Հոկտեմբերի 13-ից «Շանթ» հեռուստաընկերության եթերում մեկնարկել է Vitamin Production-ի նոր` Women՚s Club նախագիծը: Այն, մի կողմից, «Վիտամին» ակումբի «կանացի» տարբերակն է, մյուս կողմից` մեզ հայտնի Comedy Women ֆորմատի հայկական վերսիան:
Նախագծի պրոդյուսերը Վլադիմիր Սահակյանն է: Նախագծում ընդգրկված են դերասանուհիներ Լուիզա Ներսիսյանը (հաղորդավարուհի), Զառա Սահակյանը, Սոնա Մաթեւոսյանը, Թամարա Պետրոսյանը, Անահիտ Կիրակոսյանը, Մաշա Մատվեեւան եւ «Ինստագրամ»-ի աստղ Լիլի Մորտոն: Նրանք ամենատարբեր իրավիճակների նայում են կանացի աչքերով եւ ներկայացնում են դրանք հումորային շեշտադրումներով: «Ժողովուրդ» օրաթերթը նախագծի մասին զրուցել է Զառա Սահակյանի հետ: Նրա խոսքով` Women՚s Club-ը նկարահանվում է բավական սեղմ ժամկետներում, եւ թեթեւ, ժամանցային այդ նախագիծն իրենցից բավական շատ էներգիա է տանում. «Ամեն ինչ անում ենք, որ տարբերվող այս նախագիծը հաջողություն ունենա: Դա մի քիչ դժվար է, քանի որ դերասանուհիներից ամեն մեկն իր կարիերան ունի, ընտանիքը, երեխաները»,- ասաց մեր զրուցակիցը:
Հարցին, թե արդյոք կանանցով միմյանց լավ են հասկանում եւ չեն վիճում, Զառան պատասխանեց. «Դեռ չի եղել, որ կռվենք, բայց եթե ինձ ինչ-որ բան դուր չի գալիս, անպայման ասում եմ: Ամեն դեպքում, ամեն մեկս քաջ գիտակցում ենք, թե որն է մեր ֆունկցիան: Պարբերաբար փոքրիկ ժողովներ ենք ունենում, մտքերով փոխանակվում ենք, իսկ որ ամենակարեւորն է, փորձում ենք թիմային մտածել եւ աշխատել, այնպես չէ, որ ամեն մեկս մեր սայլն ենք առաջ քաշում»:
Մենք նաեւ հետաքրքրվեցինք` Women՚s Club-ից սպասենք միայն կանացի՞, թե՞ նաեւ այլ բազմազան թեմաներ. «Ոչ միայն: Ամեն անգամ մենք հայտնվելու ենք նոր իրավիճակում: Բնականաբար, կանացի թեմաները գերակշռող կլինեն, բայց ամենազավեշտալին այն է, որ այդ համարների սցենարները գրվում են տղամարդկանց կողմից»,-ասաց Զառան:
Հավելենք, որ կանանց հետ պարբերաբար հանդես կգան նաեւ ակումբի տղաները` Գոռը, Պոնչը, Գրիգը եւ թիմին նոր միացած Վահե Զիրոյանը:
Անի Անտոնյան