Մասշտաբի էֆեկտից օգտվելիս արդյունքները կարող են շատ լավը լինել. ԵԱՏՄ-ի օգուտները. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ-ում «ՀՀ նախագահության տարին ԵԱՏՄ-ում. մարտահրավերներ եւ հնարավորություններ» թեմայով խորհրդարանական լսումներին կառավարությունը բավական երկայացուցչական կազմով մասնակցեց. ԱԺ էր եկել ե՛ւ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ե՛ւ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, ե՛ւ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: Սա, մի կողմից, խոսում է ԱԺ-ի նկատմամբ կառավարության վերաբերմունքի մասին, քանի որ նախկին իշխանությունների օրոք հազվադեպ կարելի էր խորհրդարանական լսումներին նախարարների տեսնել, մյուս կողմից` սա պայմանավորված էր խորհրդարանական լսումների առարկա դարձած թեմայով. ի վերջո, ԵԱՏՄ-ում այսօր նախագահում է Հայաստանը, ու ընդհանրապես, այդ միավորմանն անդամակցելիս հիմա պետք է փորձենք ստանալ առավելագույնը:

Պատահական չէ, որ երեկվա լսումների ժամանակ եւս մշտապես շեշտվում էր ԵԱՏՄ հնարավորություններից օգտվելու մասին:
Օրինակ` փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը խոսեց մասշտաբի էֆեկտի մասին` շեշտելով. «ԵԱՏՄ-ն նախեւառաջ մեզ համար մասշտաբի էֆեկտ է: Թե ոնց ենք մենք այդ մասշտաբի էֆեկտը կառավարելու, օգտվելու կամ չօգտվելու, հարց է, որ պետք է քննարկենք: Բայց եթե օգտվենք, վստահեցնում եմ, որ շատ լավ կլինի»:

ԵԱՏՄ հնարավորությունների, մասնավորապես` 180 միլիոնանոց շուկայի մասին շատ է խոսվել նաեւ նախկինում, սակայն պետք է խոստովանենք, որ այս ընթացքում այդ հնարավորություններից գրեթե չենք օգտվել: Պատճառները տարբեր էին, եւ առաջին հերթին` քաղաքական: Հիմա, իհարկե, Հայաստանում իրավիճակ է փոխվել, ու նախորդ տարի տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները կարող են իրենց հետեւանքներն ունենալ տնտեսական վիճակի վրա, քանի որ մինչեւ հիմա Հայաստանի տնտեսական դաշտի խնդիրները հենց քաղաքական իրավիճակի հետեւանք են եղել:

Այնպես որ, փոխվարչապետը միանգամայն ճիշտ է, երբ ասում է թե ԵԱՏՄ-ում մասշտաբի էֆեկտից օգտվելիս արդյունքները կարող են շատ լավը լինել: Առավել եւս հիմա, երբ ԵԱՏՄ-ն համաձայնագիր ունի Հայաստանի անմիջական հարեւաններից Իրանի հետ /մինչդեռ հիշեցնենք` նույն ԵԱՏՄ անդամ երկրների հետ չունենք անմիջական ցամաքային կապ, եւ շատ խնդիրներ նաեւ հենց դրա հետեւանք են/: Բացի այդ, ԵԱՏՄ-ն բանակցում է Եգիպտոսի ու Չինաստանի հետ հարաբերությունները խորացնելու ուղղությամբ:

Մեկ փաստ էլ. երեկվա լսումների ժամանակ ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցությունը չի խանգարում ՀՀ-ԵՄ համաձայնագրով մեր երկրի ստանձնած պարտավորություններին: Սա եւս կարեւոր է, եթե հաշվի առնենք, թե ՀՀ համար ինչ կարեւորություն ունի նաեւ ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացումը, հատկապես` քաղաքական առումով:




Լրահոս