Որոնք են ուղղորդված ցույցերի պատճառները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության շենքի առաջ վերջերս բողոքի ցույցերը պարբերական բնույթ են կրում: Սա, թերեւս, պատահական չէ. վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական հակառակորդները՝ հայտնի շրջանակները, որոշել են հոգալ, որ եթե ոչ ամեն օր, ապա պարբերաբար կառավարության մոտ` կառավարության շենքի առջեւ, բողոքի ցույցեր անցկացվեն: Նպատակը պարզ է. քարոզչական ֆոն ստեղծել` ցույց տալու, որ կառավարությունից դժգոհությունները մեծ են, մարդիկ հուսահատվել ու հիաթափվել են նոր իշխանությոuնից, ուստի բողոքի ցույցեր են անցկացնում:

Այս առումով մեխանիզմը բավական լավ գործում է. իմանալով այս կամ այն խմբի դժգոհության մասին` միանգամից մարդկանց ուղղորդում են կառավարության շենքի մոտ` ասելով, թե Փաշինյանը կտա բոլոր հարցերի լուծումը. չէ՞ որ մարդիկ հենց դրա համար էին պայքարում: Դե մարդիկ էլ հավատում եմ: Մի մասն էլ կառավարության շենքի մոտ գնում է սեփական ցանկությամբ, անիրականանալի պահանջներով` տպավորություն ստեղծելու, թե կառավարությունից դժգոհ են:

Պատահական չէ, որ երեկ բողոքի ակցիա էին կազմակերպել «Տրիբունա» հասարակական խմբի անդամները եւ Արմավիրի մարզի Զարթոնք ու Արտաշար գյուղերի բնակիչները:

«Տրիբունա» նախաձեռնության անդամները երեկ հավաքվել էին կառավարության շենքի առջեւ պետական մարմիններում պարգեւատրումները պետական բյուջե վերադարձնելու պահանջով գրությունը հանձնելու նպատակով: Նախաձեռնության անդամ Անի Կաղինյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց` նշելով, որ իրենք արդեն տասը օր է, ինչ ստորագրահավաք են անցկացնում պարգեւատրումները պետական բյուջե հետ վերադարձնելու պահանջով: «Մոտ 4000 քաղաքացի արդեն միացել է ստորագրահավաքին:

Այս գործընթացը շարունակական է: Թող հստակ մեզ ասեն, թե հաջորդ տարի ինչ պարգեւատրումներ են լինելու, որպեսզի յուրաքանչյուր հարկատու հասկանա` իր վճարած հարկերից որքանն է գնալու պարգեւավճար: Եւ, բացի այդ, թող այն աշխատողները ստանան պարգեւավճարներ, որոնք իսկապես դրա կարիքն ունեն»:

Բողոքի ակցիայի մյուս հերոսները Արմավիրի մարզի Արտաշար եւ Զարթոնք գյուղերի բնակիչներն են, որոնք պահանջում են կառավարությունից միջամտել եւ իրենց խնդրին լուծում տալ: Պարզվում է` այս գյուղերի բնակիչները տարիներ շարունակ պահանջում են իրենց տալ իրենց պատկանող գյուղնշանակության հողատարածքները:

Արտաշարի բնակիչ Ջնդի Ջնդոյանի պատմելով` այդ հոողատարածքները 60-ականներին ծառայել են որպես արոտավայրեր, բայց հետո սեփականաշնորհվել են ոմն Ազատ Հարությունյանի կողմից, որը փորձել է այդ տարածքում ձուկ աճեցնել: Բայց կարծես թե Հարությունյանին չի հաջողվել զբաղվել ձկնաբուծությամբ, փոխարենը նա այդ հողերը արդեն մի քանի տարի է, ինչ վարձակալության է տալիս գյուղացիներին: Օրինակ` մեկ հա-ն մշակելու համար առաջարկում է ամեն տարի 400-600 հազար դրամ վճարել:

Արման Գալոյան




Լրահոս