Աղետների կանխարգելումը՝ գերնպատակ. Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է Հայաստանում ՅՈԻՆԻՍԵՖ-ի ներկայացուցչին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 25-ին ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունեց Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ (ՅՈԻՆԻՍԵՖ) Տանյա Ռադոչային:

Ողջունելով հյուրին՝ նախարարը կարևորեց ՀՀ կառավարության հետ կնքված ծրագրի կատարումը և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ ԱԻՆ համագործակցության ընդլայնումը:

Նախարարն ընդգծեց, որ իր հումանիտար առաքելության մեջ նախարարության գլխավոր անելիքը աղետների հնարավոր կանխարգելումն է: Այդ առումով չափազանց կարևոր է դպրոցներում համապատասխան գիտելիքների ուսուցումը:
Այս տեսանկյունից առավել քան կենսական է Հանրապետության հանրակրթական հաստատություններում քաղպաշտպանության դասընթացների անցկացումը:

Ֆելիքս Ցոլակյանը տեղեկացրեց, որ այս հարցում կրթության և գիտության նախարարության հետ առկա է նախնական համաձայնություն:
Ըստ նախարարի՝ աղետների ռիսկի նվազեցմանը կծառայի նաև դպրոցներում և նախադպրոցական հաստատություններում լուսաձայնային և ազդանշանային համակարգերի տեղադրումը:
Տանյա Ռադոչան շեշտեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի պատրաստամությունը բնական և տեխնածին աղետների դեպքում ՀՀ-ին աջակցելու հարցում՝ նշելով, որ ժամանակակից աշխարհում որևէ երկիր ապահովագրված չէ աղետներից:

Միջազգային կառույցի ներկայացուցչի խոսքով՝ ՀՀ-ին օժանդակության ծրագրի շրջանակներում 55 դպրոցական հաստատություններին տրամադրվում է աղետների ժամանակ գործողությունների վերաբերյալ ուսումնամեթոդական գրականություն:

Նա տեղեկացրեց, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ը մեթոդական օժանդակություն է ցուցաբերում աղետների ռիսկի նվազեցման գործում օրենսդրական կարգավորումներում:

Հանդիպման վերջում Ֆելիքս Ցոլակյանը հույս հայտնեց, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցության արդյունքում մեր երեխաները կդառնան ավելի պաշտպանված և իրազեկ:




Լրահոս