Կոմիտասի 31 Գ հասցեում հարևանների միջև կենցաղային թվացող վեճը հասել է ոստիկանություն, իսկ պատմության մյուս կողմում, ինչպես պարզվում է, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն է։
ArmLur.am ահազանգած Աշոտ Խաչատրյանը պատմում է, որ շուրջ երեք տարի իր ավտոմեքենան կայանել է շենքի բակում։ Քանի որ աշխատում է որպես «Յանդեքս»-ի վարորդ և էլեկտրամոբիլ է շահագործում, առաջին հարկի պատին տեղադրել է նաև մեքենայի լիցքավորման սարք՝ հիմնականում գիշերային ժամերին մեքենան լիցքավորելու համար։ Խաչատրյանի խոսքով՝ որոշ ժամանակ անց առաջին հարկի բնակչի ամուսինը պահանջել է ոչ միայն մեքենան այլևս չկայանել այդ հատվածում, այլև պատից հեռացնել լիցքավորման սարքը։ Քաղաքացին պնդում է՝ պահանջը կատարել է և լիցքավորման սարքը տեղափոխել ավելի հեռու հատված։ Սակայն դրանով վեճը չի ավարտվել. ըստ նրա՝ հարևանն արդեն պահանջել է ամբողջությամբ հեռացնել լիցքավորման սարքը և մեքենան ընդհանրապես չկայանել այդ տարածքում։ Մինչդեռ իր բնակարանը երկրորդ հարկում է: Հարցն այստեղ արդեն դուրս է գալիս սովորական հարևանական վեճի շրջանակից. եթե խոսքը շենքի ընդհանուր օգտագործման տարածքի մասին է, ապա ի՞նչ իրավական հիմքով կարող է որևէ բնակիչ այն դիտարկել որպես իր բացառիկ օգտագործման տարածք և արգելել մյուս բնակչին այնտեղ մեքենա կայանել։
Ավելին՝ Աշոտ Խաչատրյանը պնդում է, որ վեճին միջամտել են նաև ոստիկանները, իրեն տարել, մի քանի ժամ պահել են, ինքն այդ պատմության արդյունքում հայտնվել է ոստիկանությունում։
Իսկ ո՞վ է, ըստ քաղաքացու, հարևանական այս վեճի մյուս կողմը։
Խաչատրյանի պնդմամբ՝ առաջին հարկի բնակչի ամուսինը Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն է։
Այսպիսով՝ սովորական կայանատեղիի և էլեկտրամոբիլի լիցքավորման սարքի շուրջ վեճը վերածվել է շատ ավելի սկզբունքային հարցի՝ արդյո՞ք պետական բարձրաստիճան պաշտոնյայի մասնակցությամբ կենցաղային վեճում ոստիկանության ներգրավումը եղել է բացառապես իրավական հիմքով, և արդյո՞ք որևէ մեկը կարող է բազմաբնակարան շենքի ընդհանուր օգտագործման տարածքի նկատմամբ փաստացի բացառիկ իրավունք սահմանել։
ArmLur.am-ը խոսել է Աշոտ Խաչատրյանի և Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հետ։
Այսպիսով, տեղական բդեշխները՝ մարզպետները, փորձում են ամենուր թելադրել իրենց կամքը՝ ոտնահարելով և՛ հանրային շահը, և՛ քաղաքացու իրավունքները:
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․
























































































