Հետհեղափոխական շրջանում պետք են կտրուկ ու լուրջ փոփոխություններ. Գևորգ Գորգիսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը առաջարկում է ոստիկանության պետի եւ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնները հանել համապատասխանաբար ոստիկանության պաշտոնների եւ ազգային անվտանգության մարմինների ծառայողների պաշտոնների անվանացանկերից՝ ներառելով դրանք քաղաքական պաշտոնների անվանացանկում:

ԼՀԿ խմբակցությունն արդեն շրջանառության մեջ է դրել «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին եւ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը։

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանի հետ հասկանալու համար, թե ինչու են խմբակցությունում որոշել նման նախագիծ ներկայացնել:

-Մենք առաջարկում ենք նախարարություններ սարքել, որպեսզի կարողանան քաղաքական պատասխանատուները այդ համակարգի` չլինելով համակարգից, քաղաքական մարդիկ նշանակվեն այդ պաշտոններում: Քանի որ մեր առաջարկությունները չընդունվեցին, եղած օրենքները, կարգավորումները լրջագույն սահմանափակումներ է դնում վարչապետի վրա: Ու հիմա այս հետհեղափոխական շրջանում պետք են կտրուկ ու լուրջ փոփոխություններ այս համակարգում, որը փաստորեն անհնար է անել, որովհետեւ դու պետք է անընդհատ այդ համակրգում եղած ու տարիներով այդ համակարգի ավանդույթներն ու սովորույթները կրողին նշանակես ղեկավար: Ինչը զրկում է գլոբալ եւ լուրջ փոփոխություններ կատարելուց: Մենք դրա անհրաժեշտությունը տեսնում ենք, մենք կարծում ենք, որ պետք է լրջագույնս այդ համակարգերը փոխվեն, ինչի համար էլ արել ենք այդ առաջարկը:

-Բայց Դուք այդ հարցը քննարկել եք իշխանության ներկայացուցիչների հետ, արդյո՞ք իրենք նպատակ ունեն փոփոխել այդ օրենքները:

-Ճիշտն ասած ոչ, առաջիկայում կտեսնենք, կլինի կառավարությունում համապատասխան կոմիտեի նիստին, մենք իրենց մոտեցմանն ու առաջարկությունը կտեսնենք: Կարծում եմ, որ նրանց համար պետք է ընդունելի լինի ու նաեւ ցանկալի, հաշվի առնելով նպատակները:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս