ՀՅԴ-Ն` ՀԵՏԱՔՐՔԻՐ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՇԵՄԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, օրեր առաջ Արցախում տեղի ունեցավ ՀՅԴ 33-րդ ընդհանուր ժողովը, որն ավանդաբար անցկացվում է 3-4 տարին մեկ։ ՀՅԴ-ականներն ընդհանուր ժողովի արդյունքները պատրաստվում են ամփոփել արդեն այսօր: Հատկանշական է, որ ՀՅԴ-ն 33-րդ ժողովից հետո հրապարակեց հայտարարություն, որը, սակայն, բացառապես վերաբերում էր Արցախյան հիմնախնդրին՝ առանց Հայաստանի ներկայիս վիճակի, ապագայի մասին տեսլականի կամ էլ ՀՅԴ-ի հետագա գործունեության մասին մտքերով։

Ենթադրվում է` իրենց աշխատանքներն ամփոփող, առաջիկա տարիների անելիքներն ուրվագծող հայտարարությունը կտարածեն այսօր արդեն. ի վերջո, ՀՅԴ-ն 1999թ. ի վեր առաջին անգամ ներկայացված չէ խորհրդարանում, ընդ որում, նրանք ձախողեցին այնպիսի խորհրդարանական ընտրություններում, որոնց արդյունքները որեւէ մեկը կասկածի տակ չի դրել: Այնպես որ, կատարվածը լուրջ մտածմունքների եւ հետեւությունների տեղիք պետք է տա այդ կուսակցության ներսում, եւ այդ հետեւությունները պետք է արտացոլվեն նրանց հայտարարության մեջ:
Մինչ այդ փորձենք վերհիշել, թե ՀՅԴ-ն ինչպիսի հայտարարություններ էր ընդունել նախորդ ընդհանուր ժողովներից հետո:
ՀՅԴ 32-րդ ընդհանուր ժողովն անցկացվել էր 2015 թվականի հունվարին: Այն ժամանակ ՀՅԴ-ն ո՛չ իշխանություն, ո՛չ ընդդիմություն կարգավիճակում էր, թեեւ մյուս կողմից` սատարում էր Սերժ Սարգսյանի սահմանադրական փոփոխությունները: Ըստ նրանց հայտարարության` ժողովը քննարկել էր կուսակցության՝ անցնող հաշվետու ժամանակաշրջանի գործունեությունը, ձեռքբերումները, բացթողումները, լրամշակման էր ենթարկել առաջիկա քառամյակի համար ՀՅԴ-ի քաղաքական ուղեգիծն ու ռազմավարությունը, արտաքին եւ ներազգային ճակատներում գործունեությունն ու դիրքորոշումները։ Այսինքն` այս հայտարարությամբ ապագայի տեսլական կար եւ կուսակցության անելիք նաեւ քաղաքականության մեջ եւ այլ ոլորտներում, ոչ միայն Արցախյան հիմնահարցում։
ՀՅԴ 31-րդ ընդհանուր ժողովը տեղի էր ունեցել 2011 թվականին: Այս ընթացքում ՀՅԴ-ն ընդդիմադիր դիրքերից էր հանդես գալիս, բայց, եթե անկեղծ, նրանց ընդդիմադիր բնույթին չէին հավատում: Հայտարարության մեջ, օրինակ, հանդիպեցինք նաեւ «արտաքին մարտահրավերներ» բառակապակցությանը։ Ընդ որում, հայտարարության մեջ բավական մեծ հատված էր զբաղեցնում այդ ժամանակ գործող իշխանությունների քննադատությունը, իսկ այս տարվա հայտարարության մեջ գործող նորընտիր իշխանությունների մասին ոչ մի խոսք չկա` ո՛չ դրական, ո՛չ բացասական։ Իսկ 31-րդ տեքստի մեջ այդ առնչությամբ ասվում էր.
ա) գործող իշխանության սոցիալ-տնտեսական քաղաքականությունը չի բխում բնակչության բացարձակ մեծամասնության շահերից:
բ) խորանում է աղքատությունը, նվազում է վստահությունը ապագայի հանդեպ, արտագաղթի վտանգավոր միտում է նկատվում:
գ) քաղաքական ու տնտեսական իշխանությունների սերտաճումը հանգեցրել է մենաշնորհների, ազատ մրցակցության բացակայության եւ ստվերայնության մեծ ծավալների… եւ այլն։
Ընդհանուր ժողովների հայտարարությունների առումով հետաքրքիր է նաեւ 2008 թվականի մայիսին կայացած ժողովը։ Մարտի 1-յան դեպքերից հետո իր հայտարարության մեջ ՀՅԴ-ն նաեւ անդրադարձ է կատարել ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու պատճառներին։ «Հատկապես նախագահական ընտրություններից հետո Հ.Յ. Դաշնակցությունը բնական կերպով կարող էր որդեգրել խորհրդարանական առողջ ընդդիմության կեցվածք, սակայն հետընտրական շրջանի իրադարձությունների հետեւանքով անկախ պետականությանը սպառնացող ներքին ու արտաքին վտանգները կուսակցությանը դրեցին երկրի կայունությունը եւ ինքնիշխանությունը պահպանելու առաջնահերթության եւ պատասխանատվության առջեւ: Այդ պատասխանատվության գիտակցությամբ Հ.Յ. Դաշնակցությունն ընդառաջեց կոալիցիայի հրավերին՝ գտնելով, որ ստորագրված համաձայնագրի քաղաքական առաջնահերթությունների իրագործումը երկիրը զարգացման որակական նոր աստիճանի բարձրացնելու հնարավորություն է ստեղծում»։ Սա, թերեւս, արդարացում է ՀՅԴ-ի համար։ Մինչդեռ ԱԺ արտահերթ ընտրությունների ողջ քարոզարշավի ժամանակ ՀՅԴ-ականները պնդում էին, թե կոալիցիա կազմելն իրենց մեծագույն սխալներից է եղել, եւ այսուհետ իրենք կոալիցիա կկազմեն միայն այն դեպքում, երբ իրենց ձայնը որոշիչ լինի:
Հիմա նկատենք` 33-րդ ընդհանուր ժողովի բացման խոսքում ՀՅԴ-ական Հրանտ Մարգարյանը սուր քննադատության եւ նույնիսկ 5 տարի անց գործող իշխանություններին տուն ուղարկելու մասին խոսեց: Նաեւ եղավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ողջույնի ուղերձը, որտեղ նա իր ու իշխող մեծամասնության անունից ՀՅԴ-ի հետ համագործակցելու պատրաստակամության մասին էր հայտարարել: Սա, թերեւս, հետաքրքիր զարգացումների սկիզբ է։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ԴԱՏԱՐԱՆ ԿԳՆԱ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Հատուկ քննչական ծառայությունը մարտի 1-ի գործով որոշում է կայացրել դրվագներից մեկն առանձնացնելու եւ մեղադրական եզրակացությամբ այն դատարան ուղարկելու մասին: Թե որ դրվագով է նախաքննության ավարտ հայտարարվել, ու գործը դատարան ուղարկվելու, մեզ ճշտել չհաջողվեց: Կարելի է միայն ենթադրություններ անել, որ գործը հիմնական դրվագներին, հիմնական մեղադրյալներին չի առնչվում, այլ կարող է կապված լինել «հարակից» դրվագների հետ:

 

 

ԼԱՎ ՆԱԽԱԴԵՊ
Թավշյա հեղափոխությունից հետո բոլորին մերժած կառավարող ուժը մինչ օրս քննադատվում է նախկին իշխանության օրոք աշխատած պրոֆեսիոնալներին դաշտից դուրս մղելու եւ անփորձ երիտասարդների վրա հենվելու համար: Սակայն արդեն նկատելի է, որ շատ դեպքերում, կարծես թե, սառույցը կոտրվում է: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը ակտիվ համագործակցում է ՀՀ Քննչական կոմիտեի հետ: Նա` որպես եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի մասնագետ, իր իրավաբանական հմտությունները թղթին է հանձնել: Անկուսակցական Կոստանյանը ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հետ միասին հայրենի քննիչների համար ուղեցույց է կազմել՝ կալանավորման հիմքերի անխոցելիության վերաբերյալ: Ասել է թե՝ քննիչները պետք է իմանան, որ երբ մարդուն կալանավորում են, միջնորդությունը այնպես կազմեն եւ ներկայացնեն, որ համապատասխանի եվրոպական չափանիշներին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այդ ուղեցույցի շնորհանդեսը կկայանա փետրվարի կեսերին: Հիշեցնենք, որ հունվարի 25-ին էլ «Իմ քայլը» խմբակցության անդամ Մխիթար Հայրապետյանը աշխատանքային հանդիպում էր ունեցել կարկառուն ՀՀԿ-ական, փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ: Այսպիսի մասնագիտական համագործակությունները, հանդուրժողականության մթնոլորտ ձեւավորելը շատ կարեւոր են պետականաշինության հարցում, որտեղ չկան մերոնք-ձերոնքի խնդիրներ, կա մեկ ընդհանուր՝ պետական շահ:

 

 

ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԹԱՂԱՊԵՏԸ
«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել Երեւանի վարչական շրջանների ղեկավարների հայտարարագրերը: Այս անգամ ներկայացնում ենք Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանի հայտարարագիրը: Ըստ նրա հայտարարագրի` ունի մեկ բնակարան: Բացի այս, Դանիելյանը մեկ ընկերությունում ունի 74 հազար 400 դրամի բաժնետոմս: Պաշտոնը ստանձնելիս Դանիելյանի փոխառությունները կազմել են 19 մլն դրամ, իսկ դրամական միջոցները` 22 մլն դրամ, 17 հազար դոլար, 1.8 մլն դրամ եւ 4000 եվրո: Պաշտոնը ստանձնելիս հայտարարագրել է սեփական աշխատավարձը, որը կազմել է 3.1 մլն դրամ: Ի դեպ, նշենք, որ Դանիելյանը 2007 թվականից զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ, հանդիսացել է «Պարադ Մեդիա», «Մենյու», «Սասնատուն Գրուպ», «Ջոջաց տուն» ընկերությունների հիմնադիրը եւ տնօրենը:

 

 

ՉԵՆ ՇԵՂՎԵԼ
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի խոսքով` Հայաստանի համար ԼՂ բանակցային գործընթացում գերակա են Արցախի կարգավիճակի ու անվտանգության հարցերը, որոնց շուրջ են ընթանում բանակցությունները: Նրա խոսքով` հայկական կողմն ուշադրություն է դարձնում բոլոր այն հանգամանքներին, որոնք վերաբերում են խաղաղությանը նպաստող միջավայրին: Զ. Մնացականյանը հավաստիացրել է, որ բանակցային գործընթացում որեւէ կերպ չեն շեղվել այն ամենից, ինչի մասին հրապարակային խոսել են. «Մենք որեւէ կերպ չենք շեղվել այն ամենից, ինչ ասել ենք: Մենք ընդգծել ենք բոլոր այն հիմնական սկզբունքները, որոնք վերաբերում են բացառապես խաղաղ կարգավորմանը, բացառապես Մինսկի խմբի եռանախագահության շրջանակներում: Ամենակարեւորը, որ մենք ասել ենք, որ Հայաստանի համար ստատուսի եւ անվտանգության հարցերը մնում են գերակա»,-ասել է նա: Նախարարի համար զարմանալի եւ տարակուսելի են պարտվողական տրամադրությունները այս առնչությամբ. «Մենք պարտվողական չենք եղել եւ չենք լինելու»,-ասել է նախարարը: Նախարարը, սակայն, համաձայն չէ, որ բանակցությունները փակուղում են, նա ընդգծում է, որ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններից հայկական կողմը չի հրաժարվել, ավելին` դրան ավելացել է Դուշանբեն. «Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները նպատակաուղղված են ռիսկերի նվազեցմանը, դրան ավելացել է Դուշանբեն: Մենք հասել ենք նրան, որ ունենք նվազ ռիսկեր, հանգստություն շփման գծում եւ սահմանին, որեւէ հարց դուրս չի եկել»,- եզրափակել է Զ. Մնացականյանը:

 

 

ՆԵՂԱՑԱԾ ՉԷ
Արցախի ՊԲ նախկին հրամանատար, ներկայումս Արցախի արտակարգ իրավիճակների ծառայության տնօրեն Լեւոն Մնացականյանի խոսքով` նոր իշխանություններից նեղացած չէ: «Միշտ բանակի կողքին ենք, շարունակում ենք այն բոլոր անելիքները, ինչ-որ ձեռնարկել ենք ժամանակին»,-ասել է նա: Այն հարցին, թե ինչ առաջնահերթ խնդիրներ կան բանակում, որոնք պիտի լուծվեն, Մնացականյանը պատասխանել է. «Բոլոր խնդիրները շարունակական են, լուծվող են: Մարտունակությունը դա ամեն օր զարգացվող, ամեն օր գումարվող հարցեր են, որ պետք է ուշադրություն դարձնենք»:

 

 

ՎԱՂ Է
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով` Հայոց բանակը մեր պետական շինարարության մեջ ամենակայացած կառույցն է: Անդրադառնալով 1000 դրամների հիմնադրամի մասին հարցին, որ ժամանակին ինքը շատ է քննադատել եւ նույնիսկ դեմ է քվեարկել խորհրդարանում` պատգամավորը պատասխանել է, որ այդ խնդիրները ժամանակի ընթացքում պետք է լուծվեն: «1000 դրամների հետ կապված, այո, եղել է այդ քննադատությունը, որ մենք հասել ենք նրան, որ ստիպված ենք սիմվոլիկ հարկ սահմանել, որպեսզի վիրավոր եւ զոհված զինծառայողների եւ նրանց ընտանիքների խնդիրները լուծենք: Բոլորս լծված ենք արդյունավետ պետության կառուցման գործին, մենք` մեր տեղը, իշխանությունն` իր տեղը: Հետեւաբար, հիմա կարծում եմ` դեռ վաղ է ասել, որ այ արդեն քանի որ հեղափոխություն է եղել, այս 1000 դրամների օրենքը կվերացնենք, եւ դա պետք չի, որովհետեւ դա կոնկրետ այս օրերին խնդիր է լուծում»,-ասել է նա:




Լրահոս