Վախի վիճակը մարդկանց մոտ տևեց մեկ շաբաթ. տուրիստական ընկերությունը՝ Հուրգադայի ողբերգական դեպքերի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին Հուրգադայում զբոսաշրջիկ էր մահացել շնաձկան հարձակման հետևանքով: Միջադեպը տեղի էր ունեցել Dream Beach հյուրանոցի լողափից 30 մետր հեռավորության վրա՝ մյուս հանգստացողների աչքի առաջ։

ArmLur.am-ը կապ հաստատեց «Շելբի» տուրիստական ընկերությունների հետ, պարզելու, թե արդյոք այս ամենի ֆոնին մարդիկ դեռ ցանկանում են գնալ Հուրգադա թե ոչ և արդյոք եղել են տոմսերի վերադարձներ:

«Քանի որ այսպիսի դեպքերը առաջին անգամ չեն տեղի ունենում, անցած տարի ևս ունեցել ենք նմանատիպ դեպք, երեկ մտավախություն մեզ մոտ էլ կար, որ վաճառքի նվազում կլինի, բայց ի ուրախություն բոլորիս, ոչինչ չեղավ:

Բացարձակ չունենք վաճառքի կանգ: Իհարկե հարցադրումներ կան այդ կապակցությամբ, բայց այս անգամ մի փոքր ավելի մեղմ են տրամադրված անցյալ տարիների համեմատ: Անցյալ անգամ օրինակ այդ վախի վիճակը մարդկանց մոտ տևեց մոտ մեկ շաբաթ, բայց այս անգամ այդպես չէր, երևի թե մոտ երկու օրից ընդհանուր լարվածությունը կանցնի:

Ինչ վերաբերվում է լողափերի փակվելուն, ասեմ, որ նման բան չկա, դեպքից հետո փակվել են հարակից ափերը, բայց այսօր մենք ստացել ենք տեղեկություն, որ մնացածը բաց են, և հնարավորինս շուտ այդ ափերն էլ են բացվելու»: Ընկերությունից նշեցին, որ այս պահին էլ ունեն շատ խմբեր, որոնք հանգստանում են Հուրգադայում և որևէ խնդիր կամ դժգոհություններ չունեն:

«Այս պահին ունեք շատ խմբեր, ովքեր հենց այնտեղ հանգստանում են, ու որևէ խնդիր, դժգոհություններ չունեն: Կարևոր է, որ այդ շնաձկանը երեկ վնասազերծել են, ինչը չի հաջողվել մնացած դեպքերում:

Առհասարակ, նման դժբախտ պատահարներ ծովափնյա երկրներում շատ են լինում, ոչ միայն Եգիպտոսում, ուղղակի քանի որ Եգիպտոսը շատ պահանջված ուղղություն է Հայաստանում, նմանատիպ լուրերը հաճախ են տարածվում: Այսպիսի դեպքերը միշտ եղել են, կան ու էլի են լինելու, աշխարհի բոլոր ծովափնյա երկրներում», -եզրափակեցին տուրիստական ընկերությունից:

Մաշա Մելքոնյան




Լրահոս