Ազգային անվտանգության ծառայության շենքի մոտ քարոզարշավի ընթացքում Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ ԱԱԾ մեկուսարանը՝ հանրային խոսույթում հայտնի «ԿԳԲ-ի պադվալը», չի համապատասխանում միջազգային չափանիշներին և պետք է փակվի։
Նրա խոսքով՝ Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի չափանիշներով այն վաղուց պետք է դադարեցրած լիներ գործունեությունը։ «Այն պետք է փակվեր դեռ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին, ինչպես նաև 2018-ից հետո, սակայն մինչ օրս գործում է, և այնտեղ պահվում են քաղբանտարկյալներ»,– նշել է Մարուքյանը։
Կարպիս Փաշոյանն էլ ընդգծել է, որ ԱԱԾ արդյունավետ աշխատանքի համար անհրաժեշտ են վստահելի գործակալական և տեղեկատվական ցանցեր, մինչդեռ ներկայում որևէ մեկը չի ցանկանա համագործակցել մի կառույցի հետ, որի գաղտնի տվյալները կարող են արտահոսել։
Անդրադառնալով գաղտնալսումների թեմային՝ Մարուքյանը հայտարարել է, որ Հայաստանում խախտվում է քաղաքացիների անձնական կյանքի գաղտնիության իրավունքը։ «Մարդկանց հետապնդում են միայն այն ժամանակ, երբ նրանք վտանգ են ներկայացնում Նիկոլ Փաշինյանի համար»,– ասել է նա։
Ամփոփելով՝ Մարուքյանը վստահություն է հայտնել, որ քաղաքական բանտարկյալները շուտով ազատության մեջ կլինեն։





























