Խուճապ Երևանի թիվ 24 հիմնական դպրոցում. ծնողներն ահազանգում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի Սուրեն Սպանդարյանի անվան թիվ 24 հիմնական դպրոցում մթնոլորտն օրեցօր թեժանում է: Բանն այն է, որ ծնողները վերջերս տեղեկացել են, որ սեպտեմբերի մեկից Հակոբ Կոջոյանի անվան գեղարվեստի (միջնակարգ) դպրոցի մոտ 500 աշակերտ մոտ երկու տարով տեղափոխվելու է Սպանդարյանի դպրոցում ուսանելու:

Այս որոշման պատճառը Կոջոյանի անվան դպրոցի հիմնանորոգումն է, իսկ Սպանդարյանի անվան դպրոցը նախատեսված է 600 աշակերտի համար: Թե որտեղ են տեղավորվելու ավելի քան հազար աշակերտները, դժվար է ասել:

ArmLur.am-ին են դիմել Սպանդարյան դպրոցի սաների ծնողները: «Երևանի քաղաքապետարանի որոշումով Կոջոյանի անվան դպրոցի երեխաները սեպտեմբերի 1-ից տեղափոխվելու են Սպանդարյանի անվան թիվ 24 միջնակարգ դպրոց։ Դպրոցում ազատ դասասենյակներ չկան։ Երեխաները պետք է դասերի հաճախեն 2 կամ 3 հերթով։ Մենք միայն ուզում ենք պաշտպանել մեր եւ մեր երեխաների իրավունքները:

Ցավալին այն է, որ մեր դպրոցը նախատեսված չէ այդքան մեծ թվով աշակերտների համար»,- ArmLur.am-ի հետ զրույցում մանրամասնել են ծնողները: Վերջիններս առաջարկում են` այդ շրջանում կան դպրոցներ, որտեղ երեխաներ չեն հաճախում, օրինակ` Կոնդ թաղամասի Շոթա Ռոսթավելու անվան N 23 դպրոցը, որը միշտ փակ է, ուստի Կոջոյանի անվան դպրոցի երեխաները հանգիստ կարող են տեղափոխվել այս դպրոց:

Ի դեպ, ըստ ծնողների շրջանում տարածված լուրերի` նրանց երեխաները պետք է սովորեն երրորդ հերթով, ինչը ևս մեկ մտահոգության առիթ է դարձել:

ArmLur.am-ն բարձրացված խնդրի շուրջ զրուցեց դպրոցի տնօրեն Նաիրա Ավետիսյանի հետ, ով ասաց, որ պաշտոնական որոշում 3-րդ հերթի մասով այս պահի դրությամբ չկա:

«Ես չեմ ստացել ոչ մի որոշում: Անհիմն լուրեր են տարածվել: Ես դեռ ոչինչ չգիտեմ: Վստահ եմ` եթե որևէ որոշում էլ կայացնեն Կրթության եւ գիտության նախարարությունը կամ քաղաքապետարանը, լինելու է ի շահ աշակերտի: Ինձ թվում է` մենք կլինենք առաջին հերթ: Չնայած որոշված էլ չէ` իրենք գալո՞ւ են մեր դպրոց, թե՞ ոչ: Չեմ կարող ասել` ինչու է նման խուճապ առաջացել: Ծնողներ են. մեկը մի բան է ասում, փոխանցում է, մյուսը աղավաղված է փոխանցում, տարածում:

Դրա համար ես հավաքել եմ ծնողներին, բոլորին հանգստացրել եմ: Երբ ինձ կտեղեկացնեն, ես ի օգուտ աշակերտի քաղաքապետարանի հետ կհամաձայնեցնեմ, ձեզ կտեղեկացնեմ: Որ ասում են` բունտ է հասունանում, դա թյուր կարծիք է»,- ասաց դպրոցի տնօրենը:

Մեր հարցին, թե երբ հստակ կիմանան ինչ է լինելու սեպտեմբերից, տնօրենը դժվարացավ պատասխանել: «Վստահ եմ` քաղաքապետարանի հետ արդյունավետ քննարկում կունենանք»,- ասաց նա:

Խնդրի հետ կապված դիմեցինք նաեւ Երեւանի քաղաքապետարան` պարզելու` արդյոք Կոջոյանի անվան դպրոցի աշակերտները տեղափոխվելու են Սպանդարյան դպրոց, եւ եթե այո, ապա որ հերթով են սովորելու աշակերտները,  պատասխանեցին. «Երևանի «Հակոբ Կոջոյանի» կրթահամալիրի աշակերտների ժամանակավոր տեղափոխման հարցը դեռևս քննարկման փուլում է: Հարցի լուծման վերաբերյալ ավելի ուշ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»:

Ստացվում է, որ Ս. Սպանդարյանի թիվ 24 հիմնական դպրոցի երեխաների ճակատագիրը շարունակում է մնալ օդից կախված: Հուսանք, վերջնական որոշման արդյունքում չի տուժի աշակերտների դասապատրաստման ընթացքը:

Հ.Գ. Ի դեպ, ծնողները ArmLur.am-ի հետ առանձին զրույցներում պնդում են, որ տնօրենի հետ ժողովը կայացել է հենց իրենց պահանջով, ոչ թե տնօրենի առաջարկով:

Լուսինե Մինասյան




Լրահոս