Հեռանում եմ մտահոգությամբ և տագնապով. Աշոտ Սիմոնյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը հրաժեշտի ուղերձ է հղել.

Հարգելի′ և արդեն հարազատ դարձած գործընկերնե′ր, Արագածոտնի մարզի սիրելի′ ժողովուրդ

Պայմանավորված վերջին ներքաղաքական իրադարձություններով և հիմք ընդունելով Հ.Յ.Դաշնակցության 02.10.2018թ հայտարարությունը՝ իր ներկայացուցիչներին ՀՀ կառավարությունից հետ կանչելու մասին՝ այսօր դարձյալ թողնում եմ ՀՀ Արագածոտնի մարզպետի պաշտոնը:

Մեկ տարին, անշուշտ, բավարար չէր իրագործելու համար այն բոլոր ծրագրերը, որոնք կնպաստեին մարզի զարգացմանն ու բնակչության կենսամակարդակի բարձրացմանը: Այնուամենայնիվ, իմ ամենօրյա և հետևողական աշխատանքով փորձել եմ ամեն կերպ կյանքի կոչել այն տեսլականը, որն ունեի մարզի, ինչու չէ նաև Երկրիս զարգացման համար:

Որպես մարզի հոգսերին քաջատեղյակ մարդ՝ արել եմ ամեն ինչ, որ մարզի բնակիչը ի դեմս մարզպետի տեսնի ոչ թե պաշտոնյայի, այլ իր հոգսը կիսող սրտացավ մարդու:

Կարծում եմ, որ հաջողել եմ, և դրա վկայությունը նաև այն արձագանքն է, որ ստացել եմ ձեզանից, իմ սիրելի′ արագածոտնեցիներ:

Ուրախ եմ, որ դեռևս 2017թ. հուլիսից ինձ համար առանցքային սկզբունք դարձրած ազնիվ աշխատանքն ու արդարության պահանջը այսօր դարձել է նաև հասարակության կամքը:

Սիրելի′ գործընկերներ, շնորհակալ եմ համատեղ աշխատած այս ժամանակահատվածի համար: Շնորհակալ եմ, որ ձեր վստահությամբ և աշխատանքով օգնեցիք կյանքի կոչելու մի շարք ծրագրեր, հասնելու շոշափելի արդյունքների և գրանցելու ձեռքբերումներ տարբեր ոլորտներում:

Չորս ամիս առաջ, երբ վերանշանակվեցի ՀՀ Արագածոտնի մարզպետի պաշտոնում, լի էի հավատով, կիսատ թողածս շարունակելու անկոտրում կամքով՝ նոր իրականությունը դիտելով որպես ծրագրերիս իրականացման պարարտ հող, այսօր, սակայն, հեռանում եմ մտահոգությամբ և տագնապով:

Հարգելի′ գործընկերներ, պարզապես յուրաքնաչյուրս պետք է գիտակցի, որ հենց իրենից է սկսվելու այն փոփոխությունը, որն ինքն ակնկալում է:

Խաղաղություն Երկրիս, և Աստված պահապան մեզ բոլորիս:




Լրահոս