Սիրիայի հարցով որոշումը համաձայնեցված էր դեռ Սերժ Սարգսյանի ժամանակ. ռուս փորձագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի կողմից Սիրիա ուղարկված մարդասիրական օգնության շուրջ կրքերը չեն հանդարտվում։ Եվ չնայած օրեր առաջ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել էր, թե Հայաստանը Սիրիա մարդասիրական առաքելություն է ուղարկել՝ հաշվի առնելով Սիրիայի իշխանությունների գրավոր խնդրանքը, եւ ամեն ինչ օրենքով է, սակայն հակառակ քննարկումները չեն դադարում։

Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը մի քանի հարց է ուղղել Կովկասի եւ տարածաշրջանային անվտանգության կենտրոնի ավագ գիտաշխատող, «Կովկասյան համագործակցություն» ընկերության տնօրեն Նիկոլայ Սիլաեւին։

Պարո՛ն Սիլաեւ, Հայաստանի կողմից Սիրիա մարդասիրական օգնություն ուղարկելու վերաբերյալ քննարկումները չեն դադարում։ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն էլ հայտարարության միջոցով ընդգծել է, որ իրենք չեն պաշտպանում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ համագործակցությունն այս առաքելության նպատակով։

-Ես որքան գիտեմ, այնտեղ ռազմական բժիշկներ են։ Այլ կերպ ասած` դա ռազմական առաքելություն եւ զինված զինվորներ չեն։ Ինչ վերաբերում է ԱՄՆ դեսպանատան հայտարարությանը, ապա ես կարող եմ ասել՝ դա իրենց չի վերաբերում։ Ես կարծում եմ, որ նրանք մտնում են ուրիշի գործերի մեջ՝ այդպիսի հայտարարություններ անելով։

-Պե՞տք էր սպասել այդօրինակ հայտարարություն։

-Ես կարծում եմ՝ ոչ, քանի որ պարզագույն դիվանագիտական էթիկան այդպիսի հայտարարություններ չի ակնկալում։ Ցավոք, ԱՄՆ-ի դիվանագետները վաղուց մոռացել են, թե ինչ բան է պարզագույն դիվանագիտական էթիկան։

-Դուք մտածում եք՝ Հայաստանի քայլը կարո՞ղ է ազդել հայ-ամերիկյան հարաբերությունների վրա։

-Ես չեմ կարող կանխատեսել ԱՄՆ-ի քայլերը։ Ես միայն կարող եմ ասել, որ ռուսական զորքերի ներկայությունը Սիրիայում լիովին օրինական է՝ ի տարբերություն այնտեղ ամերիկյան զորքերի ներկայության։ Դա առաջին, իսկ երկրորդ՝ հայկական մարդասիրական առաքելության ներկայությունն էլ Սիրիայում նույնպես օրինական է եւ չի կարող հանդիպել ոչ մի տրամաբանական հակասության։ Եվ, չգիտես ինչու, ԱՄՆ-ի կողմից անհամաձայնություն չկա, երբ Հայաստանի զինվորներն ու սպաները առաքելություն են իրականացնում Աֆղանստանում կամ Կոսովոյում։

-Իսկ ի՞նչ եք կարծում, Հայաստանը շանս ունե՞ր հրաժարվելու, թե՞ դա էլ արդեն կվտանգեր հայ-ռուսական հարաբերությունները։

-Ես կարծում եմ, որ Սիրիայում քաղաքացիական պատերազմից հետո այդ երկրի վերականգմանը մասնակցելը, օգնել բնակչությանը, մարդասիրական օգնություն ցույց տալ բարոյական խնդիր է, որը զարդարում է յուրաքանչյուր պետության, որը մասնակցում է դրան։ Ավելին, այդ առաքելությունը, որքան ինձ հայտնի է, համաձայնեցված էր եղել դեռեւս Սերժ Սարգսյանի կողմից, իսկ Նիկոլ Փաշինյանը դրանից չի հրաժարվել, դեռ ավելին` առաջինն է հայտարարել այն մասին, որ այդ առաքելությունը պատրաստվում է։ Դա խոսում է այն մասին, որ հայերը, Հայաստանի ղեկավարությունը, կառավարությունը նույնպես հետաքրքրված են դրան մասնակցելու առումով։

-Իսկ ի՞նչ է փոխվել հայ-ռուսական հարաբերություններում հեղափոխությունից հետո։

-Ես չեմ տեսնում, որ ինչ-որ բան փոխված լինի։ Նույն կերպ, ինչպես Սերժ Սարգսյանն էր իրականացնում ինքնուրույն արտաքին քաղաքականություն՝ համագործակցելով ՆԱՏՕ-ի հետ, այլ կազմակերպությունների հետ, այդպես էլ բազմավեկտոր քաղաքականություն է վարում Նիկոլ Փաշինյանը։ Սերժ Սարգսյանի ժամանակ ՌԴ-ն եղել է կարեւոր եւ մեծ գործընկեր Հայաստանի համար եւ այդ կարգավիճակը պահպանում է նաեւ Նիկոլ Փաշինյանի ժամանակ։ Ես չեմ տեսնում փոփոխություններ արտաքին քաղաքականության ոլորտում եւ դա բնական եմ համարում։

զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս