ԱՊՀ երիտասարդ առաջնորդների միջազգային դպրոցի դասընթացները՝ Դիլիջանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՊՀ երիտասարդ առաջնորդների միջազգային առաջնորդության դպրոցի առաջարկով՝ Ռալֆ Յիրիկյանը ներկայացել է հերթական դասախոսությամբ: Ինտերակտիվ և անմիջական շփման ընթացքում բանախոսը խոսել է կառավարման պատասխանատու մոդելի առանձնահատկություններից: Մասնավորապես՝ գործատու-աշխատակից քաղաքակիրթ հաղորդակցության կարևորությունից, նպատակներ սահմանելու անհրաժեշտությունից, շուկայի ուսումնասիրություններն ու մրցակցային դաշտը գնահատելու նրբություններից:

Հեռահաղորդակցության ոլորտում տարիներ շարունակ առաջատարի դիրքերը պահպանող ընկերության գլխավոր տնօրենը լսարանին հորդորել է զերծ մնալ առաջնորդ դառնալը ինքնանպատակ դարձնելուց և ընտրել քայլ առ քայլ հաջողության հասնելու ճանապարհը. մտածել ոչ թե ուղղակի ղեկավար լինելու մասին, այլ ամենօրյա գործունեության հիմքում դնել աշխատասիրությունն ու հետևողականությունը:

«Լավ, հաջողակ ղեկավար լինելու համար պետք է անընդհատ զինվել գիտելիքներով, դրանք կատարելագործել, կազմակերպության ներսում ապահովել թիմային աշխատանք, սեփական օրինակով առաջնորդել՝ ամենօրյա աշխատանքում: Հաջողության հասնելու նախապայմանը երազելն է, սեփական ուժերին հավատալը, սխալներից դասեր քաղելը և «հարմարավետության գոտուց» խուսափելը: Դժվարությունները կոփում են միտքը, կամքն և ամրացնում հաջողության հասնելու ձգտումը: Դրանք սովորեցնում են մտածել, ուղիներ փնտրել՝ այդպիսով ավելի ամուր դարձնելով մեզ: Իսկ երբ մարդն ամուր է էությամբ ու որակներով, ապա ոչ թե պաշտոնն է կշիռ հաղորդում նրան, այլ ինքը՝ ստանձնած պաշտոնին: Սա է կայացած և ուժեղ անհատի կարգախոսը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ռալֆ Յիրիկյանն ապագա առաջնորդներին խորհուրդ է տվել «ես-մենք» երկվության մեջ մշտապես կարևորել թիմի դերը և վաստակել աշխատակիցների հարգանքը ոչ թե վախով, այլ վստահությամբ, նպաստել բոլորի «ես»-ի առողջ զարգացմանը՝ հիմքեր ստեղծելով ամուր «մենք»-ի համար:

«Առաջնորդությունը ժամանակակից աշխարհում ունի իր տեղն ու ազդեցությունը: Գործարար ոլորտում հաջողության հասնելու և ընկերության դիրքերն ամրապնդելու համար առանցքային պայման է առաջնորդության հիմունքների իմացությունն ու դրանց ճիշտ կիրառումը: Տնտեսության ու կորպորատիվ կառավարման ոլորտի զարգացման համար ռազմավարական նշանակություն ունի նոր սերնդին գործարար առաջնորդության հմտություններն ու զարգացման նոր միտումները ներկայացնելը: Այսօրինակ հանդիպումները խթանում են ստեղծագործաբար մտածելու ու նորը ստեղծելու հմտությունների զարգացումը երիտասարդության շրջանում»,-ընդգծել է բանախոսը:

Հանդիպումն ավարտվել է մտքերի փոխանակմամբ:




Լրահոս