ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ղազախները գրանցվում են Հայաստանում և էժան գներով ավտոմեքենա են գնում. ինչ է կատարվում Վանաձորի մաքսատանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շրջանում ավտոմեքենաների գները բավականին բարձրացել են: Ըստ մասնագետների` հիմնականում թանկ վաճառվում են այն ավտոմեքենաները, որոնք արտահանվում են:

Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանի խոսքերով` թանկանում են այն ավտոմեքենաները, որոնք արտահանվում են ՀՀ-ից. «Օրինակ` ճապոնական որոշ մոդելներ կան, տղաները Էմիրաթներում գնում էին 2000 դոլարով, հիմա 4 հազար դոլարով են ձեռք բերում: 7 տեղանոց մեքենաները երկու անգամ են թանկացել: Ներքին շուկայում եւս ավտոմեքենաների գները բարձրացել են 30 տոկոսով»:

Բայց մասնագետը մեզ հետ զրույցում նկատեց, որ հիմնականում ղազախներն են մերոնցից մեքենա գնում: «Գալիս գրանցվում են մեր հայ բնակիչների հասցեներով, իրենք էլ են առեւտրի մեջ, իրենք էլ են մեքենա ներկրում ու ծախում: Շունը տիրոջը չի ճանաչում: Մեր քաղաքացիների անունով գրանցվում են ու ձեռնարկատիրությամբ են զբաղվում, մեզ հետ միասին գալիս են, Վրաստանից մեքենա են բերում: Մարդիկ 100 դոլար վճարում են մեր բնակիչներին, գրանցվում են իրենց տան վրա ու գնում, մեքենա են բերում:

Գնացեք Վանաձորի մաքսատուն ու կտեսնեք, թե ինչ հերթեր են, ու բոլորը ղազախներ են, ռուսներ: Մեր հետ մրցակցում են»,- հայտարարեց Տիգրան Հովհաննիսյանը: Ի դեպ, տեղեկացնենք, որ նախորդ տարի ստեղծվել է «Ավտոներկրող-10» ՍՊԸ-ն, որտեղ գրանցված են 6000 քաղաքացի: Ընկերությունը դարձել է խոշոր հարկատու: Շուտով կհայտնվի նաեւ հազար խոշոր հարկատուների տասնյակում:

Ի դեպ, նկատենք, որ մարդիկ սկսեցին մեծ քանակությամբ ավտոմեքենա ներկրել այն բանից հետո, երբ հայտնի դարձավ` 2020 թվականի հունվարի 1-ից ավտոմեքենաների մաքսատուրքը լինելու է` ըստ շարժիչի հզորության: Արդյունքում 4-5 անգամ ավելանալու է մեքենաների արժեքը:

Մեքենաների մաքսազերծումը կիրականացվի ԵՏՄ դրույքաչափերով, ինչը նշանակում է, որ երրորդ երկրներից մեքենաների մաքսազերծման վճարը կբարձրանա, ընդ որում` երեք տարեկան եւ ավելի մեքենաներինը` կտրուկ: Այս նորմերը նպատակ ունեն խրախուսել ԵՏՄ անդամ պետությունների արտադրանքի վաճառքը: Բայց փաստ է, որ անցած տարվա ընթացքում, օրինակ, ՌԴ-ից ավտոմեքենաների ներկրման ծավալները 2017թ.-ի համեմատ նվազել են:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս