Քաղաքապետի ընտրությունները մարզպետը դարձրել է անձնական խնդիր. Վահագն Գևորգյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Աբովյան քաղաքի քաղաքապետի թեկնածու, գործող քաղաքապետ Վահագն Գեւորգյանի հետ:

-Պարո՛ն Գեւորգյան, շուտով Աբովյան քաղաքի քաղաքապետի ընտրություններ են: Ինչպե՞ս եք գնահատում Ձեր շանսերը:

-Հիմա ակտիվ քարոզարշավային փուլ է: Իմ ռեյտինգի մասին չեմ ուզում ոչինչ ասել. դա ամսի 9-ին կերեւա: Ամեն դեպքում, իմ շանսերը գնահատում եմ շատ բարձր, ունեմ շատ կայուն թիմ, կատարած աշխատանք, որ շատ ավելի կարեւոր է, եւ այդ կատարած աշխատանքը ներկայացնելը, ինչպես նաեւ հետագա ծրագիրը գնում է առաջ: Շատ հետաքրքիր է հասարակության տրամադրությունը, մյուսների դեպքում հասարակությունը լսում է խոսքը եւ վերջ, իսկ իմ դեպքում անում է առաջարկություններ, դիտողություններ: Տարիների ընթացքում մեծ աշխատանք է կատարվել: Քաղաքում բազում խնդիրներ են եղել, որ լուծվել են:

-Բազմիցս մամուլում հրապարակումներ եղել են այն մասին, որ Ձեր եւ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հարաբերությունները լարված են: Մարզպետն էլ հրապարակայնորեն մեղադրանքներ էր հնչեցնում Ձեր հասցեին: Հետաքրքիր է` հիմա ի՞նչ մթնոլորտ է տիրում:

-Ես ուղղակի չէի ուզենա ասել, որ այդ հարաբերությունները անձնական են: Քաղաքապետի ընտրությունները Ռոմանոսը դարձրել է անձնական խնդիր: Ինքը արձակուրդ է վերցրել` լծվելով քաղաքապետի քարոզարշավին: Դեբատների ժամանակ մի քանի անգամ թեկնածուին խորհուրդ տվեցի, որ միկրոֆոնը Ռոմանոսի ձեռքից վերցնի եւ մեկ-մեկ էլ ինքը ելույթ ունենա, թե չէ աբովյանցու մոտ տպավարություն է ստեղծվում, որ Ռոմանոսն է ՔՊ-ի թեկնածուն:

-Մեզ հետ զրույցում Ռոմանոս Պետրոսյանը նշեց, թե ինչպես կարող է Ձեր ռեյտինգը բարձր լինել, եթե Ձեր նախընտրական թռուցիկի առաջին էջում գրված էր, որ պետք է վերանորոգվեն վթարային շենքերը, եւ մինչեւ հիմա ոչինչ արված չէ այդ մասով: Մարզպետը նաեւ նշեց, որ խոսել է Ձեզ հետ այդ թեմայով, բայց Դուք ավելի կարեւորել եք զբոսայգու հիմնանորոգումը:

-Աբովյան քաղաքում եղել են բազմաթիվ խնդիրներ, որոնք տարիների ընաթացքում լուծվել են: Ուրախ եմ, որ Ռոմանոսը նախորդ բուկլետի բովանդակությանը ծանոթ է, եւ ասեմ, որ շատ բաներ մեր կողմից կյանքի են կոչվել, ու մնացել է վթարային հանրակացարանների խնդիրը: Պարոն Պետրոսյանին խորհուրդ կտայի մարդկանց հույսերի հետ չխաղալ: Անիրատեսական է համայնքի բյուջեով 2 հատ վթարային հանրակացարան վերակառուցելը, որի արժեքը մոտ մեկ միլիարդ է: Հենց էս պահին Աբովյանը 4 սուվենցիոն ծրագիր է իրականացնում կառավարության հետ եւ 20-ից ավելի պրոյեկտներ, որոնք կյանքի են կոչվում: Մարզպետը քաղաքական բարեպաշտության քողի տակ մարդկանց մոտ հույսեր է առաջացնում, որը անիրատեսական է: Եւ ով որ կասի, թե համայնքի բյուջեով հնարավոր է 2 վթարային հանրակացարան կառուցել, ապա ինքը կեղծ պոպուլիստ է եւ սուտ է խոսում:

Զրուցեց Լուսինե Մինասյանը




Լրահոս