Սերժ Սարգսյանն ամեն օր գրասենյակում աշխատում է. կխոսի, երբ հարմար կլինի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային Ժողովի ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Կարինե Աճեմյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ իրենց կուսակցությունում բնականոն վիճակ է, իրենք ամենօրյա աշխատանք են իրականացնում, ու որեւէ արտառոց բան չկա, որ Սերժ Սարգսյանը առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ:

-Տիկի՛ն Աճեմյան, կարծես թե հանրության շրջանում հետաքրքրություն է առաջացրել ՀՀԿ-ականների այն հայտարարությունը, թե շուտով ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը խոսելու է, ու տեսակետ կա, որ Սարգսյանը ինչ-որ սենսացիոն հայտարարություն է անելու: Ի՞նչ հայտարարություն է սպասվում, ի՞նչ է ասելու Ս. Սարգսյանը:

-Կարծում եմ, որ եթե հետաքրքրությունն այդքան մեծ է, ուրեմն հայտարարությունը սպասված է, դա չի կարելի հերքել: Բայց ուզում եմ ասել նաեւ, որ պարոն Սարգսյանը ինքը երբ հարմար կլինի, այդ ժամանակ էլ կխոսի. այլ բան չունեմ ավելացնելու:

-Իսկ կուսակցությունում հանդիպումներ ունենո՞ւմ եք, թե՞ ՀՀԿ-ականները մեկուսացած են` ի դեմս նաեւ Սերժ Սարգսյանի:

-Մենք բազմիցս ասել ենք, որ բոլորս էլ աշխատում ենք: Մենք հանդիպումներ, քննարկումներ ունենում ենք, քաղաքական դպրոցն իր հունով աշխատում է, պարոն Սարգսյանը ամեն օր լինում է կուսակցության գրասենյակում, հանդիպումներ է ունենում, այսինքն` մենք զբաղված ենք կուսակցական աշխատանքներով: Ասեմ նաեւ, որ նոր անդամագրումներ են լինում. երկու օր առաջ էլ եկել են, խնդրել են ու անդամագրվել են մեր կուսակցության շարքերը: Երեւի մամուլով տեսել եք, որ մեծ քանակով երիտասարդներ անդամագրվել են. դա բացառապես իրենց ցանկությունն է, եւ մենք ընդառաջում ենք այդ ցանկություններին:

-Այսինքն` ըստ Ձեզ` նորից վերադառնո՞ւմ են ՀՀԿ, հիասթափվե՞լ են ներկայիս վարած քաղաքականությունի՞ց: Ինչո՞ւ են մարդիկ անդամագրվում ՀՀԿ-ին, եթե Ձեր կուսակցությունն ակտիվ քաղաքականություն չի իրականացնում:

-Քանի որ նոր մարդիկ են անդամագրվում, կարծում եմ, պարզապես իրենց քաղաքական դիրքորոշումն արտահայտելու հարթակ է, եւ դրանով է պայմանավորված իրենց որոշումը: Կարծում եմ, որ ամեն մարդ իր կաշվի վրա է զգում այն իրավիճակը, որ այսօր Հայաստանում կա, դրա համար էլ բարձրաձայնում է, խոսում է այն իրավիճակից, որն առկա է: Դժգոհությունները իշխանություններից ամեն օր ավելի ակնհայտ են դառնում, ուղղակի որ դրա մասին մեր ուժն է խոսում, դա դիտվում է շատ սուբյեկտիվ վերաբերմունք, բայց ինքններդ էլ ե՛ւ հարցումներից, ե՛ւ Ձեր շրջապատի մարդկանցից էլ կարող եք պարզել իրականությունը:

Ե՛ւ մարզերում, ե՛ւ քաղաքում մարդիկ իրենց դժգոհությունները բարձրաձայնում են, դրա մասին տեղեկացնում են, ու դա իրականությունն է. դրա մասին մենք չէ, որ խոսում ենք, դա հանրությունն է ասում: Ու նաեւ այս մեկ տարվա մեջ ատելության այնպիսի մեծ պաշար տարածվեց երկրում, բարոյահոգեբանական մթնոլորտն այնպես խեղաթյուրվեց, որ մարդկանց մեջ ե՛ւ ատելությունը, ե՛ւ զգուշավորությունը, վախը մեծ չափով ավելացել են, իսկ դա չեմ կարծում, որ հետագայում որեւէ լավ բանի կբերի:

-Իսկ ի՞նչ եք կարծում, արժե՞, որ ՀՀԿ-ն փորձի վերադառնալ քաղաքականություն, հանրությունը Ձեզ սպասո՞ւմ է:

-Ընդհանրապես, քաղաքականության մեջ ամեն ինչ հնարավոր է, որ մենք տեսանք նաեւ անցած տարի այնպիսի երեւույթներ, որ հանրությունն ու քաղաքական ուժերն էլ չէին սպասում, բայց իրականում մեր գերխնդիրը վերադառնալը չի, մենք չափազանց մտահոգված ենք ե՛ւ Արցախի հարցի հետ կապված, ե՛ւ Հայաստանում տնտեսական իրավիճակի հետ կապված, որն իրականում անկում է ապրում: Մենք տեսնում ենք, որ իրականում օրնեսդիր ու գործադիր մարմնում են այնպիսի մարդիկ, ովքեր դիջեյ են եղել, շպագատ են իջել, այսինքն` քաղաքական որեւէ փորձ չունեցող մարդիկ, ովքեր քաղաքականությանը միայն թեթեւ ծանոթ լինելով` եկան իշխանության, ու այդ պատճառով է, որ մենք հիմնականում որեւէ դրական աշխատանք չենք տեսնում:

Ես համոզված եմ, որ երկիրը առաջընթաց կապրի, եթե լինի հիմնավորված ծրագիր ու այդ ծրագիրը իրագործողներ ունենա: Իսկ ես այս ամենը չեմ տեսնում: Եթե մենք բարձրաձայնում ենք դրա մասին, իշխանությունները չեն ցանկանում ընդունել, մենք տեսնում ենք խնդիրը ու դրա մասին ասում ենք: Եթե ցանկություն կա ինչ-որ բան անելու, ինչ-որ արդյունք ունենալու, ապա պետք է լսել նաեւ քննադատությունը, տեսնել այն իրականությունը, որն առկա է Հայաստանում, իսկ եթե նման ցանկություն չկա, ուրեմն որեւէ բանի չեն կարող հասնել: Քննադատությունը շատ օգնում է տեսնել իրականությունը:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս