ԵՎՐՈ-2019. Եզրափակչից առաջ իրենց սպասելիքների մասին են խոսել Պորտուգալիայի եւ Իսպանիայի ավագներն ու մարզիչները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 27-ին Երեւանում ավարտին կմոտենա Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Եզրափակիչում միմյանց ուժերը կչափեն Պորտուգալիան եւ Իսպանիան: Կարեւոր խաղից առաջ իրենց սպասելիքներով եւ տպավորություններով են կիսվել երկու հավաքականի մարզիչներն ու ավագները:

Սանտի Դենիա (Իսպանիայի հավաքակնի մարզիչ).

«Ցանկանում եմ շնորհավորել Պորտուգալիայի ֆեդերացիային կատարած ֆանտաստիկ աշխատանքի համար: Նրանք երրորդ անգամ անընդմեջ եզրափակչում են եւ մրցաշարի գործող չեմպիոններն են: Կարծում եմ հետաքրքիր խաղ է ստացվելու, եւ շատ բան կախված է լինելու մանրուքներից: Մենք մասնակցել ենք լրացուցիչ ժամանակի եւ ֆիզիկապես վերականգնվելու համար աշխատել ենք ֆիզպատրաստության մարզչի հետ: Նաեւ աշխատել ենք տակտիկական եւ մարտավարական փոքր գործոնների վրա, որովհետեւ մեր նպատակը միայն հաղթելն է այս մրցաշարում:

Թիմը լավ աշխատանք է կատարում հարձակման գծից գոհ եմ: Մենք հավատում ենք մեր ֆուտբոլիստներին եւ այդ հավատը փոխանցում նրանց: Մենք անհատական հսկողություն չենք սահմանելու ոչ մի ֆուտբոլիստի նկատմամբ: Եթե հարկավոր լինի փակել մեկին, ապա դա կանենք ամբողջ թիմով: Մարզումների ժամանակ մեզ հաճախ այցելում էր Խինես Մելենդեսը, ում հետ զրուցում էինք բավականին շատ: Նա նաեւ նշեց, որ բացի Հայաստանի հավաքականից երկրպագելու է նաեւ մեզ:

Ցանկանում եմ շնորհավորել ՈՒԵՖԱ-ին եւ ՀՖՖ-ին այսպիսի բարձր մակարդակով մրցաշար կազմակերպելու համար: Լավ տպավորություններ ունեմ նաեւ Երեւանից: Շատ ջերմ քաղաք է, իսկ մարդիկ տարված են ֆուտբոլով»:

Աբել Ռուիզ (Իսպանիայի հավաքականի ավագ).

«Շատ հետաքրքիր եւ գեղեցիկ խաղ է ստացվելու, ինչպես խմբային փուլում: Պորտուգալիան շատ ուժեղ մրցակից է, եւ ամեն ինչ կանենք հաղթանակի հասնելու համար»:

Ֆելիպե Ռամոս ( Պորտուգալիայի հավաքականի մարզիչ).

«Մեզ շատ բարդ հանդիպում է սպասվում: Իսպանիան ուժեղ մրցակից է: Պետք է ամեն ինչ անենք չեմպիոն հռչակվելու համար, ինչպես անցած տարի, երբ հաղթեցինք Իտալիային: Ես գոհ եմ մեր թիմի պաշտպանությունից, որովհետեւ ընդամենը մեկ գոլ ենք բաց թողել ողջ մրցաշարի ընթացքում: Վաղն իսկական տղամարդկանց խաղ է լինելու: Մեզ այստեղ շատ լավ են ընդունել մարդիկ էլ ընկերասեր են: Կկարոտենք Հայաստանը»:

Վիտոր Ֆերեիրա. (Պորտուգալիայի հավաքականի ավագ)

«Հաղթական սպասելիքներ ունեմ այս խաղից: Ուրիշ ոչնչի մասին չենք մտածում բացի հաղթանակից: Պարզ է, որ երկու թիմերն էլ խաղադաշտում տալու են ամեն ինչ հաղթելու համար: Մեր հաղթաթուղթը հավաքականում տիրող մթնոլորտն է: Սա մեր երկրորդ ընտանիքն է, որն էլ ամենագլխավորն է: Մենք ավելի արագ ֆուտբոլ ենք ցուցադրում, քան իսպանացիները, սակայն մենք հավասարազոր թիմեր ենք: Նրանք շատ լավ են վերահսկում գնդակը եւ գտնում տարածություններ: Ամեն ինչ կանենք խաղը 90 րոպեում ավարտելու համար, բայց 11մ հարվածաշարի էլ ենք պատրաստվել մարզումների ժամանակ»:

Այն հարցին, թե որ առաջնությունում է երազում խաղալ ֆուտբոլիստը նա պատասխանեց, որ այս պահին երջանիկ է, որ խաղում է «Պորտու»-ում, սակայն կցանկանար նաեւ օրերից մի օր հանդես գալ Անգլիայում կամ Իսպանիայում:

Հավելենք, որ խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:30-ին եւ կկայանա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս