ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ֆելիքս Ցոլակյանը տեսակցել է տուժած փրկարարներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն այցելեց Լոռու մարզ՝ տեղում ծանոթանալու Թումանյան կայարանում բեռնատար գնացքի շուրջ ստեղծված իրավիճակին: Դեպքի վայրում նախարարին դիմավորեց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն: Նա Ֆելիքս Ցոլակյանին շնորհակալություն հայտնեց հրշեջ- փրկարարների անձնվեր աշխատանքի շնորհիվ հնարավոր պայթյունից խուսափելու համար և հավաստիացրեց, որ առավելագույն կարճ ժամանակահատվածում կվերացվեն վթարի հետևանքները:
ԱԻ նախարարը հանձնարարեց աշխատակիցներին շարունակել հնարավոր բոլոր միջոցներով օժանդակել վթարավերականգնողական աշխատանքներին:

Տեղեկացրել ենք, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 10-րդ կիլոմետրին հրդեհաշիջմանն օգնության շտապող մեքենան գլորվել է ձորը և վնասվածքներ են ստացել ԱԻ երկու աշխատակիցներ: Նախարարն այցելեց բուժմիավորում՝ հիվանդներին տեսակցելու: Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի ուղեկցությամբ Ֆելիքս Ցոլակյանը հանդիպեց մարտական հաշվարկի վարորդ Ահարոն Սահակյանին, ով մանրամասն ներկայացրեց կատարվածը:

Նախարարը սերտապնդեց Ահարոնին, ասաց, որ նա Աստծո նախախնամությամբ է փրկվել, ուրեմն նրա կյանքում այսուհետ ամեն ինչ լավ է լինելու:

Տուժած հրշեջ-փրկարար Սիմոն Այվազյանին այդ պահին վիրահատում էին, նախարարը հանդիպեց Սիմոնի հարազատներին և հուսադրեց, որ զինվեն լավատեսությամբ և հրշեջ-փրկարարին արժանի հաստատակամությամբ:
Նա տեղեկացրեց, որ խոսել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ և ստացել է հավաստիացում, որ հիվանդի վիճակը բավարար է, իսկ անհրաժեշտության դեպքում Սիմոնին ուղղաթիռով կտեղափոխեն Երևան՝ հետագա մասնագիտական բուժման:




Լրահոս