Եվրոդաբրո. Նիկոլ Փաշինյանը հեղափոխությունը կամաց-կամաց հասցնում է իր տրամաբանական ավարտին. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ի հեճուկս նախկին իշխանության՝ ՀՀԿ ջանքերի եւ Վիգեն Սարգսյանի ծայրահեղական կանխատեսումների` Եվրամիությունն ու երեք երկրներ` Գերմանիան, Միացյալ թագավորությունը եւ Շվեդիան, առանձին հայտարարել են, որ պատրաստ են աջակցել ՀՀ-ում անցկացվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ավելին` ֆինանսական աջակցություն տրամադրել կառավարությանը:

«Ազատության» հետ զրույցում այս մասին տեղեկացրել է ՀՀ-ում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին: «Դա շատ ուժեղ հայտարարություն է: Տեղեկացնեմ ձեզ, որ դեպի Հայաստան դրսից եկող աջակցության ողջ ծավալը կլինի բացառապես եվրոպական աջակցություն, այսինքն` կաջակցեն Եվրամիությունը եւ երեք անդամ պետությունները: Չեն լինելու ո՛չ ամերիկյան փողեր, ո՛չ ճապոնական փողեր: Դա շատ կարեւոր է, դա հայտարարություն է եւ, անկեղծ ասած, ես իսկապես շատ հպարտ եմ մեզ համար, որովհետեւ Եվրամիությանը սովորաբար շատ ժամանակ է անհրաժեշտ լինում, բայց մենք միշտ մեր մտքի ծայրում ունեցել ենք, որ ընտրությունները կարող են տեղի ունենալ ավելի շուտ: Այնպես որ, մենք գումար ենք նախատեսել:

Ըստ էության, Հայաստանի կառավարության ներդրմամբ բոլոր կարիքները բավարարված են: Չափանիշները նույնն են, ինչ 2017 թվականին` ընտրողների նույնականացումն ու տեսախցիկները: Կան որոշ լոգիստիկ դժվարություններ, քանի որ ՄԱԿ-ի համար այս կարճ ժամանակահատվածը դժվարություն է ներկայացնում: Բայց նրանք մեզ ասում են, որ պատրաստ են դա անել: Կլինեն լրացուցիչ ծախսեր», – ասել է Սվիտալկին:

Սա ոչ այլ ինչ է, քան ապտակ ՀՀԿ-ին, որի ներկայացուցիչները ջանք ու եռանդ չէին խնայում եվրոպական կառույցներում մատուցելու տեղեկություն այն մասին, թե Նիկոլ Փաշինյանը բռնապետ է, նրա կառավարությունը` ոչ կոմպետենտ, իսկ ընտրությունները` անցանկալի: Հիմա պարզվում է, որ եվրոպական կառույցները ոչ միայն աջակցում են Փաշինյանի կառավարության` արտահերթի ծրագիրը, այլեւ աջակցում` խոստանալով տրամադրել 3 մլն դոլարից ավելի գումար:

Այս հայտարարությունը կարեւոր է նաեւ այն տեսանկյունից, որ եթե մինչ օրս ասվում էր, թե Վենետիկի հանձնաժողովը չի տալու դրական եզրակացություն հապշտապ գրված Ընտրական օրենսգրքին, եւ, հետեւաբար, աշխարհը չի ընդունելու դեկտեմբերին պլանավորվող արտահերթ ընտրությունները, իրականում ընդամենը սխալ կանխատեսումներ էին: Ավելին` Եվրամիությունը` ի դեմս հայաստանյան ներկայացուցչի, հայտարարում է. «Հայաստանը պետք է իմանա, որ հաջորդ տարի կլինեն քննարկումներ նոր, բազմամյա ֆինանսական շրջանակների վերաբերյալ: Եվ եթե Հայաստանն իրեն որպես լավ բրենդ դրսեւորի, ներկայանա որպես բարեփոխումներին միտված երկիր, որ բարեխղճորեն է ծախսում Եվրամիության միջոցները, ապա առաջիկա ֆինանսական հեռանկարում նա կարող է պատկառելի գումարներ ակնկալել»:

Այսպիսով, Նիկոլ Փաշինյանը հեղափոխությունը կամաց-կամաց հասցնում է իր տրամաբանական ավարտին՝ հավակնելով ամբողջական պատասխանատվության երկրի զարգացման գործում:




Լրահոս