Դռներ, պատուհաններ արտադրողը հաղթել է թունանյութերի մրցույթում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գյուղատնտեսության նախարարության՝ մկնասպան թունանյութերի ձեռքբերման գործընթացի շուրջ ստեղծված աղմուկը չի դադարում։ ArmLur.am-ը գրել էր, որ Գյուղատնտեսության նախարարությունը սովորաբար թունանյութերի գնման տեխնիկական բնութագրերում պահանջվող թունանյութի նկարագրությունն այնպես է կազմում, որ համապատասխանում է միայն «Հրաշք այգի» ընկերության մատակարարած ապրանքներին:

Ու կան հիմնավոր կասկածներ, որ Գյուղատնտեսության նախարարությունը հատուկ է այդպիսի պայմաններով մշակում մրցութային տեխնիկական բնութագիրը, որ ուրիշ ընկերություններ չկարողանան հաղթող ճանաչվել: Սակայն «Հրաշք այգի» ընկերությունից հակառակն են պնդում՝ նշելով, որ գերատեսչությունը փորձում է իրենց «խաղից դուրս հանել»։

«Հրաշք այգի» ընկերության իրավաբան Միքայել Ավետիսյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենց ընկերությունը երբեւիցե արտոնյալ պայմաններում չի եղել, առավել եւս պետական գնումների գործընթացում։ «Մենք վնաս ենք կրում՝ հաշվի առնելով, որ ունենք արտասահմանյան գործընկերներ։ Զանգեր ենք ստանում մեր գործընկերներից, որը նշանակում է, որ հաճախորդները վաղը կհրաժարվեն մեզ հետ համագործակցել։ Մենք կոռուպցիոն գործարքների մեջ ներգրավված չենք»,- հայտարարեց ընկերության ներկայացուցիչը։

Այսպես, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն անցած տարվա նոյեմբերի 19-ին պայմանագիր է կնքել «Հրաշք այգի» ընկերության հետ՝ «ռոդիֆակում» տեսակի թունանյութ ձեռք բերելու նպատակով։ Այն, ի դեպ, նախատեսված է կրծողների դեմ պայքարի համար եւ համարվում է մկնասպան միջոց: Պարզվում է, որ մկնասպան միջոցների ձեռքբերման համար նախատեսված մրցույթին մասնակցության հայտ ներկայացրել են «Հրաշք այգին» եւ «Ագաստ» ու «Ջի Թի Սին»: Դրանցից երկուսը` «Ագաստ» ու «Ջի Թի Սին»,  առաջարկել են 32 մլն 687 հազար դրամ, իսկ «Հրաշք այգի»-ն` 25 մլն 680 հազար դրամ:

Բնականաբար, ԳՆ-ն պայմանագիրը կնքել է «Հրաշք այգի» ընկերության հետ: Իսկ ընդհանուր պայմանագրի արժեքը կազմել է 25 մլն 680 հազար 400 դրամ: Սակայն պարզվում է, որ գյուղատնտեսության նախարարությունը «Հրաշք այգի»-ից այդպես էլ չի գնել մկնասպան թունանյութերը, քանի որ ընկերությունը պայմանագիրը վիճարկել է դատարանում՝ հիմնավորելով, որ տեխնիկական բնութագիրը չի համապատասխանել օրենքի պահանջին՝ մի շարք պայմաններից ելնելով։

Իրավաբանի խոսքով, տեխնիկական բնութագրում նշված է, որ թունանյութը պետք է լինի մածուցիկ, թափանցիկ հեղուկ՝ կարմիր կամ կապույտ գունավորմամբ։ «Թե ինչ հիմնավորմամբ է նշված կարմիր կամ կապույտ գունավորմամբ պարզ չէ, որովհետեւ կարող է այն լինել նաեւ այլ գույնի։ Այստեղ հատուկ է ընդգծված։ Մյուս խնդիրը տեխնիկական բնութագրի այն է, որ նշված է, թե նյութը պետք է լինի մածուցիկ, թափանցիկ հեղուկ։ Ինչու պետք է լինի կարմիր կամ կապույտ»,- զարմացած նշեց Միքայել Ավետիսյանը։

Մեր զրուցակիցը հայտնեց նաև, որ իրենց ընկերությունը ԳՆ-ին առաջարկել է նույն թունանյութի փոշի տարբերակը, սակայն նախարարությունից հրաժարվել են։ Այս տարվա փետրվարին, երբ ԳՆ-ն նոր տենդեր է հայտարարել, փոփոխվել է տեխնիկական բնութագիրը։ «Այդ տեխնիկական բնութագրում մենք արդեն տեսնում ենք, որ հեղուկի կողքը նաեւ գրված է փոշի և այլն։ Ես ենթադրում եմ, որ այս ամենի նպատակը մեզ այս խաղից դուրս հանելն է։ Նույն ապրանքի մասին է խոսքը, բայց բավականին մեծ տարբերություններ կան տեխնիկական բնութագրերում»,- նկատեց ընկերության ներկայացուցիչը։

Ի դեպ, տեղեկացնենք, որ ԳՆ- այս տարի ևս նույն պահանջով մրցույթ է հայտարարել, որին մասնակցել է «Հրաշք այգի»-ն, բայց հաղթող չի ճանաչվել։ Իր հերթին ընկերության տնօրեն Արթուր Իվանյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ ինչ մրցույթների մասնակցել է իր ղեկավարած ընկերությունը, հակառակը՝ փորձել են խնդիրների առաջ կանգնեցնել։

Հ.Գ. Հավելենք, որ նոր փոփոխված տեխնիկական բնութագրով հայտարարված մրցույթին հայտ է ներկայացրել երեք ընկերություն, այդ թվում «Հրաշք այգի»-ն, բայց ցածր գին առաջարկել է «ԱԷՍ Թրեյդ» ընկերությունը, որն էլ հաղթող է ճանաչվել։ Ի դեպ, տեղեկացնենք, որ «ԱԷՍ Թրեյդ» ընկերությունը դռների, պատուհանների արտադրությամբ է զբաղվում։ Բայց չնայած սրան մասնակցել է թունանյութերի գնման համար հայտարարված մրցույթին եւ հաղթող ճանաչվել։

Սյունէ Համբարձումյան




Լրահոս