ԱԺ մշտական հանձնաժողովների թիվը կավելանա. որ ուժին քանի հանձնաժողով բաժին կհասնի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում նոր ձեւավորվող խորհրդարանն ունենալու է 132 պատգամավոր: Եվ, բնականաբար, սա իր հերթին հանգեցնելու է պետական բյուջեից ծախսերի աճի: Միայն վեցերորդ գումարման խորհրդարանի հետ համեմատած` այս անգամ պատգամավորների թիվը 27-ով ավելի է լինելու, իսկ նախորդ՝ հինգերորդ գումարման խորհրդարանից էլ միայն մեկով ավել: Այնուամենյանիվ, պատգամավորների թվի ավելացումն իր հետ բերում է նաեւ ծախսերի աճ:
Նախ հիշեցնենք, որ Ազգային ժողովի շարքային պատգամավորների աշխատավարձը կազմում է 661 հազար 400 դրամ, հանձնաժողովի նախագահները ստանում են 730 հազար դրամ, իսկ հանձնաժողովի նախագահի տեղակալներինը` 693 հազար դրամ: Ընդգծենք, որ 2018 թվականի պետական բյուջեի տվյալներով` ԱԺ պահպանման ծախսերի համար հատկացված է եղել 4 մլրդ 645 մլն 204 հազար 500 դրամ, որից 3 մլրդ 632 մլն 45 հազար 700 դրամը չոր աշխատավարձն է: Եվ հետաքրքիր է, որ 2019 թվականի պետական բյուջեով այդ թիվը մի փոքր ավելացել է` դառնալով 4 մլրդ 968 մլն 459 հազար 400 դրամ:

Հիմա ստացվում է, որ 27 պատգամավորի համար եւս պետք է աշխատավարձ հատկացվի, պատգամավորական վճար տրվի, օգնականի աշխատավարձ` 198 հազար 500 դրամ (խոսքը կեղտոտ աշխատավարձի մասին է), գործուղումների ծախսեր եւ, եթե լինեն պատգամավորներ, ովքեր պետք է Երեւանում վարձով բնակվեն, ապա լրացուցիչ կստանան նաեւ վարձավճարի կեսով չափ գումար՝ մինչեւ 100 հազար դրամի սահմաններում: Էլ չենք ասում գրասենյակային ծախսերը՝ ծառայողական հեռախոսի վարձավճար, էլեկտրաէներգիայի ծախս, գրենական պիտույքներ (իսկ թղթի եւ տպիչների թանաքի ծախսը շատ-շատ մեծ է): Այսպես, ընդհանուր առմամբ, 300-400 մլն դրամից ավել գումարի մասին է խոսքը, որի մեջ մտնում են միայն պատգամավորների եւ նրանց օգնականների աշխատավարձերը: Իհարկե չմոռանանք գործուղումների մասին, որոնք եւս մեծ ծախսեր են` յուրաքանչյուրի համար ամենաքիչը 2000-2500 դոլարի սահմաններում:
Իհարկե, բացի պատգամավորների թվի եւ ծախսերի աճից հնարավոր են փոփոխություններ նաեւ ԱԺ մշտական հանձնաժողովների աշխատանքի պարագայում:

ՀՀ Սահմանադրության 106-րդ հոդվածի համաձայն` մշտական հանձնաժողովների թիվը չի կարող 12-ից ավելի լինել, իսկ ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն էլ` բոլոր պատգամավորները պետք է ներկայացված լինեն մշտական հանձնաժողովներում, իսկ ԱԺ ղեկավար կազմի եւ խմբակցությունների ղեկավարների պարագայում պարտադիր նորմը չի գործում:
Նշենք, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո 6-րդ գումարման խորհրդարանի մշտական հանձնաժողովների թիվը կրճատվել էր եւ 12-ից դարձել 9-ը: Այդ հանձնաժողովներից 6-ի նախագահությունը բաժին էր ընկել ՀՀԿ-ին, 3-ը` ԲՀԿ-ին: Ընդ որում, հանձնաժողովները տրվում են Դոնթի բանաձեւի սկզբունքով, եւ ստրատեգիական ու կարեւոր նշանակություն ունեցող հանձնաժողովները միշտ մնում են իշխող ուժի մոտ:
Եվ եթե գործի նախորդ տրամաբանությունը, ապա հանձնաժողովների թիվը պետք է ավելացվի: Բանն այն է, որ վեցերորդ գումարման խորհրդարանի առաջին նիստում Հրայր Թովմասյանը նշել էր, թե ՀՀԿ-ի առաջարկով մինչ օրս գործող հանձնաժողովների թիվը պետք է կրճատել, քանի որ պատգամավորների թիվը 131-ից կրճատվել եւ դարձել է 105, եւ որշում է կայացվել միավորել հանձնաժողովները, եւ արդյունքում ստացվեց 9-ը: Հիմա նույն տրամաբանությունից ելնելով էլ` դրանք կարող են առանձնացնել կամ 1-2-ով ավելացնել, քանի որ ավելացել է նաեւ պատգամավորների քանակը:

Այն ժամանակ հանձնաժողովների թվի նման կրճատման մեջ «Ելք» խմբակցությունը միտում էր տեսնում, քանի որ 10 հանձնաժողովի պարագայում, Դոնթի բանաձեւի համաձայն, մեկ հանձնաժողով կտրվեր նաեւ «Ելք» խմբակցությանը, իսկ 9-ի պարագայում նույն մեխանիզմով հաշվարկի արդյունքում 6 հանձնաժողով ստացավ ՀՀԿ-ն, երեքն էլ` «Ծառուկյան» դաշինքը: Այսինքն` 10-ի դեպքում այդ մեկը կտրվեր հենց «Ելք»-ին: Եվ տարբեր հաշվարկների համաձայն` յուրաքանչյուր հանձնաժողովի գործունեությունն ապահովելու համար տարեկան 70-ից 80 մլն դրամ ծախս է լինելու պետական բյուջեից:
Նշենք, որ նույն Դոնթի բանաձեւով են հաշվարկվում եւ առաջադրվում նաեւ հանձնաժողովների նախագահների տեղակալները, ինչպես եվրոպական բոլոր խորհրդարանական կառույցների, օրինակ՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի, Եվրահանձնաժողովի ղեկավար կազմերը:
Եվ այս իրավիճակում, եթե հանձնաժողովների թիվը չփոխվի, ապա կգործի նույն սկզբունքը. «Իմ քայլը» դաշինքը կստանա 6 հանձնաժողով, ԲՀԿ-ն` 3: Եթե, այնուամենայնիվ, 1 հանձնաժողով ավելանա, ապա այն բաժին կհասնի «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը:
Եվ մինչ ԿԸՀ-ն կբաշխի մանդատները, արդեն մամուլում տեղեկություններ են շրջանառվում, թե ով որ հանձնաժողովը կարող է ղեկավարել: Օրինակ` աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Զարուհի Բաթոյանը կղեկավարի ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը, Հովհաննես Իգիթյանը կլինի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը, Պաշտպանության, ազգային անվտանգության ներքին գործերի հանձնաժողովի նախագահն էլ կլինի Անդրանիկ Քոչարյանը, իսկ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ կլինի «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հայկ Գեւորգյանը:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս