Գարդասիլով պատվաստվե՞լ, թե՞ ոչ. քայլ դեպի խավարամտություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Գարդասիլ 4» պատվաստանյութի կիրառման շուրջ ստեղծված աղմուկը չի դադարում: Մասնագիտական կարծիքը բաժանվել է երկու խմբի: Առողջապահության նախարարությունը պնդում է «Գարդասիլ 4»-ի արդյունավետության, օգտակարության մասին, իսկ երկրորդ խումբը` «Բժիշկների ազգային կոալիցիան», հակառակ կարծիքին է: Ու այս պայքարի մեջ հատկանշական է, որ նախարարությունը ավելի էմոցիոնալ է ու վիրավորանքով է արձագանքում` մյուս խմբի կարծիքը համարելով խավարամիտ: Արդյունքում քաղաքացին այդպես էլ չի կողմնորոշվում`պատվաստվի, թե ոչ:

Հայաստանը նույնպես որոշել է պայքարել արգանդի վզիկի քաղցկեղի դեմ, քանի որ այն Հայաստանում տարեկան 120 կնոջ կյանք է խլում: Պատվաստումների ազգային օրացույցում ավելացվել է մարդու արգանդի վզիկի քաղցկեղի դեմ պատվաստումը, այս դեպքում` «Գարդասիլ 4–ը»:

Նշենք, որ մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ «Գարդասիլ» պատվաստանյութով պատվաստումները Հայաստանում պաշտոնապես մեկնարկել են 2017թ.-ի դեկտեմբերի 11-ից: Թիրախային խումբ էին ընտրվել 13 տարեկան աղջիկները, քանի որ պատվաստումը պետք է կատարվի մինչեւ առաջին սեռական հարաբերությունը, սակայն այս տարվանից տարիքային շեմը բարձրացվել է մինչեւ 45 տարեկան:

Ըստ բժիշկ Մարինա Խաչատրյանի` համաձայն ամերիկյան FDA-ի տվյալների` 26-ից բարձր տարիքի մարդկանց համար կարելի է օգտագործել գարդասիլ-9, բայց նման տվյալներ գարդասիլ-4-ի վերաբերյալ չկան, ուստի անհասկանալի է, թե ինչու է նախարարությունը որոշել պատվաստել Հայաստանում մինչեւ 45 տարեկան մարդկանց գարդասիլ-4-ով: Պատվաստանյութի հրահանգում առաջարկվում է այն ներարկել 9-26 տարեկաններին:

Ի դեպ, նախարարի թիվ 194A հրամանը ստորագրվել է ընթացիկ տարվա հունվարի 29-ին, բայց Առողջապահության նախարարության կայքում այն չեն տեղադրել: Ըստ մասնագետների` նախարարը գաղտնի է գործել:

Պատվաստումն իրականացվում է կամավորության սկզբունքով: Հրաժարվելու դեպքում ծնողը պետք է ներկայանա պոլիկլինիկա եւ ձեռագիր հրաժարական գրի` հավաստելով, որ իրազեկված է հնարավոր հետեւանքների մասին:

Ի դեպ, օրեր առաջ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հարցերի հանձնաժողովում տեղի ունեցավ «Գարդասիլ 4» պատվաստանյութի վերաբերյալ քննարկում, որը կազմակերպվել էր «Բժիշկների ազգային կոալիցիայի» հայտի հիման վրա: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանձնաժողովի անդամները տեւական ժամանակ «պայքարել են», որպեսզի Առողջապահության նախարարության ներկայացուցիչները գան խորհրդարան եւ տան հանրությանը հուզող հարցերի պատասխանները: Ի վերջո, դա նրանց հաջողվեց, բայց նիստին ներկա չի գտնվել ինքը` նախարար Արսեն Թորոսյանը:

Բժիշկ Մարինա Խաչատրյանը քննարկման ընթացքում ուշագրավ հայտարարություններ արեց` ասելով, որ նախարարությունը «Գարդասիլ 4» պատվաստանյութի ներդրման համար դրամաշնորհ է ստացել: Առողջապահության նախարարության ներկայացուցիչ Գայանե Սահակյանը ստիպված եղավ խոստովանել, որ, այո, նախարարությունը դրամաշնորհ է ստացել. ծոսքը 203 հազար դոլարի մասին է: Գայանե Սահակյանի խոսքերով` ամբողջ գումարը փոխանցվել է նախարարությանը:

Սակայն Մարինա Խաչատրյանը նկատեց, որ նախարարությունից իրեն գրավոր պատասխանել են, որ այդ նպատակով ստացել են 178 հազար դոլար: «2017 թվականի սեպտեմբերին ՀՀ-ն ստացել է 294 հազար դոլար 15 հազար անձանց պատվաստելու համար «Գարդասիլի քառավալենտ»: Ավելին` ստացողն էլ հենց Գայանե Սահակյանն է եղել, որպեսզի «Գարդասիլ»-ի ներարկման ծրագիրը իրականացվի: 2017 թվականին ՀՀ-ն GAVI հիմնադրամից ստացել է 34 հազար 700 սրվակ, 2018-ին`33 հազար 500 սրվակ «Գարդասիլ 4»:

Այս խմբաքանակի ուղիղ կեսի ժամկետն ավարտվում է 5 ամսից: Փաստացիորեն իրենք ստիպված են դա վերջացնել, ներարկել մինչեւ 2019 թվականի հոկտեմբեր, մյուս կեսի ժամկետն էլ 2020-ի ապրիլն է»,- տեղեկացրեց Մարինա Խաչատրյանը:

Բայց, արի ու տես, Առողջապահության նախարարության ներկայացուցիչները մարտական էին ներկայացել նիստին: Եւ չկարողանալով փաստաթղթերով հակադարձել մասնագետներին (խոսքը «Բժիշկների ազգային կոալիցիայի» անդամների մասին է)` ստիպված են լինում անցնել էմոցիոնալ դաշտ եւ հնչեցնել անձնական վիրավորանքներ: Եւ զարմանալի չէ, քանի որ նույն ինքը` նախարար Արսեն Թորոսյանը եւս այս ոճն է որդեգրել. նա «Ֆեսյբուք»-ի անձնական էջով վիրավորանքներ է հնչեցնում այն մարդկանց հասցեին, որոնք դեմ են արտահայտվում «Գարդասիլ»-ի մասին` լինի պաշտոնյա, թե հասարակ քաղաքացի:

Բայց այստեղ շատ կարեւոր է, որ որոշումը կայացնի հենց քաղաքացին` պատվաստվել, թե ոչ: Բայց չի կարող քաղաքացին կողմնորոշվել, քանի որ նախարարությունը զբաղված է միայն վիրավորելով եւ հակառակ կարծիքից պաշտպանվելով:

Իսկ ի՞նչ է անում նախարարը: Նա դարձյալ իր ֆեյսբուքյան էջում նիստի քննարկումից հետո հայտարարությունն է անում. «Խավարամտությունը պետք է մաքրվի հատկապես պետական կառավարման համակարգից: Հակառակը կործանարար է լինելու մեր երկրի համար…»: Ահա նախարարի վերաբերմունքը ոչ միայն պատգամավորի, բժշկական միջավայրի, այլեւ քաղաքացու հանդեպ: Նկատենք, որ «Գարդասիլ»-ի նկատմամբ նախարարի «սերն» առաջացել է դեռեւս մեկ տարի առաջ, երբ իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Պետք է ուրախ լինեք, որ մեր նման չմո երկրին դա տվել են»:

Հ.Գ. Շատերի մոտ անգամ կարծիք է ձեւավորվել, որ նախարարությունը «Գարդասիլ 4»-ով պատվաստվելու ծրագիրը սկսել է Կարմրուկի գրիպի դեմ պատվաստումների ֆոնին գովազդել, քանի որ մարդիկ արդեն վստահություն ունեն ե՛ւ կարմրուկի, ե՛ւ գրիպի պատվաստանյութի նկատմամբ:

Սյունէ Համբարձումյան

Հոդվածը «Ժողովուրդ» օրաթերթում հրապարակվել է մայիսի 21-ին:




Լրահոս