Նիկոլ Փաշինյանի կառավարության նպատակը ոչ թե բանկերին հարստացնելն է, այլ քաղաքացիների համար պայմաններ ապահովելը. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է ամառային հանգստի օրերին պոզիտիվ տրամադրություններ տարածել: Մասնավորապես` երեկ նա հայտարարեց. «Հեղափոխությունից առաջ խոստացել էի, որ մեկ-երկու տարում բյուջեի եկամուտները կավելանան 25-30 տոկոսով: Եւ, ահա, 2019 առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, պետական բյուջեի եկամուտներն ավելացել են 25.1%-ով կամ 152 մլրդ դրամով»: Այս աճը հնարավորություն կտա բազմաթիվ խոշոր ծրագրեր իրականացնել երկրում:

Եւ եթե շարունակենք պոզիտիվի թեման, պետք է արձանագրենք ՀՀ ֆինանսների նախարարության նախօրեին հեղինակած օրենսդրական փոփոխությունը, որով հնարավորություն է տալիս հիփոթեքային վարկ ունեցողներին վարկային արձակուրդ ձեւակերպել: Ինչի՞ մասին է խոսքը:

Եթե, օրինակ, որեւէ մեկի կյանքում եղել է ֆորսմաժոր կամ փոխել, կորցրել է աշխատանքը, երեխա է ունեցել եւ էլի շատ պատճառներ, կարող է դիմել իրեն վարկ տված բանկին եւ 1 տարվա ընթացքում 1 անգամ մինչեւ 6 ամիս ժամանակով հետաձգել վարկի մարման գործընթացը: Այսինքն` վերցնել վարկային արձակուրդ, մինչեւ ֆինանսական կայունություն լինի, եւ հնարավորություն լինի շարունակել կանոնավոր վճարումները:

Սա, կարծում ենք, մեծ հնարավորություն է տալիս մարդկանց չվախենալու հիփոթեքային պայմանագրով տուն գնելու հեռանկարից: Մարդիկ այսօր մեծամասամբ հենց վարկը մարելու դժվարությունների տխուր հեռանկարով պայմանավորված են խուսափում հիփոթեքային պայմանագրեր կնքել ու բնակարան գնել` գերասադելով բնակվել վարձով բնակարաններում: Այս օրինագիծը, երբ արդեն կառավարության, խորհրդարանի, ինչպես նաեւ ՀՀ նախագահի կողմից վավերացվի, կարելի է ասել, որ հիփոթեքային շուկայում հեղափոխության կբերի:

Այս քայլը նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարության նպատակը ոչ թե բանկերին հարստացնելն է, ինչպես, օրինակ, ՀՀ նախկին վարչապետ, նախկին բանկիր, այսօր ԵԱՏՄ վարչապետ Տիգրան Սարգսյանի դեպքում էր, այլ ՀՀ քաղաքացիներին մեր երկրում բնակվելու տարրական պայմանների ապահովմանը նպաստելը: Ու ինչքան շատ քաղաքացիները բանկերի հետ փոխհարաբերությունները հեշտ ու անխնդիր կառուցեն, այնքան ավելի լավ կլինի: Ու, կարծես թե, այդ ճանապարհը ընտրված է, եւ կյանքը ցույց տվեց, որ բանկերն էլ առանձնապես չեն դիմադրում:




Լրահոս