ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է ԱԺ-ի բակում

«ԱՀԱԶԱՆԳ» նախաձեռնության անդամները երեկ հավեր էին տարել Ազգային ժողովի բակ: Նախաձեռնության այս քայլը խորհրդանշական բնույթ էր կրում. այդպիսով իրենց բողոքն էին արտահայտում եկամտային հարկի համահարթեցման դեմ: Նախաձեռնությունը «Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների պատգամավորներին կոչ է անում դեմ չգնալ հասարակության մեծամասնության շահերին եւ կողմ չարտահայտվել «նեղ խմբի շահերը սպասարկող» օրինագծին:

 

 

 

 

ՀԱՐՑ. Սոցիալական ընտանեկան անձնագրում` 1-ին էջում, գրվում է «միայնակ կենսաթոշակառու 75 տարի անց»: Խնդրում եմ պատասխանել, թե ինչ է նշանակում «միայնակ կենսաթոշակառու»-ն:

Աննա Ասոյան (61 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 36.3 հոդվածի 1-ին մասի համաձայն` ընտանիքի անապահովության աստիճանը գնահատվում է ընտանիքի անապահովության բնութագրիչների` ընտանիքի յուրաքանչյուր անդամի եկամտի, ընտանիքի կազմի, ընտանիքի յուրաքանչյուր անդամի սոցիալական վիճակի եւ այլ պայմանների հիման վրա:
Ընտանիքի յուրաքանչյուր անդամի սոցիալական խումբը, դրա ծածկագիրը, թվային արժեքը սահմանված են կառավարության 30.01.2014թ. N145-Ն որոշմամբ:
Սահմանված է, որ միայնակ չաշխատող կենսաթոշակառու (ծածկագիրը` Կ 87) է համարվում այն չաշխատող կենսաթոշակառուն կամ ծերության կամ հաշմանդամության նպաստ ստացող անձը, որը չունի չափահաս, կենսաթոշակի կամ հաշմանդամության նպաստի իրավունք չունեցող զավակներ կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով այլ խնամողներ, եւ դրա մասին տվյալ անձը (անձինք) տալիս է (են) դիմում-հայտարարություն.
«Կ 87» ծածկագիրը չի ամրագրվում, եթե`
ա. տվյալ անձն ունի 18 տարեկանը լրացած եւ ավելի բարձր տարիքի, կենսաթոշակի կամ ծերության կամ հաշմանդամության նպաստի իրավունք չունեցող առնվազն մեկ զավակ կամ ծնող` անկախ նրա բնակության վայրից,
բ. տվյալ անձի հետ սոցիալական անձնագրում հաշվառված է 18 տարին լրացած եւ ավելի բարձր տարիքի, կենսաթոշակի կամ ծերության կամ հաշմանդամության նպաստի իրավունք չունեցող անձ` բացառությամբ այն դեպքի, եթե այդ անձի համար սոցիալական անձնագրում ամրագրված եւ տեղեկատվական բազայում մուտքագրված է «հարգելի բացակա» տվյալը:
Եթե միայնակ, չաշխատող, կենսաթոշակառու ունեցող ընտանիքի անապահովության միավորն անապահովության 0 միավորից բարձր է եւ ցածր` ՀՀ կառավարության կողմից տվյալ տարվա համար սահմանված ընտանիքի անապահովության սահմանային միավորից կամ հավասար դրան, ապա այդ ընտանիքի անապահովության միավորը հավասարվում է սահմանային միավորից մեկ հարյուրերորդական բարձր միավորի:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Ա. Մինասյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ միայնակ կենսաթոշակառու ունեցող ընտանիքի անապահովությունը գնահատելիս եկամտի ազդեցությունը մեղմացվում է:

 

 

 

ՀԱՐՑ. Եթե դրամարկղային գրքում սխալ մուտքագրում է կատարվում, ապա հնարավո՞ր է ճշտում կատարել, թե՞ ոչ:

Միքայել Գեւորգյան (39 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Մ. Գեւորգյանի հարցին ի պատասխան` հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի N 1408-Ն որոշման 17-րդ կետով` արգելվում է դրամարկղային գրքում ջնջումներ եւ առանց ծանոթագրության ուղղումներ կատարելը:
Ուղղումների մասին ծանոթագրության կատարման համար անհրաժեշտ է սխալ կատարված գրանցման վրա գիծ քաշել այնպես, որ հնարավոր լինի կարդալ նախկին գրառումը եւ կատարել նոր գրառում: Կատարված ուղղումները վավերացվում են գանձապահի եւ գլխավոր հաշվապահի ստորագրությամբ` նշելով ուղղումը կատարելու ամսաթիվը: Անհատ ձեռնարկատիրոջ կողմից վարվող դրամարկղային գրքում կատարված ուղղումները վավերացվում են անհատ ձեռնարկատիրոջ եւ գանձապահի կողմից:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ կազմակերպությունն իր կողմից օգտագործվող յուրաքանչյուր արժույթի համար վարում է առանձին դրամարկղային գիրք, որի թերթերը պետք է լինեն համարակալված, թելակարված: Դրամարկղային գիրքը կնքվում եւ համարակալվում է հարկային մարմնի կողմից:




Լրահոս