Ձայն մը հնչեց. ինչո՞ւ ՀՅԴ-ն չէր ընդվզում նախորդ իշխանությունների օրոք. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՅԴ ընդհանուր ժողովը, որ երեկ ավարտել է իր աշխատանքները, դեռ չի շտապում խոսել արդյունքների մասին: Փոխարենը նրանք առանձին հայտարարություն են տարածել՝ անդրադառնալով Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացին: «Արցախի Հանրապետության Անկախության հռչակագրով եւ Սահմանադրությամբ ամրագրված Անկախ պետականության կարգավիճակն ու տարածքային ամբողջականությունն անսակարկելի են: Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների միջև ռազմաքաղաքական դաշինքի մասին համաձայնագրի սեղմ ժամկետներում կնքումը հրատապ անհրաժեշտություն է»,- նշված է այնտեղ:

Միաժամանակ նրանք մտահոգություն են հայտնել հակամարտության կարգավորման գործընթացի ակտիվացմամբ, նշելով. «Նկատի ունենալով վերջին ամիսներին Արցախի շուրջ բանակցությունների ակտիվացումը, այդ ընթացքում հակամարտության կողմերի և միջնորդների արված հայտարություններով ու քայլերով պայմանավորված մտահոգությունները, ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովը արձանագրում է, որ բանակցությունները պետք է ընթանան Արցախի Հանրապետության իշխանությունների լիարժեք մասնակցությամբ, Հայաստանի իշխանությունները պարտավոր են միջազգային հարթակներում շարունակել հանդես գալ Արցախի անկախության եւ անվտանգության երաշխավորի հանձնառությամբ»:

Փաստորեն կարելի է ենթադրել, որ այս հայտարարությամբ ՀՅԴ-ն ըստ էության դեմ է Արցախյան խնդրում ցանկացած փոխզիջման, ասել է, թե՝ դեմ է ԼՂ խնդրի երբեւէ կարգավորմանը: Նրանք սահմանել են իրենց նշաձողը, որից այնկողմ չեն ուզում անցնել: Բայց ՀՅԴ այս կեցվածքն ընդունելի կլիներ, եթե իրենք նույն սկզբունքայնությամբ փոխզիջումների ու ընդհանրապես Արցախյան հիմնախնդրի կարգավորման դեմ արտահայտվեին ավելի վաղ, երբ իրենք ՀՀԿ-ի հետ կոալիցիայի կազմում էին, եւ երբ նախկինում Ռոբերտ Քոչարյանը, հետո նաեւ Սերժ Սարգսյանը բանակցային սեղանի շուրջ քննարկում էին տարածքների վերադարձի հարցերը:

Բայց այն ժամանակ ՀՅԴ-ն լինելով իշխանության մեջ, չէր ընդվզում, լավագույն դեպքում, ազգայնական շղարշով պատված ընդհանուր լղոզված արտահայտություններ էին հնչեցնում: Էլ չենք ասում այն մասին, որ ՀՅԴ-ական գործիչներից մեկը համոզում էր՝ «մի թիզ այս կողմ, մի թիզ այնկողմ՝ կարող է դերակատար չլինել»: Բայց հիմա ՀՅԴ-ն Ղարաբաղյան խնդրի վերաբերյալ ինչ-որ միֆեր է ստեղծում, փորձում դրանք ներկայացնել իրականության տեղ ու պայքարում իր իսկ ստեղծած միֆերի դեմ: Դաշնակների դեպքում, սակայն, այս ամենը միանգամայն նորմալ է:




Լրահոս