Նոր իշխանությունների շնորհիվ տեղի ունեցածով հպարտանում է Տիգրան Մուկուչյանը. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը երեկ հայտարարել է, թե նախկինում Հայաստանի ընտրական մշակույթի անբաժանելի մաս էր Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքների բողոքարկումը: Նա ասել է, թե սահմանադրական վիճարկման փուլում անգամ դեպքեր են եղել, երբ ոչ միշտ է պատշաճ ապացուցողական բազա ներկայացվել: Եւ այս համատեքստում ԿԸՀ նախագահը հիշեցրել է, որ ԱԺ արտահերթ ընտրություններից հետո որեւէ մեկը բողոքարկման դիմում չներկայացրեց ՍԴ, ինչը նշանակում է, որ հիմա այդ ավանդույթից դուրս ենք եկել: «Սա փաստում է ընտրական գործընթացի թափանցիկության մասին, ինչը կարեւորագույն մշակույթ է եւ լրջագույն ձեռքբերում»,- ասել է ԿԸՀ նախագահը:

Ափսոս, Տիգրան Մուկուչյանը չի մանրամասնել, թե ինչ է նկատի ունեցել` ասելով, որ ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկումն ընտրական մշակույթի մաս է եղել: Բացառությամբ վերջին խորհրդարանական արտահերթ ընտրությունների` նախորդ բոլոր համապետական քվեարկությունները մեզանում կեղծվել են ու կեղծվել են տարեցտարի ավելի ու ավելի նորացված, անզեն աչքի համար միգուցե աննկատ մեթոդներով: Եւ ընդդիմադիր ուժերը համապետական ընտրությունից հետո ՍԴ դիմել են ոչ թե իրենց հաճույքի համար, այլ աղաղակող ընտրակեղծիքների պատճառով` ի դեպ, քաջ գիտակցելով, որ իրենց բողոքը, միեւնույն է, կմերժվի:

Այնպես որ, իրականում մեզանում ավանդույթ է եղել ոչ թե ընտրությունների արդյունքները ՍԴ-ում բողոքարկելը, այլ իշխանությունների կողմից ընտրություններն ամենակեղտոտ մեթոդներով կեղծելը, իսկ ՍԴ դիմելն ընդամենը եղել է ընտրակեղծիքների հետեւանք: Ի դեպ,  Տիգրան Մուկուչյանը` որպես ԿԸՀ նախագահ, կանգնած է եղել այդ «ավանդույթի» գլխին:

Հիմա այլ իրավիճակ է: Տիգրան Մուկուչյանն այս ընթացքում հավանաբար հասցրել է գիտակցել մեկ պարզ ճշմարտություն. խորհրդարանական վերջին արտահերթ ընտրություններն ազատ ու արդար անցկացվեցին բացառապես իշխանությունների քաղաքական կամքի շնորհիվ, որովհետեւ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն իր առաջ խնդիր էր դրել կոտրել ընտրակեղծարարության ողնաշարը՝ բացառելով ընտրախախտման ցանկացած փորձ: Խնդիր էր դրել ու իրագործեց այն: Ապացույցն այն է, որ պարտված կուսակցություները` անգամ ՀՀԿ-ն, չդիմեցին ՍԴ ու չբողոքարկեցին ընտրությունների արդյունքները: Այսօր այդ մասին հպարտորեն նշում է Տիգրան Մուկուչյանը, բայց դա, ինչպես հասկացաք, տեղի է ունեցել` անկախ իր կամքից:

 




Լրահոս