Ռոբերտ Քոչարյանի վերաբերմունքում իրավիճակ է փոխվել. դրսից «տղա է բերում» իշխանությունների դեմ, որպեսզի իրեն «քոմագ անեն». խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երբ The Washington Post թերթում 2008-ին հրապարակվեց նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հոդվածը, որում նա մասնավորապես կոչ էր արել Արեւմուտքին մարտի 1-ի դեպքերի պատասխանատու ճանաչել ոչ թե ընդդիմությանն, այլ ՀՀ իշխանություններին, այն ազգային խայտառակություն համարվեց օրվա իշխանության կողմից: Այդ ժամանակ դեռեւս ՀՀ նախագահ Ռ. Քոչարանը հոդվածը որակել էր դրսից «տղա բերելու» փորձ եւ նշել, թե նախկին նախագահը պետք է պատասխան տա «իր ժողովրդի եւ իրավապահների առաջ»:

Այսօր, սակայն, նույն ինքը՝ Մարտի 1-ի գործով կալանքի տակ գտնվող Ռ. Քոչարյանն է հոդված հրապարակել «դրսի մամուլում»`  իր հերթին փորձելով «տղա բերել»  ՀՀ իշխանության դեմ եւ իրեն «քոմագ անելու»  կոչ արել եվրոպական հանրությանը: EurActiv-ում տպագրված հիշյալ հոդվածում նախկին նախագահը անդրադարձել է իրեն առաջադրված մեղադրանքին եւ ՀՀ վարչապետին մեղադրել իրեն զրպարտելու, իշխանության չարաշահման մեջ, այն դեպքում, երբ, ըստ նրա, Փաշինյանը եվրոպական մայրաքաղաքներում իր հանձնառությունն է հայտնում օրենքի գերակայությունն ամրապնդելու հարցում: Ուշագրավ է հատկապես հոդվածի եզրափակիչ հատվածը. «Իսկ ինձնից հետո ո՞վ է լինելու հաջորդը: Այս պատճառով էլ ԵԽ-ին եւ ԵՄ-ին կոչ եմ անում կանգնել կողքիս ու ՀՀ իշխանություններին մարդու իրավունքների չափանիշներին (այդ թվում՝ արդար դատավարություն, խտրականությունից պաշտպանում) լիարժեք եւ խիստ հետեւելու պահանջ ներկայացնել»:

Անշուշտ, որեւէ արտառոց բան չկա նրանում, որ ԵԽ անդամ որեւէ երկրի որեւէ քաղաքացի, ով էլ որ նա լինի, իր իրավունքների խախտման կամ ներպետական խնդիրների մասին հրապարակավ ծանուցի եվրոպական ընտանիքին: Արտառոցն այս դեպքում Քոչարյանի վերաբերմունքի փոփոխությունն է այդ ընտանիքի հանդեպ, որին տարիներ առաջ այլ կերպ էր մոտենում: Երբ այլ հիմնախնդիրների հետ կապված նրան հիշեցնում էին ԵԽ-ի առջեւ ստանձնած պարտավորություններն ու դրանց չկատարումը, Քոչարյանը հեգնանքով արձագանում էր. «Եվրախորհուրդը հո Պոլիտբյուրո չէ՞»: Իհարկե, անկախ այն հանգամանքից, թե ԵԽ-ն ում մոտ ինչի հետ է ասոցացվում՝ Պոլիտբյուրոյի՞, թե՞ Տիզբոնի, ՀՀ-ում պետք է բոլոր իշխանությունների օրոք հարգվեն մարդու իրավունքներն ու ժողովրդավարական ինստիտուտները:




Լրահոս