ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ՉԵՆ ՀԱՎԱՏՈՒՄ` ԳՑԵԼՈՎ ԱՆՀԱՐՄԱՐ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քաղաքացիները, որոնք հասնում են կենսաթոշակային տարիքի, հաճախ հայտնվում են լուրջ խնդրի առաջ: Պարզվում է` աշխատանքային ստաժը հաշվարկելու ժամանակ եթե բացակայում են արխիվային փաստաթղթերը, ապա քաղաքացին զրկվում է դրա դիմաց որոշակի գումարից: Սակայն այս խնդրին այդպես էլ լուծում չի տրվում, ինչի հետեւանքով տուժում է միայն թոշակառուն:

Նշենք, որ տարիքային կենսաթոշակ ստանալու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի հետ պահանջվում է ներկայացնել ստաժը հաստատող փաստաթուղթ` աշխատանքային գրքույկ, ստաժը հաստատող այլ փաստաթղթեր կամ արխիվային տեղեկանքներ: Բայց, արի ու տես, հենց արխիվային տեղեկանքների բացակայության պատճառով թոշակառուները լուրջ խնդիրներ են ունենում:
Բանն այն է` քաղաքացու համար արխիվային տեղեկանքները դարձել են անհասանելի. քաղաքացիների մեծ մասը չի կարողանում արխիվից ձեռք բերել իր աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանքներ: Դրանք շատ դեպքերում չկան, գոյություն չունեն, կամ քաղաքացին ժամանակին աշխատել է, եղել է գրանցված աշխատող մի ընկերությունում, որը լուծարվել է, բայց, միեւնույնն է, այս դեպքում եւս արխիվում բացակայում է նրա աշխատանքային ստաժի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկությունը: Նկատենք, որ այս խնդիրը խիստ տարածված բնույթ է կրում:
Այս խնդրի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը տեւական ժամանակ է, ինչ դժգոհություններ է ստանում ՀՀ քաղաքացիներից: Նրանցից, օրինակ, Հայկուհի Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ ինքը 1971-1978 թվականներին աշխատել է «Ջրմուղ»-ում, սակայն երբ լրացել է նրա` կենսաթոշակի անցնելու տարիքը, պարզել է, որ «Ջրմուղում» աշխատելու վերաբերյալ տեղեկությունը արխիվում բացակայել է: Ստացվում է, որ այդ տարիների աշխատած ժամանակահատվածը չի հաշվարկվել քաղաքացու ստաժում, քանի որ անհասկանալի պատճառներով արխիվում բացակայում են դա հաստատող փաստաթղթերը: Մեր զրուցակիցը տեղեկացրեց նաեւ, որ ինքը մի քանի անգամ նախկինում դիմել է «Ջրմուղ» եւ ներկայացրել իր խնդիրը, բայց շատերի նման ինքն էլ մնացել է անպատասխան:
Պարզվում է, որ այս խնդրի միակ լուծումը դատարան դիմելն է: Բայց համաձայնեք, որ կենսաթոշակային տարիքի հասած շատ քաղաքացիներ չեն խորանում եւ չեն դիմում դատական համակարգ: Չէ՞ որ այս ամենի հետեւանքով նրանք կընկնեն դատական քաշքշուկների մեջ եւ պետք է տարիներով սպասեն իրենց բարձրացրած հարցի լուծմանը: Ավելին` դեռ հայտնի էլ չէ` կլուծվի նրանց հարցը, թե ոչ: Եթե անգամ արխիվում էլ չկան այդ փաստաթղթերը, ապա նրանք բախվելու են կարեւոր հարցին` ինչպես ապացուցել, որ աշխատել են այդ ընկերությունում:
Խնդրի լուծման այլ տարբերակ չկա, համենայնդեպս, այն Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը չունի: Փոխնախարար Սմբատ Սաիյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով այս խնդրին, հայտարարեց. «Օրենքով սահմանված է Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, եւ այդ փաստաթղթերի առկայության դեպքում է, որ դիտարկվում է նրա կենսաթոշակի իրավունքը: Եթե չկա փաստաթուղթ, ուրեմն նա չի աշխատել: «Փաստաթուղթ չկա. Դուք իմ տեղը լինեք, ինչպե՞ս կորոշեք` աշխատել է, թե ոչ: Լուծում ասե՛ք: Ասում է` աշխատել եմ, բայց թղթերը չկան, ո՞նց հավատանք»:
Մեր այն հարցին` արդյոք խնդիրը կապված է արխիվի հետ, փոխնախարարն արձագանքեց. «Հնարավոր է, ամեն ինչ հնարավոր է: Դրա համար գոյություն ունի դատական համակարգ: Կենսաթոշակը վարչարարություն է, եւ մարդուն իրավունք է տրվում, եւ այդ վարչարարությունը պետք է իրականացվի միմիայն փաստաթղթերի հիման վրա»:
Նախարարությունը չի հավատում քաղաքացու խոսքին, իսկ վերջինս չի կարողանում ապացուցել, որ ժամանակին աշխատել է` հույս ունենալով, որ հետագայում կվայելի կատարած աշխատանքի պտուղները:

ՆԱՏԱԼՅԱ ՊՈՂՈՍՅԱՆ
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս