«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ՄԱՍՆԱԿՑԻ ՍՓՅՈՒՌՔՈՒՄ ՀԱՅԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆԸ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը Ֆրանսիայի հայ համայնքի մշակութային խնդիրների, Փարիզում հայ մշակույթի պահպանման եւ ժամանակի մարտահրավերների մասին զրուցել է «Նռանի» մշակույթի կիրակնօրյա դպրոցի հիմնադիր, ֆրանսաբնակ Աննա Մաճկալյանի հետ:

-Աննա՛, «Նռանին» այսօր ի՞նչ հիմնական խնդիր է իր առջեւ դրել, առաջիկայում ի՞նչ հետաքրքիր ծրագրեր կներկայացնեք:
-Ի սկզբանե մեր դպրոցի նպատակը եղել է արեւելահայերենի եւ հայ թատրոնի հաստատումը համայնքում: Առաջինը մինչ օրս չի հաստատվել արեւմտահայերենի պահպանման նպատակով, բայց այդ երեւույթն էլ հանգեցրել է նրան, որ Հայաստանից եկած երեխաները ստիպված հաճախում են ֆրանսիական դպրոցներ, քանի որ չեն հարմարվում արեւմտահայերենի հետ: Անհեթեթ իրավիճակ է տիրում Սփյուռքում մշակույթի ասպարեզում: Ես չեմ տեսել, որ համայնքում մշակութային լուրջ ծրագրեր կյանքի կոչվեն: Մեր նպատակն է լրացնել այդ բացը եւ հայ մշակույթը ներկայացնել աշխարհին: Անդրադառնալով առաջիկա ծրագրերին՝ տեղեկացնեմ, որ մայիսի 3-ին Մոսկվայի «Գավիթ» թատրոնն է հյուրընկալվելու մեզ «Անավարտ դատ» ներկայացմամբ:
-Ֆրանսիահայ համայնքում հայկական մշակույթի պահպանմանն ու տարածմանը որքանո՞վ է նպաստում մեր պետությունը: Ֆինանսական աջակցություն ստանու՞մ եք:
-Աջակցություն մինչ օրս եղել է միայն գրականություն տրամադրելով, այլ հարցերում կոնկրետ մեզ երեւէ օգնություն չի ցուցաբերվել: ՀՀ կրթության եւ գիտության, սփյուռքի նախարարները տարբեր առիթներով ինձ ասել են, որ դրանով պետք է Սփյուռքը զբաղվի: Իսկ Սփյուռքի աջակցությունը բավարար չէ, ասեմ ավելին՝ համայնքի պատասխանատուների մոտեցումը լուրջ չէ: Ստացվում է՝ մեկը մյուսի առջեւ հաշվետու չէ, եւ յուրաքանչյուրն իր գլխի ճարը պետք է տեսնի, այնինչ անհրաժեշտ է իրականացնել համատեղ ծրագրեր: Հայաստանը պետք է մեծ պատասխանատվությամբ մասնակցի Սփյուռքում հայապահպանության գործընթացին եւ ունենա իր ներկայացուցչությունը համայնքներում համագործակցության համար:
-Ֆրանսիայի հայ համայնքը մշտապես եղել է ամենաակտիվներից, ամենահամախմբվածներից: Այնուամենայնիվ, ձուլվելու վտանգը կախված է դամոկլյան սրի նման: Ձեր դպրոցի աշակերտների օրինակով կարո՞ղ եք ասել՝ փարիզաբնակ երեխաներն այդ առումով կոնկրետ ինչ վտանգների առջեւ են կանգնած:
-Շատ բարդ է երեխաներին հայ մեծացնելու հարցը, հատկապես որ չկա մշակութային համապատասխան դաշտ. դա երազանքի պես բան է: Բայց պետք է ասեմ, որ այն երեխաները, որոնք այցելում են մեր դպրոց, սկսել են հետաքրքրվել իրենց արմատներով, հայոց պատմությամբ, հայ գրականությամբ: Ֆրանսաբնակ երեխաները սկսել են ավելի քիչ այցելել հայկական դպրոցներ այն դեպքում, երբ այդ երեխաների թիվը համայնքում մեծացել է: Հիմա կիրակնօրյա դպրոցում փորձում ենք այդ վտանգի առաջն առնել: Մենք ունենք փորձ, երբ երեխան մեր դպրոցից տեղափոխվել է ուսանելու ամենօրյա հայկական դպրոցում:
-Ասացիք, որ մշակութային կյանքը համայնքում ակտիվ չէ: Հետաքրքիր է` ներկայացումներ, համերգներ ինչ հաճախականությամբ են կազմակերպվում:
-Եթե մի ժամանակ համայնքում տիրում էր կերուխումներին ուղեկցող ռաբիսը, հիմա նկատվում է մի փոքր փոփոխություն. կազմակերպվում են մաքուր ազգային, ժողովրդական երգիչների, պարային համույթների համերգներ: Բայց, օրինակ, թատերական ներկայացումների, կերպարվեստի, քանդակագործության ոլորտի ցուցահանդեսների, գրական միջոցառումների դաշտը դատարկ է: «Նռանին» նպատակ է դրել համայնք հրավիրել արվեստագետների, կազմակերպել հանդիպումներ, բայց հրավիրելը մեծ ֆինանսների հետ է կապված: Այդ բեռն ընկնում է անհատի պատասխանատվության վրա, ինչը սխալ է: Հայկական հեռուստաընկերություններն, օրինակ, կարող էին պրոպագանդայի առումով մեզ օգնել ակտիվացնել համայնքը: Ամեն դեպքում, պետք է արձանագրենք, որ մեր ջանքերն իզուր չանցան: 5 տարվա աշխատանքային փորձը հանգեցրեց այն բանին, որ համախոհներ ձեռք բերեցինք աշխարհի տարբեր հայ համայնքներից, որոնք կարող են միանալ մեզ եւ համատեղ ծրագրեր իրականացնել: Սկզբում, երբ հիմնում էի դպրոցը, մենակ էի: Այն ժամանակ թերահավատները շատ էին: Բայց, լինելով մայր եւ մասնագետ, որի դուստրը եւս ֆրանսիահայ համայնքի անդամ է, կրեցի այդ պատասխանատվությունը, եւ արդեն թունելի վերջում լույս եմ տեսնում:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

Ո՞ՒՐ Է ԿՈՐԵԼ ԵՐԳՉՈՒՀԻ ԼՈՒՍԻՆ

Տեւական ժամանակ է՝ երգչուհի Լուսինե Աղաբեկյանը՝ Լուսին, էկրաններին չի երեւում, նոր երգ, տեսահոլովակ չի ներկայացնում երկրպագուներին: Հայտնի է, որ սեպտեմբերին լույս աշխարհ է եկել Լուսիի եւ ռեժիսոր, երգչուհու պրոդյուսեր Արամայիս Հայրապետյանի որդին՝ Նոյը, եւ Լուսին զբաղված է երեխայի խնամքով: Այդ է պատճառը, որ նա երկրորդ պլան է մղել կարիերան:

«Ժողովուրդ» օրաթերթը Արամայիսից հետաքրքրվեց՝ որքան կտեւի ստեղծագործական դադարը, արդյոք երկրպագուներն այս տարի Լուսիից սպասեն նոր երգ ու տեսահոլովակ. «Սա, բնականաբար, ժամանակավոր դադար է: Այս պահին չկան հստակ ծրագրեր, վերադառնալու համար կոնկրետ ժամկետներ: Հեռուստահաղորդումներից բազմաթիվ հրավերներ մերժում ենք, քանի որ դեռեւս չկա գործնականի մասով ասելիք: Բայց կարող եմ վստահեցնել, որ այս տարի, այո, Լուսին կվերադառնա ոլորտ: Անպայման կլինեն նոր երգեր, տեսահոլովակներ: Նա կաշխատի նախկին տեմպով: Լուսին կլինի այն երգչուհիներից, որոնք հաջող կերպով համատեղում են գործնականն ու անձնականը: Իհարկե, սկզբնական շրջանում մի փոքր դժվար կլինի, ստիպված կլինենք որոշակի գրաֆիկի համաձայն շարժվել, բայց պետք է կարողանալ հաղթահարել այդ ամենը»,- պատասխանեց մեր զրուցակիցը:
Մենք նաեւ հարցրինք՝ ինչպես է կարողանում համատեղել արդեն երեք՝ պրոդյուսերի, ամուսնու եւ հայրիկի պարտավորությունները, Արամայիսը պատասխանեց. «Արդեն ավելի քան 7 տարի է՝ Լուսիի պրոդյուսերն եմ, բայց մեր պարագայում այդ «պրոդյուսեր» հասկացությունը մի փոքր հարաբերական է: Երբ նաեւ երգչուհու ամուսինն ես, հետաքրքիր «ֆորմատով» ես ներկայանում: Այս դեպքում կարեւորն այն է, որ գործ է արվում, եւ առկա է փոխադարձ ըմբռնում բոլոր առումներով»,- եզրափակեց Արամայիսը:
Հավելենք, որ Նոյը զույգի առաջին համատեղ զավակն է: Լուսին Արամայիսի երկրորդ կինն է: Առաջին ամուսնությունից ռեժիսորը դուստր ունի:

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

ԿԿԱՅԱՆԱ
Այսօր ՀՀ կառավարության նիստերի դահլիճում կկայանա «Հայաստան», «Դինամո» եւ «Սեւան» մարզական հասարակական կազմակերպությունների համատեղ անդրանիկ համաժողովը: ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Բազմասեր Առաքելյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տեղեկացրեց, որ միջոցառմանը ներկա են լինելու մի շարք հայ մարզիկներ եւ պաշտոնյաներ: Հնարավոր է նաեւ, որ այդ միջոցառմանը ներկա լինեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

 

 

ՄԱՀԱՑԵԼ Է
Թուրքական «Ալանյասպորի» ավտոբուսը «Կայերիսպորի» դեմ խաղից հետո վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել, որի պատճառով թիմի անձնակազմից 7-ը ստացել են վնասվածքներ, իսկ մեկը` Յուսեֆ Շուրալը, մահացել է հիվանդանոցում: Ակումբն արդեն ցավակցել է ֆուտբոլիստի հարազատներին: Հավելենք, որ Շուրալը այս մրցաշրջանում դարձել է 1 գոլի հեղինակ:

Է. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս