ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարած 2.5 մլրդ ներդրումներից ակտիվ ընթացքում է միայն 800 մլն-ը: Այս մասին երեկ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նշեց ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը: Նշենք, որ վարչապետն այդպիսի թվերի մասին խոսել էր նախօրեի ասուլիսի ժամանակ:
Միեւնույն ժամանակ կառավարությունը դեռ հաշվարկներ չունի, թե այդ ներդրումների ամբողջ ծավալով իրականացման արդյունքում որքան աշխատատեղ կարող է ստեղծվել: Մեր տեղեկություններով, ներդրումային իրավիճակը գտնվում է անձամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուշադրության եւ վերահսկողության ներքո: Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախարարությունում կա հատուկ թերթիկ, որտեղ մանրամասն ներկայացված է յուրաքանչյուր ծրագրի հետ կապված իրավիճակը, եւ վարչապետի պահանջով ամեն շաբաթ այն ներկայացնում են իրեն:
Փաշինյանն անձամբ է տեղեկանում, թե ինչ իրավիճակ է, կամ ինչու է դանդաղում այս կամ այն ծրագիրը: Տեղեկացանք նաեւ, որ կառավարությունում սկսել են լրջորեն մտածել ներդրումային հիմնադրամ ունենալու շուրջ, որն ավելի կարող է հեշտացնել ներդրող-կառավարություն կապը: