ՆԵՐՔԻՆ ՀՐԱՀԱՆԳ. ՊԱՀՊԱՆԵ՛Լ ԼՌՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իրավապահ համակարգին ներքին հրահանգ է իջեցվել նախաքննության ընթացքում քննվող գործերով որեւէ բան չխոսել, որպեսզի հետագայում խնդիրների առաջ չկանգնեն եւ այդ կերպ խուսափեն հետագա բարդություններից:

Որտեղի՞ց սկսվեց ամեն ինչ
Տեւական ժամանակ է, ինչ Հայաստանում գործունեություն ծավալող քննչական մարմինների կողմից նախաքննություն իրականացնող պաշտոնատար անձինք տարբեր քրեական գործերով անցնող մեղադրյալների կամ նրանց հարազատների մասին հայտարարություններ են անում՝ մարդկանց մեղադրելով այս կամ այն արարքի մեջ, սակայն հետագայում այլ բան է պարզվում: Եւ արդյունքում ստեղծվել է մի իրավիճակ, որ դեռեւս մարդկանց մեղավորությունը չապացուցված, մոտավոր փաստերի վրա իրավապահ համակարգը կալանավորում է նրանց՝ այդ կերպ շտապելով սեւացնել մարդկանց: Բայց նախաքննության ավարտից հետո կամ մինչեւ ավարտը պարզ է դառնում, որ այդ անձինք այդքան էլ մեղավոր չեն կամ ներկայացված փաստերի հետ կապ չունեն: Իսկ հիմա խոսենք փաստերով:
Փաստ մեկ
Այս տարվա օգոստոսի 9-ին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը ասել էր. «Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի տարածքներում խուզարկություն է իրականացվել, ինչի արդյունքում հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք»:
Հարցին, թե այդ զենքերն ինչ կապ ունեն Մարտի 1-ի հետ, Վանեցյանը պատասխանել էր. «Մեր օպերատիվ աշխատանքի արդյունքում ստացվել են տվյալներ, որ թաքցված են զենքեր, որոնք հնարավոր է` առնչություն ունեն Մարտի 1-ին կիրառված զենքերի հետ: Բայց դա դեռ վարկած է, որը պետք է ստուգվի: Հնարավոր է` Մարտի մեկին-երկուսին այդ զենքերն օգտագործվել են այն անձանց կողմից, ովքեր ներառված չեն եղել իրավապահ համակարգում»:
Այս հայտարարությունից 2 ամիս անց իրավիճակին միանգամայն այլ գնահատական տվեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը. «Ազգային ժողովի նախկին նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքին առնչվող տարածքում վերջերս հայտնաբերված զենք-զինամթերքը որեւէ կապ չունի Մարտի 1-ի դեպքերի հետ»:
Ըստ ՀՔԾ պետի` փորձաքննությունն այդ մասով ավարտվել է եւ հայտնի է դարձել, որ «համընկնումներ չկան»:
Փաստ երկու
Հոկտեմբերի 16-ին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, անդրադառնալով Կոնգրես հյուրանոցի եւ Ռոբերտ Քոչարյանի կապի վերաբերյալ իր հայտարարություններին, ասել է. «Իմ` ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ մեկ անգամ է եղել, որ խոսել եմ ոչ փաստով, այլ չակերտավոր էմոցիոնալ… այսինքն` երբ մենք մեր բացահայտումները ներկայացնում ենք, ներկայացնում ենք ամբողջությամբ կատարված աշխատանքը եւ փաստով, որպեսզի շահարկման առիթ չլինի: Այդ անգամ եղել է մի քիչ շտապողականություն, փաստեր եղել են, ուղղակի դեռ ավարտական փուլում չէին»:
Փաստ երեք
Սեպտեմբերի 25-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը նոր մեղադրանք է առաջադրել «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանին: Այս հայտարարությունից հետո Արա Վարդանյանը շտապել էր մաքրել իր անունը` ասելով, որ նման բան չկա: Ավելի ուշ ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ քրեական գործ չի հարուցվել, շփոթմունք է տեղի ունեցել »:
Փաստ չորս
2018թ. հունիսի 16-ին Էջմիածնում ԱԱԾ աշխատակիցները ձերբակալեցին քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանին:
Ասատրյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 6-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ երեք անձի առեւանգումը) եւ 235-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն եւ ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը եւ պահելը) նախատեսված հանցագործությունները կատարելու համար:
Սակայն մեզ հասած տեղեկությունների համաձայն` ավելի ուշ իրավապահները ապօրինի զենքի մասով մեղադրանքը հանել են Արթուր Ասատրյանի վրայից, եւ նա այժմ միայն մեղադրվում է անձի առեւանգման հատկանիշներով:
Ավելին` այս ամենից հետո ԱԱԾ-ն հրապարակեց տեսանյութ, որ Դոն Պիպոն խոսում է իր դեմ մահափորձ իրականացրած անձանց հետ: Մինչեւ այժմ բոլորին հայտնի էր, թե տեսանյութում խոսող անձը Դոն Պիպոն է, սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` փորձաքննությամբ ապացուցվել է, որ այդ խոսող անձը Դոն Պիպոն չէ: Այսպես կարելի է շարունակել պաշտոնատար անձանց, ինչպես նաեւ իրավապահ համակարգի բացթողումները այն մասին, թե ինչպես են վերջիններս շտապել մարդկանց մեղադրել այս կամ այն արարքի մեջ` այդ կերպ սեպ խրելով նրանց անվան վրա, սակայն հետագայում պարզվել է, որ նրանք այդքան էլ կապ չունեն ներկայացվածի հետ:
Բացթողումների հետեւանքը
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իրավապահ համակարգին ներքին հրահանգ է իջեցվել նախաքննության ընթացքում քննվող գործերով որեւէ բան չխոսել, որեւէ անհիմն հայտարարություն չտարածել, որպեսզի հետագայում նախաքննական մարմինը խնդրի առաջ չկանգնի, չսկսի պաշտպանվել մեղադրալի պաշտպանների կողմից արված հայտարարությունների մասով` այդ կերպ խուսափելով հետագա բարդություններից: Այսուհետ քննվող քրեական գործերով նախաքննական մարմինները պահպանելու են լռություն մինչեւ գործի ավարտը: Ավելին` նախաքննական մարմիններին զգուշացվել է, որ ինչ կխոսեն պաշտպանները, ինչ հայտարարություն կտարածեն մեղադրյալները, նախաքննական մարմինը հայտարարություն տարածելուց առաջ պետք է չեզոք եւ զուսպ լինի` զերծ մնալով որեւէ գնահատականից ու մականուններից:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ ԵՆ
Ինչպես հայտնի է, այս տարվա օգոստոսի 13-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Կարինե Պետրոսյանը եւ Ալեքսեյ Սուքոյանը դատի էին տվել Բարձրագույն դատական խորհրդին: Պատճառն այն էր, որ դատավորները մասնակցել էին «Սնանկության» գործով դատավորների ընտրությանը, սակայն չէին արժանացել ԲԴԽ-ի կազմի հավանությանը, եւ այլ թեկնածուներ էին ընտրվել նորաստեղծ դատարանի դատավորներ: Կարինե Պետրոսյանը եւ Ալեքսեյ Սուքոյանը, չհաշտվելով այդ իրականության հետ, ՀՀ վարչական դատարան հայց էին ներկայացրել: Երկու ամիս է անցել, սակայն այս գործով նիստերը առայժմ չեն կայանում:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` դատական համակարգում ներքին քննարկումներ են այն մասին, որ ՀՀ վարչական դատարանը այնպես կանի, որ դատավորների հայցը երկարաձգի եւ որոշում չկայացվի մինչեւ հունվարի 1-ը: Բանն այն է, որ վերոնշյալ օրը սնանկության գործով դատարանը կսկսի իր գործունեությունը, եւ այս պարագայում դատարան դիմած դատավորները կհայտնվեն խնդրի առաջ, քանի որ ՀՀ վարչական դատարանը, մեղմ ասած, չի բավարարի իրենց պահանջը եւ ԲԴԽ-ի որոշումը կհամարի հիմնավոր: Ասել է թե` դատավորները կպարտվեն եւ չեն կարող վիճարկել ԲԴԽ-ի որոշումները:

 

 

ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԸ՝ «ԾՌԵՐԻ» ՄԱՍԻՆ
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանից հետաքրքրվեց, թե ինչ կարծիքի է «Սասնա ծռեր» կուսակցության համահիմնադիր Վարուժան Ավետիսյանի այն հայտարարությունների մասին, թե` «Հունան Պողոսյանն ու Վալերի Օսիպյանը պետք է անցնեն քավարանով եւ կանգնեն հայկական Նյուրնբերգի առաջ»: Ոստիկանապետն ասաց, որ Վարուժան Ավետիսյանին չի մեկնաբանում: Մեր այն դիտարկմանը, թե արդյոք «Սասնա Ծռեր» խմբավորման անդամները իրենից չպետք է ներողություն խնդրեն, որ իրեն ՊՊԾ գնդի գրավման ժամանակ պատանդ են պահել, ոստիկանապետը պատասխանեց. «Լավ միտք եք արտահայտում, բայց ես Վարուժան Ավետիսյանին չեմ մեկնաբանում»:

 

 

ԴԱՏԱՎՈՐԻ ԹԵԿՆԱԾՈՒ
Փաստաբան Վահե Գրիգորյանը նախագահի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու է ներկայացվել: ՀՀ սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը կքննարկվի հոկտեմբերի 23-ին գումարվող Ազգային ժողովի հերթական նիստի ընթացքում: ՍԴ անդամ ընտրվելու համար անհրաժեշտ էր, որ Վահե Գրիգորյանի թեկնածությանը կողմ քվեարկեն պատգամավորների 3/5-ը (63 քվե):

 

 

ՆՈՐ ՂԵԿԱՎԱՐՆԵՐ
Երեւանի վարչական շրջաններն արդեն նոր ղեկավարներ ունեն: ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավար է նշանակվել «Պահպանվում է երեւանցու կողմից» քաղաքացիական նախաձեռնության համակարգող, Հայկական գորգի ազգային կենտրոնի տնօրեն Վիկտոր Մնացականյանը, իսկ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ Դավիթ Կարապետյանը, որը համակարգել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շտաբի աշխատանքները:

 

 

ՀԱՐՑԱՔՆՆՎԵԼ Է
Քրեական հեղինակություն համարվող Արտյոմ Կանեւսկոյի` Արտյոմ Հարությունյանի խափանման միջոց կալանավորումը օրեր առաջ փոխվել է. նա 20 մլն դրամ գրավի դիմաց կալանքից ազատ է արձակվել: Այս գործի շրջանակում հարցաքննվել է նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Նրա անունը շոշափվում է Արտյոմ Հարությունյանին կեղծ անձնագիր տրամադրելու գործում: Կանեւսկոյի պաշտպան Վարդուհի Էլբակյանի փոխանցմամբ` իր պաշտպանյալը իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, նա ցուցմունք է տվել եւ նշել` որեւէ առնչություն չունի մեղադրանքի հետ: Հարցին` նրա դեմ ցուցմունք տվող եղե՞լ է, Էլբակյանը նշել է. «Մի հոգու հետ առերեսում է եղել, որն ընդամենը ասել է, որ տեսել է Արտյոմ Հարությունովին, մենք` որպես պաշտպաններ, դա չենք գնահատում, որ իր դեմ ցուցմունք է: Մնացած հանգամանքները չեմ կարող ասել, նախաքննական գաղտնիքը չեմ կարող ասել»: Հարցին՝ Վլադիմիր Գասպարյանը հարցաքննվե՞լ է, Էլբակյանը նշել է` չի կարող ասել, իր պաշտպանյալի հետ չի առերեսվել: Նշենք, որ Արտյոմ Հարությունյանը մեղադրվում է անձնագիր կեղծելուն դրդելու մեջ:

 

 

ՄԱՅՐԸ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է
Երեկ պարզվել է գիշերօթիկ հաստատության բակում հայտնաբերված երեխաների մոր ինքնությունը: Նա Արարատի մարզի 18-ամյա բնակչուհի է, որը բերվել է ոստիկանության Մուշի բաժին: Արարքի դրդապատճառները պարզվում են: Կատարվում է քննություն: Հիշեցնենք, որ օրեր առաջ Գյումրու գիշերօթիկ հաստատություններից մեկում ոստիկանության բաժին ահազանգ է ստացվել, որ հաստատության բակում հայտնաբերել են երկու բարուրված նորածին տղա երեխաներ: Գետնին դրված, պոլիէթիլենային տոպրակի մեջ բարուրված վիճակում հայտնաբերել էին երկու նորածին տղա երեխաների:




Լրահոս