Հայաստանի մշտական բնակչության թիվը շարունակում է աստիճանաբար նվազել: Բացի այդ, պաշտոնապես նվազել է ծնվածների թիվը: Նախորդ տարի, վերջին տարիների հետ համեմատած, այդ թիվն ավելի է նվազել:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2016 թվականին ՀՀ-ում գրանցվել է 16 հազար 294 ամուսնություն, 2017-ին դրանց թիվը նվազել է` հասնելով 15 հազար 214-ի: Իսկ, ահա, անցած տարվա հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստանում գրանցվել է 14 հազար 822 ամուսնություն, որը 2017 թվականի նույն ժամանակահատվածից 392-ով պակաս է: Բայց, մյուս կողմից, պակասել են ամուսնալուծությունները: Պաշտոնապես 2018թ. հունվար-դեկտեմբերին ամուսնալուծությունների թիվը կազմել է 3819` 121-ով 2017 թվականի նույն ժամանակահատվածից պակաս:
Հայաստանում դեռեւս առանձին ուսումնասիրություններ չեն անցկացվել պարզելու, թե որ պատճառներն են առավելապես ընկած ամուսնալուծությունների հիմքում: Բազմաթիվ են այն հայ ընտանիքները, որոնց հասարակական կարծիքը ամուսնալուծությունից այլեւս հետ չի պահում: Առաջին հերթին աշխատանք չունենալը եւ բնակարանային խնդիրներն են խանգարում հայ երիտասարդներին ընտանիք կազմել: Նկատենք, որ ամուսնալուծության դեպքերի քանակով ՀՀ մարզերի թվում առաջատարը Լոռին է, որին հաջորդում են Կոտայքը, Արմավիրը, Արարատը եւ այլն: Իսկ, ահա, Երեւանում ամուսնալուծությունների դեպքերի քանակը կազմել է 1785:
Սյունէ Համբարձումյան