակազմերին և իմ բոլոր գործընկերներին՝ համատեղ կարճ, բայց արդյունավետ աշխատանքի և համագործակցության համար:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Անշուշտ, մեր այս կարճատև պաշտոնավարման արդյունքների ամենաանաչառ գնահատական տվողը դուք եք և ժամանակը: Իմ այս ուղերձով ցանկանում եմ բոլորիդ մաղթել ամենայն բարին, հաջողություններ և բոլոր կիսատ մնացած ծրագրերի բարեհաջող ավարտ:
Հեռանում եմ այն գիտակցումով, որ յուրաքանչյուրիդ այսօրվա և վաղվա բարեկեցությունը մեր մարզի և պետության հզորության գրավականն է:
Կցանկանայի ավելացնել նաև, որ իմ պաշտոնավարման ավարտից հետո իմ ունեցած բոլոր հնարավորություններով մշտապես լինելու եմ յուրաքանչյուրիդ կողքին, և մեր անկեղծ բարեկամությունը լինելու է շարունակական:
Բարին ընդ ձեզ»,- ասված է ուղերձում: