Առաջիկա տարիներին Հայաստան չեմ գա, գամ, շարունակեմ անտեսվա՞ծ լինել. Արփինե Բեկջանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն երկու տարի է՝ Արփինե Բեկջանյանը չի երեւում երգարվեստի ասպարեզում: Երկրպագուները անհանգստանում են եւ հարցնում՝ որտեղ է երգչուհին եւ ինչով է այժմ զբաղված: Այսպիսով՝ «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց Արփինեի հետ: Վերջինս տեղեկացրեց, որ արդեն երկու տարի է՝ ապրում եւ աշխատում է Միացյալ Նահանգներում՝ Գլենդելում:

«Գրին քարտ ունեի, մշտապես գնում-գալիս էի Միացյալ Նահանգներ: Մտածում էի՝ կգա ժամանակ եւ իմ հայրենիքում լավ կլինի, ստիպված չեմ լինի տեղափոխվել ԱՄՆ: Հետո հասկացա, որ ոչինչ էլ չի լուսավորում մեր երկրի ապագան ու եկա ԱՄՆ, մնացի: Արդեն շատ դժվարություններ եմ հաղթահարել, մի մասը՝ միայնակ, մյուս մասը՝ ընկերներիս շնորհիվ, ինձ համար ստեղծել եմ ապրելու համար հիմք: Տարիներ են հարկավոր, որ Հայաստանում իրավիճակը լավանա»,-մեկնաբանեց երգչուհին:

Հարցին, թե արդյոք թավշյա հեղափոխությունը չի ոգեւորել իրեն, Արփինեն պատասխանեց. «Ոգեւորել է, ես էլ ԱՄՆ-ում էի ակտիվ մասնակցում ցույցերի, առաջին շարքերում էի: Բայց Հայաստանի իմ հարազատներից եւ ընկերներից երկրում տիրող իրավիճակի վերաբերյալ դրական արձագանքներ չկան: Մի բան էլ իրենք են ուզում գալ ինձ մոտ»:

Նա տեղեկացրեց, որ Միացյալ Նահանգներ ամբողջ ընտանիքին դեռ չի հաջողվել տեղափոխվել. միայն ինքն ու դուստրն են այնտեղ, իսկ ամուսինն ու որդին Հայաստանում են.«Հույս ունեմ՝ շուտով նրանք էլ կմիանան մեզ: Իհարկե, այս հեռավորությունը հաղթահարելը դժվար է, բայց որոշակի զոհաբերություններ է պետք անել, որպեսզի ձեռքբերումներ ունենաս»,-ասաց Արփինեն:

Նա Գլենդելում երգում է ռուսական ռեստորանում.«Այստեղ ամեն կերպ ձգտում ես գումար վաստակել, ստիմուլ ունես»,-շեշտեց մեր զրուցակիցը: Իսկ հարցին, թե արդյոք առաջիկայում կներկայացնի նոր տեսահոլովակ, պատասխանեց. «Առանց Արմանի (Նկատի ունի ամուսնուն՝ երգիչ, երգահան Արման Էլբերտին-հեղ.) դժվար կլինի նման բան ձեռնարկել այստեղ, բայց երբ միանա մեզ, կարծում եմ՝ դա էլ կլինի: Նման նպատակներ կան»:

Իսկ հարցին, թե հույս ունենա՞նք, որ, այնուամենայնիվ, Արփինեի վերջին հանգրվանը հայրենիքը կլինի, վերջինս պատասխանեց հարցով. «Դեռ պարզ չէ,բայց մոտակա մի քանի տարվա ընթացքում հաստատ չեմ գա Հայաստան: Գամ՝ ի՞նչ անեմ, շարունակեմ անտեսված լինե՞լ, գամ ու կրկին օրվա փողով ապրե՞մ…»:
Նա նաեւ հավելեց, որ ապրելով Նահանգներում, չի դարձել «ամերիկացի», ինչպես շատերն են որակում. «Ես ապրում եմ Հայաստանով, այդտեղի խնդիրներով, այդտեղի ժամանակով, առավոտով եւ երեկոյով, կարոտում եմ ընկերներիս, պաշտում եմ հայրենիքս»:

Աննա Բաբաջանյան




Լրահոս