ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոշոր բացահայտում ՊՆ-ում. ինչ մանրամասներ են իմացել Սերժ Սարգսյանն ու Վիգեն Սարգսյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2017 թվականի hունիսի 13-ին ՀՀՊԵԿ քննչական վարչությունը հայտարարություն էր տարածել այն մասին, որ ՊՆ-ում բացահայտվել են լուրջ չարաշահումներ: Ըստ պաշտոնական հաղորդագրության` ՀՀ պաշտպանության նախարարությունում 2014-2017թթ.-ի ընթացքում գնումների եւ բանակաշինության ոլորտներում առկա չարաշահումների գործով մեղադրանք է առաջադրվել ՊՆ կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության արտադրատեխնիկական բաժնի նախկին պետ Գրիգոր Բարսեղյանին. մեղադրանք է առաջադրվել պաշտոնական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով խարդախության, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, փաստաթուղթ կեղծելու համար, իսկ ՊՆ կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության պետ Աշոտ Գրիգորյանին` առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի, պաշտոնական լիազորությունները չարաշահելու, պաշտոնական փաստաթուղթ կեղծելու համար:

Միաժամանակ, դատախազի համաձայնությամբ` ՊԵԿ քննչական վարչության կողմից որոշում է կայացվել ՊՆ կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության պետ Աշոտ Գրիգորյանի պաշտոնական լիազորությունները ժամանակավորապես դադարեցնելու մասին:

Նախաքննության ընթացքում խուզարկություն է կատարվել նաեւ ՀՀ ՊՆ բարձրաստիճան անձանց աշխատասենյակներում, հարցաքննվել են մի քանի տասնյակ անձինք: Հարցաքննության են կանչվել ինչպես նախկին, այնպես էլ ներկայիս ՊՆ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, այդ թվում նաեւ` ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

«Ժողովուրդ» օրաթերթին աղմկահարույց այս գործի վերաբերյալ որոշ մանրամասներ էին հայտնի դարձել: ՊՆ-ում չարաշահումների այս պատմությունը բացահայտվել է 2017 թվականին, որին անգամ խառնվել է Սերժ Սարգսյանը:
Ըստ մեզ հասած տեղեկությունների` ՊՆ կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության պետ Աշոտ Գրիգորյանը դեռեւս տարներ առաջ անձամբ է բացահայտել այս պատմությունը եւ խնդրի մասին տեղյակ պահել իր վերադասներին:

Օրինակ` զորամասերից մեկում պետք է կառուցվեր 10 քառակուսի մետր զինանոց, արդյունքում ՊՆ հատկացրել է համապատասխան շինարարական տեխնիկան զինանոցը պատրաստելու համար: 10 քառակուսի մետր զինանոցի փոխարեն կառուցվել է 9 քառակուսի մետր, սակայն ՊՆ փաստաթղթերում ներկայացրել են, թե ամեն ինչ արել են օրենքի շրջանակներում: Ասել է թե` 1 քառակուսի մետրի համար նախատեսված քարի, շինանյութի համար հատկացված գումարը ՊՆ համապատասխան պաշտոնատար անձինք մեջ-մեջ են արել: Եվ, ահա, այս ամենը Աշոտ Գրիգորյանը զեկուցել է իր վերադասներին:

Ավելին` դեռեւս 2017 թվականին գործը հասել է Սերժ Սարգսյանին, եւ վերջինս, տեղեկանալով բանակում շինարարության ոլորտում առկա իրավիճակի մասին, պահանջել է, որպեսզի Աշոտ Գրիգորյանին տեղեկացնեն` անձամբ ներկայանա Բաղրամյան 26: Աշոտ Գրիգորյանը ներկայացել է Բաղրամյան 26, Սերժ Սարգսյանը բավական խիստ է խոսել նրա հետ: Ի դեպ, Գրիգորյանը դեռեւս ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի ժամանակներից է աշխատել ՀՀ ՊՆ կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչությունում:

Նա Սերժ Սարգսյանին ներկայացրել է իրավիճակը` հայտնելով, որ ինքն է անձամբ բացահայտել է խնդրի մասին, ինքն անձամբ իր վերադասներին հայտնել է կատարվածի մասին: Ինչեւէ, Սերժ Սարգսյանի հետ խոսակցությունը ավարտելուց հետո Աշոտ Գրիգորյանին ասում են` գնա եւ զբաղվի իր աշխատանքով:

Մեր այս հրապարակումից հետո Սերժ Սարգսյանի մտերիմ շրջապատից որոշ մանրամասներ պատմեցին: Ըստ այդմ, Սարգսյանը աղմկահարույց գործի մասին տեղեկացել է Պաշտպանության նախարարությունում: Նա պաշտոնական այց է կատարել ՊՆ, որտեղ նրան տեղյակ են պահել խնդրի մասին: Նրա մտերիմ շրջապատից մեզ հասած տեղեկությունների համաձայն` Սերժ Սարգսյանը ՊՆ-ում նախկին նախարար Վիգեն Սարգսյանի ներկայությամբ զրուցել է Աշոտ Գրիգորյանի հետ, Աշոտ Գրիգորյանը իբր նրան ասել է, թե նա այդ կեղծ գործընթացների հետ կապ չունի եւ մանրակրկիտ ներկայացրել է իրավիճակը: Սերժ Սարգսյանը, Վիգեն Սարգսյանի ներկայությամբ լսելով Աշոտ Գրիգորյանին, ասել է, որ իրավապահները զբաղվում են այդ գործով, քննություն է ընթանում:

«Դու գնա, քնությունը ցույց կտա, թե ինչ է կատարվել, եւ ովքեր են այդ ամենի համար պատասխանատու»,- նշել է նա: Ասել է թե` Սերժ Սարգսյանի մտերիմները վստահեցնում են, որ այս մասին Սերժ Սարգսյանը տեղեկացվել է ՊՆ-ում իր այցի ժամանակ, եւ տեղի ունեցած աղմակահարույց չարաշահման մասով զրույցին ներկա է եղել նաեւ Վիգեն Սարգսյանը: Այսինքն` հետո Պնախարարի պաշտոնը ստանձնած անձը եւս տեղյակ է եղել այս գործընթացի շուրջ դեռես 2017 թվականին ծավալված իրադարձություններին: Ի դեպ, դեռեւս 2018 հունիսին բացահայտված այս քրեական գործով ՊԵԿ-ում 8 ամիս է` քննություն է ընթանում, եւ մինչ օրս` ձայն բարբառոյ յանապատի. չկա որեւէ տեղեկատվություն, թե ինչ փուլում է այն:

Ավելի մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:

Քնար Մանուկյան




Լրահոս