Կարծում եմ` Ամանորը չի «քաղաքականացվի». Արամ MP3

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Կարծում եմ` գալիք խորհրդարանական ընտրություններն ամանորյա տրամադրության վրա չեն ազդի, եւ Ամանորը չի «քաղաքականացվի»»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց երգիչ, հաղոդավար Արամ MP3-ն: Նրա խոսքով` ամանորյա շունչն ու տրամադրվածությունը բավական դրական լիցքեր են հաղորդում իրեն գալիք տարվա շեմին: Արամը տոնական այդ օրերին մանկանում է, եւ ինչպես երեխաներին, իրեն եւս չեն հետաքրքրում քաղաքական պրոցեսները: Փոխարենը ամենակաեւորը ամանորյա հրաշքին հաղորդակից լինելն է:

«Ձմեռ պապիկից խնդրում եմ առողջություն իմ ընտանիքի անդամների եւ մտերիմների համար: Չէ՞ որ դա իմ ձեռքերում չէ, իմ կողմից կառավարելի չէ: Իսկ այն ամենը, ինչ ինձնից է կախված, ինքս էլ կփորձեմ իրականացնել: Խոսքն այս դեպքում արդեն նպատակների մասին է, ոչ երազանքների»,-շեշտեց Արամը:
Հարցին, թե Ամանորին ընդառաջ տոնական ինչ նախագծում է ընդգրկված, երգիչը պատասխանեց. ««Լավ երեկոյի» շրջանակում տեղ կգտնեն երաժշտական համարներ, որոնց կմասնակցեմ նաեւ ես: Բայց առանձին նոր երգ, տեսահոլովակ կթողարկեմ արդեն գարնանը»:

Քանի որ հեռուստադիտողներից շատերը ընդունեցին եւ համակրեցին Արամին`որպես դերասան, հետաքրքրվեցինք` կա՞ արդյոք նոր կինոնախագիծ, որի շրջանակում հանդես է եկել, հանդիսատեսին սպասվո՞ւմ են արդյոք անակնկալներ. «Ամռանը նկարահանվել եմ կատակերգական մի ֆիլմում: Ռեժիսորը Գոռ Կիրակոսյանն է: Ես մարմնավորել եմ գլխավոր կերպարներից մեկը: Ֆիլմը պատմում է ընկերների մասին, որոնք հայտնվում են անհաջողությունների մեջ, զավեշտալի իրավիճակներում, սակայն կարողանում են դուրս պրծնել այդ ամենից: Այս ֆիլմում կերտածս կերպարն ինձ համար մի փոքր անսովոր էր արտաքին դրսեւորումների առումով, օրինակ` մազերս շատ կարճ էին, ես սափրված էի, առանց մորուքի, բայց հետո սովորեցի այդ ամենին: Սպասենք պրեմիերային»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս