Armenian text to speach

Անպայման էլի բալիկ կունենամ, մեկով չեմ սահմանափակվի. Սոնա Շահգելդյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Վերջին տարիներին անընդմեջ Ամանորը դիմավորել եմ բեմում երգելով. երազում եմ, որ այս տարի այլ կերպ լինի ամեն բան, որ ընտանիքիս հետ լինեմ, տանը, բայց եթե չստացվի, չեմ տխրի»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց երգչուհի Սոնա Շահգելդյանը: Նրա համար կարեւոր է ամանորյա մթնոլորտը վայելել թե՛ գործընկերային մթնոլորտում, հանդիսատեսի հետ, թե՛ ընտանիքում, մասնավորապես՝ որդու հետ:

Սոնան ամեն տարի անհամբերությամբ է սպասում Ամանորին, հատկապես սիրում է Սուրբ Ծնունդը, ոգեշնչվում տոնի խորհրդով. «2018-ին մարդկային կորուստներ շատ ունեցանք. խոսքը ե՛ւ անվանի մարդկանց, ե՛ւ պարզապես մտերիմների մասին է: Կցանկանամ, որ գալիք տարում նման կորուստներ չլինեն: Ամենակարեւորը դա է»,-շեշտեց Սոնան:

Հատկապես թավշյա հեղափոխությունից հետո երգչուհին հույս ունի, որ երկրի առջեւ ծառացած մի շարք խնդիրներ գալիք տարում կլուծվեն. «Անկեղծ ասած՝ դրական եմ տրամադրված եւ վստահ եմ, որ հիասթափություն չեմ ապրի»,-ասաց նա:

Հարցին, թե արդյոք Ձմեռ պապիկից նյութական որեւէ բան խնդրում է անձամբ իր համար, երգչուհին պատասխանեց. «Ինքս լավ վաստակում եմ, ֆինանսական հարցում ոչ ոք ինձ չի օգնում, եւ ես հպարտ եմ դրա համար: Փողի գերի չեմ, բայց Աստված միշտ տալիս է ինձ: Շատ ծախսող եմ, սիրում եմ հատկապես նվերներ անել, թեպետ երբ անհրաժեշտ է լինում, կարողանում եմ նաեւ խնայել: Այնպես որ, նյութական ոչինչ չեմ խնդրում»:

Հետաքրքրվեցինք՝ 2019-ին կլինեն արդյոք անակնկալներ երկրպագուների համար. «Այո՛, մի շարք նոր նախագծեր կլինեն. ե՛ւ երգում եմ, ե՛ւ հասցնում եմ նկարահանվել, գրաֆիկս շատ սուղ է, ամեն բան հասցնում եմ անել»,-մեկնաբանեց Սոնան:

Մի փոքր էլ զրուցեցինք անձնականի մասին, հարցրինք՝ Սոնան երկրորդ բալիկն ունենալու ցանկություն արդյոք ունի. «Ես այն մարդկանցից չեմ, որոնք ամուսնանում են ամուսնանալու համար, երեխա ունենալու համար: Եթե զավակ ես ունենում, պետք է կարողանաս ըստ արժանվույն նրան պահել, խնամել, դաստիարակել, լավ մարդ մեծացնել: Դեռեւս այդ ուղղությամբ չեմ մտածում, բայց անպայման էլի բալիկ կունենամ, մեկով չեմ սահմանափակվի»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս