«Զվարթնոց»-ում վայրէջք է կատարել Հուրգադայից ՀՀ քաղաքացիներին Հայաստան տեղափոխող ինքնաթիռը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կատարեց Հուրգադայից ՀՀ քաղաքացիներին Հայաստան տեղափոխող ինքնաթիռը: Հայաստան է վերադարձել 132 մարդ;

Հուլիսի 25-ին Հուրգադա-Երևան թիվ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով Հուրգադայում է գտնվում 119 ՀՀ քաղաքացի։ ՀՀ դեսպանության տեղեկություններով՝ չվերթը չեղարկվել է A&R հայկական տուր օպերատորի կողմից հունական Orange to Fly ավիաընկերության նկատմամբ ունեցած ֆինանսական պարտականությունները չկատարելու պատճառով։ Հարկ է նշել, որ արդեն իսկ չեղարկվել է նաև հուլիսի 29-ին նախատեսված նույն ընկերության Հուրգադա-Երևան չվերթը, ինչը ենթադրում է, որ նույն խնդրի առաջ են կանգնելու ևս 100-ից ավելի (ճշգրիտ թիվը ներկայումս հստակեցվում է) ՀՀ քաղաքացիներ:

Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը Հուրգադայում հանգստանալու նպատակով գտնվող ՀՀ քաղաքացիներին ավելի վաղ հորդորել է ընդհատել հանգիստը և հայրենիք վերադառնալ հուլիսի 29-ի չվերթով:

«Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ հուլիսի 29-ին նախատեսված Հուրգադա-Երևան Orange2fly թիվ OTF 3701 չվերթը կիրականացվի Եգիպտոսի ժամանակով 03:00-ին։ Միաժամանակ, հորդորում ենք այն ուղևորներին, ում թռիչքը նախատեսված է օգոստոսի 1-ին և 5-ին, ընդհատել հանգիստը և մեկնել Հայաստան վերոհիշյալ չվերթով։ Այդ քաղաքացիներին խնդրում ենք տրամադրել ՀՀ դեսպանություն իրենց անձնական տվյալները (անուն և ազգանուն (լատինատառ), անձնագրի համար)` համապատասխան ցուցակի մեջ ընդգրկվելու նպատակով»,- նշվել է հաղորդագրությունում:

ՀՀ կառավարությունը քննարկում է Արտաքին գործերի նախարարությանը պահուստային ֆոնդից Եգիպտոսում մնացած Հայաստանի 119 քաղաքացիներին Հայաստան վերադարձնելու համար 47 մլն 198 հազար դրամ հատկացնելու հարցը:

Համապատասխան որոշման նախագիծը հրապարակված է ՀՀ կառավարության պաշտոնական կայքում, որի վերաբերյալ կազմակերպվել է գրավոր քվեարկություն:

Վերջնական որոշումը կընդունվի քվեարկության ավարտից հետո:

 




Լրահոս