ՓՈՔՐԻՇԱՏԵ ԸՆԴՈՒՆԵԼԻ ՏԱՐԲԵՐԱԿԸ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՎԵՐԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս շաբաթ վերջնականապես պարզ դարձավ, որ դեկտեմբերի ընտրությունները ընթանալու են հին Ընտրական օրենսգրքով: ԸՕ փոփոխությունների տապալման համար հնչեցին բազմաթիվ մեղադրանքներ ՀՀԿ-ից մինչեւ գործադիր իշխանություն: Սակայն առավել կարեւոր է, որ ռեյտինգային ընտրակարգի պահպանման պարագայում ընտրությունները կարող են անցկացվել նախկին տրամաբանությամբ` ստվերելով դրանց քաղաքական կողմը:

Ընտրական օրենսգրքի տապալման հիմնական մեղավոր ճանաչվեց ՀՀԿ-ն, քանի որ կուսակցության խորհրդարանական խմբակցությունը փաստացի բոյկոտեց նիստը եւ, ըստ էության, տապալեց փոփոխությունների անցկացումը: Սակայն որքան էլ ՀՀԿ-ի գործողություններն արժանանան հանրության դժգոհությանը, դրանք կուսակցական շահի տեսանկյունից տրամաբանված են թվում: ՀՀԿ-ի հիմնական խնդիրն ի սկզբանե ընտրությունները որքան հնարավոր է ձգձգելն էր` հույսը դնելով առաջին հերթին իշխանության հեղինակազրկման վրա, ապա ժամանակահատվածն օգտագործել վերականգնվելու համար: Այդ տեսանկյունից կուսակցությունը հոկտեմբերի 2-ին փորձեց վերացնել ԱԺ-ի լուծարմանը հասնելու իշխանության պահուստային տարբերակը վերջինից բանակցությունների արդյունքում զիջումներ կորզելու միտումով: Եվ ահա այն պահին, երբ ՀՀԿ-ի համար պարզ դարձավ, որ իր հետ բանակցություններ չեն լինելու, բնական էր, որ կուսակցությունն էլ իր հերթին հրաժարվեց ընդառաջ քայլի գնալուց: Նեղ կուսակցական շահերի եւ ինչ-որ տեղ անգամ արժանապատվության տեսանկյունից ՀՀԿ-ի վարքը տրամաբանական է, քանի որ եթե նրանց հետ խոսում են վերջնագրերի լեզվով, դժվար թե պետք է ակնկալել, որ ՀՀԿ-ն ընդառաջ գնա նախաձեռնություններին: Ավելին` այս կուսակցությունը թերեւս առաջին անգամ վերջին տասնամյակում անկեղծորեն ձեւակերպեց իր խնդիրը` հրաժարվելով մտնել ԸՕ-ի շուրջ բովանդակային քննարկումների մեջ, բայց միաժամանակ չկարողացավ իրեն թույլ տալ լիովին քաղաքական վարքագիծ` չհամարձակվելով որպես քաղաքական բոյկոտ ձեւակերպել իր գործողությունները: Այնուամենայնիվ, փաստ է, որ ՀՀԿ-ն հրաժարվեց կառավարության գործունեությունը չխոչընդոտելու քաղաքականությունից այն պահին, երբ հասկացավ, որ առանց իր կարծիքը հաշվի առնելու արտահերթ ընտրություններ են անցկացվում: Իհարկե, ՀՀԿ-ի գործողությունները տեղավորվում էին սոսկ կուսակցական նեղ շահերի տրամաբանության մեջ, մինչդեռ պետական ու քաղաքական առողջ համակարգ կայացնելու տեսանկյունից դրանք արդարացում չունեն: Այսպիսով, ՀՀԿ-ն ճիշտ է կուսակցական, բայց սխալ` պետական շահերի տեսանկյունից:
Սակայն ՀՀԿ-ն այսօր ԱԺ-ում մեծամասնություն չունի: Ավելին` արտահերթ ընտրությունների գաղափարին կողմ են արտահայտվել ավելի քան 65 պատգամավորներ եւ նրանց հետ համապատասխան աշխատանքի պարագայում կառավարությունը փոփոխությունների անցկացումն ապահովելու խնդիր չպիտի ունենար: Արդեն իսկ կարծիքներ են հնչում, որ կառավարության համար ԸՕ փոփոխությունները քաղաքական առաջնահերթություն չէին, մինչդեռ մայիսին դա հռչակվում էր արտահերթ ընտրությունների անցկացման գերագույն պայմաններից մեկը: ԸՕ-ի փոփոխությունն ամենեւին էլ քմահաճույքի հարց չէր, այլ քաղաքական իրողությունների գնահատում: Ընտրակարգը, ըստ էության, ոչ այնքան լուծում է ընտրությունների անցկացման որակի հարցը, որքան պայմանավորում արդյունքի որակը: Սա հատկապես վերաբերում է խորհրդարանական կառավարման համակարգին, քանի որ Ազգային ժողովն է պետության բարձրագույն իշխանությունը, եւ դրա կազմն է պայմանավորելու պետության կառավարման որակը: Ընտրական կարգը պետք է ոչ թե ձեռնտու լինի իշխանական կամ ընդդիմադիր կուսակցություններին, այլ բավարարի տվյալ պահի քաղաքական համակարգի համընդգրկուն շահը` անկախ նշյալ կուսակցությունների հետաքրքրություններից: Այո, ՀՀԿ-ն կարող է իրեն թույլ տալ իրավիճակային դիրքորոշում եւ տապալել ԸՕ փոփոխությունները, քանի որ այդպես է վարվել տարիներ շարունակ, եւ արդյունքում հասարակությունը նրանից այլ սպասելիքներ էլ չունի: Սակայն նույն իրավիճակային լուծումները արդեն աններելի են իշխանության համար, որի միակ ռեսուրսը հասարակությունն է: Ռեյտինգային ընտրակարգը, իր բնույթով իրապես դեմոկրատական լինելով, այս պահին չարիք է Հայաստանի համար, քանի որ թերզարգացած քաղաքական համակարգը դրա հետ առերեսվելիս ուղղակի վերանում է: 2018թ. հեղափոխությունն առաջին հերթին նախորդ տարվա ընտրությունների ուղիղ արձագանքն էր, երբ քաղաքական համակարգը փաստացի փոշիացավ հենց ռեյտինգայինի գործարկման արդյունքում: 2017թ. ոչ թե ընտրություններն էին կեղծվում, այլ քաղաքական իրականությունն էր աղճատվում, ինչը արվում էր հենց ռեյտինգային ընտրակարգ կոչված գործիքով:
Այսպիսով, հին ԸՕ-ի պահպանումն ինքնաբերաբար կասկածի տակ է դնում 7-րդ գումարման ԱԺ-ի լեգիտիմությունը: Եթե ընտրությունները կայանում են ռեյտինգային ընտրակարգով, քաղաքական համակարգի ձեւավորման մեկնարկը կրկին հետաձգվում է: Հաշվի առնելով, որ նոր խորհրդարանը պետք է գործի 5 տարի` պարզ է, որ շատ կարճ ժամանակահատվածում այն կորցնելու է ադեկվատությունը քաղաքական համակարգին: Արդ, ռեյտինգային ընտրակարգը ինքնին կասեցնելու է քաղաքականապես կարող դեմքերի թափանցումը խորհրդարան` դրանց փոխարեն տեղ հատկացնելով տեղական հեղինակությունների համար, ինչի արդյունքում ԱԺ-ում չեն ձեւավորվելու գաղափարական ֆրակցիաներ ու հոսանքներ: Նման մի վրիպում գործվեց 1995թ., ինչը Հայաստանը մատնեց քաղաքական տեղատվության, որից դուրս գալու շանս ապահովվեց միայն 23 տարի անց: Այդ իսկ պատճառով փոքրիշատե ընդունելի տարբերակը մնում է Նիկոլ Փաշինյանի վերընտրությունը վարչապետի պաշտոնում, երկամսյա ժամանակահատվածում Ընտրությունների ու Կուսակցությունների մասին օրենքների ընդունումը եւ մարտին ԱԺ արտահերթ ու լեգիտիմ ընտրությունների անցկացումը:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔԻ ԳՈՎԱԶԴԸ ԿՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԻ

Հայաստանում թունդ ալկոհոլային խմիչքների գովազդը կսահմանափակվի: ՀՀ առողջապահության նախարարությունը քննարկման է դրել «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը:

Ըստ այդմ` նախատեսվում է սահմանափակել ալկոհոլի գովազդը` կրճատելով ալկոհոլի սպառումը թիրախ խմբերի շրջանում, նվազեցնելով հնարավոր բացասական ազդեցությունը բնակչության առողջության վրա:
Ըստ միջազգային վիճակագրության` աշխարհում գրանցված բոլոր մահերի շուրջ 5.9 տոկոսի պատճառ է ալկոհոլի օգտագործումը: Հայաստանում 2014 թվականին ալկոհոլի սպառումը մեկ շնչի հաշվով 15 եւ բարձր տարիքային խմբում կազմել է 3.9 լիտր մաքուր ալկոհոլ: Մյուս կողմից ցածր է գինու ու գարեջրի սպառումը: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ գինու սպառումը Հայաստանում կազմում է 0.1 լիտր մաքուր ալկոհոլում 15 եւ բարձր տարիքի մեկ շնչի հաշվով: Մեր հանրապետությունում գերակշռում է համեմատաբար թունդ ալկոհոլային խմիչքների սպառումը:
Ուստի առողջապահության նախարարությունը որոշել է կանխարգելել ալկոհոլի օգտագործումը` սահմանափակելով ալկոհոլի գովազդը հատկապես հեռուստատեսությամբ: Եվրոպական 12 երկրներում ամբողջությամբ արգելված է թունդ ալկոհոլային խմիչքների գովազդը հանրային եւ ազգային, 11-ում` նաեւ մասնավոր հեռուստատեսություններով, 14 երկրներում գործում են մասնակի սահմանափակումներ ցուցադրման ժամի եւ տեղի նկատմամբ: Նշենք, որ 4 երկրներում արգելված է անգամ գարեջրի, իսկ 6-ում` գինու գովազդը: Օրինակ, Ֆրանսիայում ալկոհոլային խմիչքների գովազը հեռուստատեսությամբ ամբողջովին արգելված է դեռեւս 1991 թվականից` «Loi Evin» (Էվինի օրենքի) համաձայն: ԱՆ-ն պահանջում է արգելել թունդ ալկոհոլային խմիչքների գովազդը զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով` բացառությամբ տեղական արտադրության կոնյակի:
Ի դեպ, վերջին տարիներին անգամ տնային տնտեսություններում է նկատվում ալկոհոլային խմիչքների վրա ծախսվող գումարների աճ: Եթե 2015 թվականին տնային տնտեսության մեկ շնչի հաշվով միջին ամսական ծախսը ալկոհոլային խմիչքների ձեռքբերման վրա կազմել է 237 դրամ, ապա 2016-ին այն հասել է 244 դրամի: Իսկապես տպավորիչ թվեր են, որոնք, սակայն, այնքան էլ լավ բանի մասին չեն վկայում:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

ՆՊԱՍՏԱՌՈՒՆԵՐԻ ԾՈՒՂԱ՞Կ
2018թ. փետրվարի 1-ին ՀՀ կառավարությունն ընդունել է կառավարության 2014թ. հունվարի 30-ի N 145-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին որոշումը, որով 2014թ.-ի որոշումը մասնավորապես լրացվել է հետեւյալ պարբերությամբ. «Տեղեկանք` ԱՔՌԱ վարկային բյուրոյից ստացված, (այդ թվում` առեւտրային բանկի մասնաճյուղի միջոցով) ընտանիքի չափահաս անդամների` տվյալ պահին առկա վարկային պարտավորությունների եւ ժամկետանց վարկերի մասին (տեղեկանքը ստանալիս պետք է առկա լինի բոլոր չափահաս անդամների կողմից տրված համաձայնությունը կամ նրանց կողմից տրված, նոտարական կարգով հաստատված լիազորագիր նպաստ ստանալու համար դիմող անձին ԱՔՌԱ վարկային բյուրոյից հարցում կատարելու վերաբերյալ): Հայտարարություն ընտանիքի չափահաս անդամների բանկային ավանդների եւ դրանցից ստացված եկամուտների մասին (բանկային ավանդ ունենալու դեպքում ներկայացվում է նաեւ բանկի կողմից տրված տեղեկանք ավանդի չափի եւ տվյալ հաշվետու տարվա ընթացքում դրա վրա հաշվագրված տոկոսների մասին):
2018թ. փետրվարի 1-ի որոշման 3-րդ կետում նշված է, որ այն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 6 ամիս հետո: Որոշումը վարչապետ Կ. Կարապետյանը ստորագրել է փետրվարի 2-ին: Տավուշի մարզի սոցիալական ծառայության տարածքային գործակալություններից տեղեկացա, որ սկսած այս տարվա օգոստոսի 7-ից` այդ գործակալություններում փաստագրվածներից պահանջում են ԱՔՌԱ վարկային բյուրոյից տրվող վերոհիշյալ տեղեկանքը:
Այդ գործակալություններից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին, որ այդ տեղեկանքն այժմ որեւէ նշանակություն չի ունենում փաստագրված ընտանիքի կարիքավորության աստիճանը որոշելու, տվյալ ընտանիքին ընտանեկան նպաստ նշանակել-չնշանակելու հարցում: Սակայն Տավուշի սոցիալապես անապահով ընտանիքների անդամները մտահոգված են օրենքի մեջ փոփոխությամբ: Նրանք սոցիալական ծառայության տարածքային գործակալություններ ներկայացրած հայտարարագրում ստորագրել են, որ ՍԾՏԳ-ում փաստագրվելու ժամանակ կեղծ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում պատասխանատվություն են կրում, եթե հաջորդ տարի պարզվի, որ ընտանիքի անդամներից մեկը բանկերում ժամկետանց վարկ կամ ավանդ է ունեցել, եւ այդ մասին ՍԾՏԳ ներկայացրած հայտարարագրում նշված չէ, ապա նպաստառու ընտանիքից կարող են ետ գանձել նախորդ ամիսներին ստացած նպաստի գումարը:
Լինում են դեպքեր, որ նպաստառու ընտանիքի մի անդամ ավանդ կամ ժամկետանց վարկ ունի բանկում, սակայն այդ մասին ընտանիքի մյուս անդամներին չի հայտնում: Կառավարության 2018թ. փետրվար 1-ի որոշման 2-րդ կետում վարչապետը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարին հանձնարարել է մինչեւ 2019թ. հունվարի 1-ը մշակել ընտանիքների անապահովության գնահատման ժամանակ ԱՔՌԱ վարկային բյուրոյից ստացված տեղեկանքներում ներառված տեղեկատվությունը որպես բնութագրիչ կիրառելու մասին առաջարկություն եւ ներկայացնել կառավարություն:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս