«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հեռուստատեսության եւ ռադիոյի խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանն արդեն հրաժեշտի հավաքույթ է արել։ Մարտի 11-ին կհայտարարվի մրցույթ նրա տեղի համար։ Եթե Հանրային ռադիոյի տնօրենի համար 30 թեկնածու է դիմել, ապա խորհրդի նախագահի համար հնարավոր է մի 20 դիմում լինի։ Արդեն իսկ հայտնի է, որ այս տեղի համար դիմելու է «Ա1+» ընկերության նախագահ Մեսրոպ Մովսեսյանը։
Հավակնորդների թվում են նաեւ հրապարակախոս, բանաստեղծ Տիգրան Պասկեւիչյանը, Երեւանի նախկին փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը, «Հայլուրի» նախկին խմբագիր Արայիկ Մանուկյանը եւ ուրիշներ։
Մրցութային հանձնաժողովի կազմում են մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը, Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը, ԱԺ պատգամավոր, ԿԳ նախկին փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը, «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լեւոն Բարսեղյանը եւ ՀՀ նախագահի խորհրդական Համլետ Գասպարյանը։
Ի դեպ, ռադիոյի տնօրենի մրցույթի հաղթողի անունը կհրապարակվի միայն խորհրդի նախագահի ընտրություններից հետո, մրցույթի վերջին փուլը կկայանա նրա մասնակցությամբ։
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: