Այսօր տեղեկություն տարածվեց, որ կրակոցներ են հնչել Երևանում ևձերբակալվել է հանցագործ աշխարհում հայտնի Նորատուսցի Արան: Արա և Ալիկ Բանդուրյանները մշտապես աչքի են ընկել աղմկահարույց պատմություններով: Ալիկը եւ նրա եղբայրը` Արան, Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղից են:
Դեռեւս, 2011թ-ին մամուլում տեղեկություններ շրջանառվեցին, որ Հայաստան են գալու հանցաշխարհի հեղինակություններ՝ Դեդ Հասանի գլխավորությամբ, եւ քննարկելու են Հայաստանում նրան «օրենքով գող» կարգելու հարցը: Եւ հենց նորատուսցի Ալիկ Բանդուրյանն էր հանցաշխարհում դարձյալ հայտնի եւ այդ ժամանակ դեռեւս նոր սպանված Արմեն Կանեւսկու մտերիմներից մեկը։
2012թ-ին եւս Բանդուրյան եղբայրները հայտնվեցին քրեական նոր պատմության մեջ: Ոստիկանությունը ձերբակալեց Բանդուրյաններին` տեղեկացնելով, որ նրանք գտնվում էին միջազգային հետախուզման մեջ` Ֆրանսիայի Հանրապետության կողմից: «Մարտի 20-ին հայտնաբերվել եւ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն բերման են ենթարկվել միջազգային մակարդակով հետախուզման մեջ գտնվող եղբայրներ, 1980 եւ 1981թթ. ծնված Արա եւ Ալիկ Բանդուրյանները: Նրանք հետախուզվում էին Ֆրանսիայի Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով` կազմակերպված խմբի կողմից անձի առեւանգում իրականացնելը կամ կազմակերպելը»,- հաղորդում էր ոստիկանությունը»:
Դեռևս 2003թ.-ին, ոստիկանության պաշտոնական հաղորդագրության համաձայն, Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում Բանդուրյանները ավտոմատից եւ որսորդական հրացանից կրակելով` վիրավորել էին երեք հոգու, իսկ մեկին` դանակահարել: Վիրավորներից մեկը, նույն հաղորդագրության համաձայն, մահացել էր:
2016 թվականին Ալիկ Բանդուրյանը ձերբակալվեր էր սպանության կասկածանքով: 2016 թվականի նոյեմբերի 13-ին Շենգավիթ վարչական շրջանում գործող գեղեցկության սրահներից մեկում հնչած կրակոցների հետևանքով ստացած հրազենային վնասվածքներից մահացել է երկու անձ՝ Երևան քաղաքի բնակիչներ Գևորգ Ավետիսյանը և Մուշեղ Մուշեղյանը, ևս մեկ անձ՝ Արամ Պետրոսյանը, հրազենային վնասվածք է ստացել կրծքավանդակի աջ հատվածում, և նրա վիճակը գնահատվում է ծանր: Մ.Մուշեղյանի դիակի զննությամբ հայտնաբերվել են նաև կտրող-ծակող առարկայով պատճառված մարմնական վնասվածք՝ որովայնի շրջանում։ «Լիա» գեղեցկության սրահին կից նկուղում տեղի ունեցած աղմկոտ սպանության գործով նախաքննության ընթացքում հարցաքննվել է նաև նախկին «օրենքով գող» Զապ մականունով հայտնի Անդրանիկ Սողոյանը:
2017 թվականին էլ Գավառում սպանվել էր հանցագործ աշխարհում հեղինակություններ համարվող նորատուսցի Ալիկ և Արա եղբայրների քեռու տղան, ում հայրը Գեղարքունիքի փոխմարզպետն էր: