
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության դեմ դատական հայց է ներկայացրել նախկին աշխատակիցներից Սուրեն Պետրոսյանը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նա ապրիլի 3-ին դատարան է դիմել՝ պահանջելով ստիպել նախարարությանն անվավեր ճանաչել 2019 թվականի փետրվարի 12-ի հրամանը, իրեն աշխատանքի վերականգնել եւ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձ բռնագանձել:
Նկատենք, որ Սուրեն Պետրոսյանը այդքան էլ պատահական մարդ չէ: Նա մինչ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում աշխատանքի անցնելը զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարության աշխատակազմի կապի եւ տեղեկատվայնացման վարչության պետի պաշտոնակատարի պաշտոնը, որից հետո էլ տեղափոխվել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն: Հասկանալի է՝ այս տարի նրան ազատել են աշխատանքից, եւ հիմա նա դատարանի միջոցով է փորձում վերականգնել իր իրավունքները: