ՇՆՈՐՀՔՈՎ ՆԵՐԽՈՒԺՈՒՄ ԵՆ ՔՐԵԱԿԱՆ ԱՇԽԱՐՀ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դնելու ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որով պատիժ է սահմանվելու քրեական միջավայրում կամավոր ներգրավվելու, այդ ենթամշակույթին հարելու ու տարածելու համար: Երեկ այդ նախագիծը հայտնվեց իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում, բայց կարճ ժամանակ անց հանվեց. նախարարությունը որոշել է այն եւս մեկ անգամ լրամշակել, նոր ներկայացնել հանրությանը:

Մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այդ նախագիծի համաձայն` քրեական միջավայր ստեղծելը կամ ղեկավարելը կպատժվի ազատազրկմամբ 6-10 տարի ժամկետով:
Եթե արարքը քրեական միջավայրում քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից է կատարվել, ապա այն կպատժվի ազատազրկմամբ՝ 10-15 տարի ժամկետով:
Քրեական միջավայրում կամավոր ներգրավվելը կպատժվի ազատազրկմամբ 4-8 տարի ժամկետով:
Քրեական ենթամշակույթին հարելն ու այն տարածելը կպատժվի տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 3 տարի ժամկետով:
Նախագծի հիմնավորումների մեջ նշված է. «Քրեական ենթամշակույթի, դրա տարածման եւ ազդեցության դեմ պետք է դրսեւորել համակողմանի մոտեցում, այսինքն՝ պետք է քայլեր ձեռնարկել ինչպես գործնական, այնպես էլ օրենսդրական մակարդակներում: Այս մոտեցման կարեւորագույն մասերից է կազմում գործող օրենսդրական կարգավորումների եւ նախատեսվող փոփոխությունների պայմաններում գործնական սկզբունքների այնպիսի համակարգի ապահովումը, որն ուղղված է քրեական ենթամշակույթի լայն տարածում ունեցող ազդեցության նվազեցմանը՝ ընդհուպ մինչեւ դրա լիովին բացառմանը, քանզի, ի վերջո, դրանց լուծման ուղիների որոնումը հասարակության հետագա առողջ զարգացման գրավականն է: Հարկ է նկատել, որ, օրինակ, հանցագործներին բնորոշ ժարգոնային խոսքը ներթափանցել է հասարակական գրեթե բոլոր ոլորտներ եւ իր բացասական ազդեցությունն է թողնում հասարակության վրա` ձեւափոխելով նրանց պատկերացումները մարդկային հարաբերությունների եւ մշակութային արժեքների վերաբերյալ»:
Բայց հետաքրքիրն այստեղ քրական օրենսգրքի նախագծով «քրեական միջավայր», «քրեական մշակույթ» հասկացություններն են: Այստեղ կարեւոր է հասկացության ճշգրիտ սահմանումը, որպեսզի հետագայում տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք չտա:
Ի վերջո, ո՞րն է համարվում քրեական մշակույթ, ենթամշակույթ: Օրինակ` համրիչ՝ թզբեխ, օգտագործելը, մարմնին դաջվածքներ՝ տատու, անելն արդյո՞ք համարվում են քրեական մշակույթին կամ ենթամշակույթին հարել: Ինչպե՞ս պետք է որոշվի, օրինակ, ձեռքի վրա տատու արած աղջնակը համարվո՞ւմ է քրեական մշակույթի տարածող, թե՞ ոչ: Ու եթե այո, այս տրամաբանությամբ պե՞տք է փակել տատուի սրահները:
Նույն տրամաբանությամբ՝ քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեն, օրինակ, տաքսիների կամ երթուղայինների վարորդները, որոնք մեքենաներում միացնում են երգեր, որոնցում գովերգվում է գողական կյանքը, բանտի կյանքը, երբեմն հնչում են նաեւ թմրանյութերին նվիրված երգեր:
Իսկ ժարգոնային խոսակցությունները կարո՞ղ են համարվել հիմք՝ քրեական պատասխանատվության ենթարկելու. չէ՞ որ սրանք եւս միտված են տարածելու քրեական մշակույթը:
Ի վերջո, օրենքի նախագծի ընդունումը, թերեւս, կարող է հիմք հանդիսանալ հայկական հեռուստաեթերը լցնող մի շարք հեռուստասերիալների դադարեցմանը, որովհետեւ «օճառային օպերաներում» հնչող արտահայտությունների 80 տոկոսը քարոզում են գողական տերմինալոգիա եւ բարքեր:
Արդարադատության նախարարության նմանօրիանակ քայլերը՝ միտված արատավոր երեւույթների վերացմանը, իհարկե, գովելի են, սակայն մնում է հասկանալ՝ արդյո՞ք նախարարությունը պատվով դուրս կգա իր ներկայացրած նախագծին կյանք տալու գործընթացից:
Ի դեպ, նախագծում նշված է, որ ներկայումս համանման նախաձեռնություններ կան Ռուսաստանի Դաշնությունում եւ Ուկրաինայում, իսկ, օրինակ, Վրաստանի քրեական օրենսգիրքը 2006 թվականից պատասխանատվություն է նախատեսում գողերի ընկերակցությանն անդամակցելու, ինչպես նաեւ «օրենքով գողի» կարգավիճակում լինելու համար:

ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆ

 

 

 

ԹԵՐԲԵՌՆՎԱԾՆԵՐԸ
Ազգային ժողովում գործող 11 հանձնաժողովներից երկուսում` արտաքին հարաբերությունների հանձնաժողովում եւ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում, մինչեւ այժմ որեւէ նախագիծ ներկայացված չէ քննարկման: Այս երկու հանձնաժողովները մինչեւ այժմ միայն մեկ նիստ են անցկացրել, այն էլ փետրվարին` ընտրելով հանձնաժողովի նախագահի տեղակալ եւ հաստատել աշխատակարգը: Թերբեռնվածության առումով առաջատար է նաեւ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերով հանձնաժողովը, որը չնայած կրկին մեկ նիստ է արել, սակայն մեկ նախագիծ էր ամրացված այդ հանձնաժողովին: Նախագծերի առատության առումով ռեկորդակիրները տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն է` 22 հատ, եւ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը` 32 հատ: Ընդհանուր առմամբ այս հանձնաժողովները միշտ գերբեռնված են եղել նախորդ գումարման խորհրդարանների գործունեության ժամանակ:

 

 

ԳՅՈՒՂԱՊԵՏԵՐԸ ԶԱՅՐԱՑԱԾ ԵՆ
Հայաստանի Արարատի եւ Արմավիրի մարզերում, հնարավոր է, առաջիկայում դժգոհության մեծ ալիք բարձրանա: Պատճառը համայնքների խոշորացումն է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը մտադիր է շուտով շարունակել եւ ավարտին հասցնել համայնքների խոշորացման ծրագիրը: Նախարարության այս որոշումը խիստ մտահոգել է Արմավիրի եւ Արարատի մի շարք համայնքների ղեկավարներին: Հիշեցնենք` նախորդ իշխանությունների ձեռնարկած համայնքների խոշորացման ծրագիրը դադարեցվել է: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ այս ծրագիրը Հայաստանում կասեցվել է մինչեւ խորհրդարանական ընտրություններ` 2018 թվականի դեկտեմբերի 9-ը: Բայց անորոշ էր` ընտրություններից հետո այն կշարունակվի՞, թե՞ ոչ: Պարզվում է, որ իշխանությունները որոշել են ծրագիրը շարունակել եւ ավարտել, քանի որ գործադիրը միջազգային պարտավորություններ ունի դրանց շարունակականության հարցում:

 

 

ԿՏՈՒԳԱՆՎԵՆ
Տեխնիկական զննության կտրոնի տրամադրման պահանջը, հնարավոր է, առաջիկայում հանվի: Վերահսկողությունը կիրականացվի էլեկտրոնային շտեմարանի եւ արատորոշման քարտի միջոցով: Այդ քարտը կներառի անհրաժեշտ տեղեկությունը տրանսպորտային միջոցի, տեխնիկական զննության, ինչպես նաեւ կրկնակի տեխնիկական զննության անցնելու վայրի, օրվա, ժամի, տեխնիկապես սարքին ճանաչվելու կամ հայտնաբերված թերությունների վերաբերյալ: Քարտը կլրացվի էլեկտրոնային եղանակով եւ կպահպանվի էլեկտրոնային շտեմարանում, ինչը հնարավորություն կտա վերահսկողություն իրականացնել նաեւ էլեկտրոնային եղանակով, առանց ավտոմեքենան կանգնեցնելու: Այս նախագծի կիրառման արդյունքում կբացառվեն խաբեության դեպքերը, եւ կտուգանվեն ոչ միայն վարորդները, այլեւ տեխնիկական զննության կայանները` այդ գործընթացը սահմանված կարգով չիրականացնելու համար:

 

 

ԱՐՏԱՀԵՐԹ` ԱԺ-ՈՒՄ
Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի: Կառավարության առաջարկով` նիստը կգումարվի մարտի 13-ին` ժամը 12:00-ին: Նիստի օրակարգում կընդգրկվի «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը:

 

 

«ՆՈՐ ԳԱՂԱՓԱՐՆԵՐ» ԼԱՅՉԱԿԻՑ
ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակը հաջորդ շաբաթ կայցելի Երեւան` իր հետ բերելով մի շարք «նոր գաղափարներ» ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասով: Հիշեցնենք, որ Լայչակը մարտի 5-ին ժամանել է Բաքու, որտեղ հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Նա նշել է, որ քննարկել է Ադրբեջանի ղեկավարության հետ ղարաբաղյան հակամարտությունը` ընդգծելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը միակն է բանակցությունների համար, եւ դրա ցանկացած փոփոխություն պետք է համաձայնեցվի հակառակ կողմի հետ: Լայչակը տեղեկացրել է, որ կժամանի Երեւան` շարունակելու քննարկումները. «Մենք կշարունակենք հակամարտության կարգավորման փնտրտուքը: Կան մի շարք գաղափարներ, որոնք ես կտանեմ Երեւան»,- հավելել է նա:

 

 

ԿՔՆՆԱՐԿՎԻ ԱԺ-ՈՒՄ
Կառավարության նիստին ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ներկայացրել է «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: 2017թ. հունիսի 9-ին ընդունվել էր «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքը, որով նախատեսվում էր սահմանադրական կարգավորումների համատեքստում ինքնավար մարմնի` Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ձեւավորում, սակայն, ինչպես նշել է Զեյնալյանը, մինչ օրս հանձաժողովը չի կազմավորվել: Նախագծի կարգավորումների համաձայն` առաջարկվում է «Հանրային ծառայության մասին» օրենքով նախատեսված հայտարարագրման նոր կարգավորումների ուժի մեջ մտնելու ժամկետ նախատեսել 2020թ. հունվարի 1-ը: Զեյնալյանը խնդրել է նախագիծը համարել անհետաձգելի եւ քննարկել ԱԺ առաջիկա նիստերի ընթացքոմ: Վարչապետի առաջարկով նախագիծն ընդգրկվեց մարտի 13-ի արտահերթ նիստում:

 

 

ՁԳՏԵԼՈՒ Է
Բաքուն ամեն գնով ձգտելու է, որ Լեռնային Ղարաբաղը, որպես բանակցային կողմ, չներգրավվի բանակցություններում, այս մասին ասել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: Սակայն, ըստ նրա, անտրամաբանական է խոսել խնդրի կարգավորման մասին, եթե բանակցություններում չի մասնակցում հենց հիմնական հակամարտող երկու կողմերից մեկը: «Այն պահից, երբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որպես լիարժեք բանակցային կողմ, նստեց բանակցության սեղանի շուրջ, Բաքվի ամբողջ քարոզչական մեքենայի, այսպես ասենք, ձողը` մեխը, քանդվելու է: Սա է պատճառը, որ նա, բնականաբար, դիմադրելու է: Ամեն դեպքում, մենք էլ պետք է հետեւողական լինենք, որ դա, այդ թվում` միջազգային հանրության շարքերում, պարտադրվի Ադրբեջանին, որովհետեւ անտրամաբանական է խոսել խնդրի կարգավորման մասին, եթե բանակցություններում չի մասնակցում հենց հիմնական հակամարտող երկու կողմերից մեկը, իսկ հիմնական հակամարտողներն Արցախն ու Ադրբեջանն են, Հայաստանը ներքաշված կողմ է»,-ասել է նա:




Լրահոս